Ծրագիր

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ՆՈՐԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԵՎ
ՆՈՐ ՈՐԱԿԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

Մեղմ բռնակալությունից անցումային ժողովրդավարության միջոցով
կայուն ժողովրդավարության անցման ծրագիր

Նպատակը՝
Հայաստանում նորգաղութային կառավարման գործիքի վերածված վարչախմբի անցնցում հեռացում և Նոր որակի պետության[1] ստեղծում՝ առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով

Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
(Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման և լեգիտիմացման նախապատրաստում)
1. Արդեն գործող Նախախորհրդարանի կողմից.
1.1. Շարժման բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների կայացում:
1.2. Իր քարտուղարության միջոցով Հայաստանի (Արցախը ներառյալ) ամբողջ տարածքում Շարժման տեղական համակարգող մարմինների ցանցային համակարգի ձևավորում և կառավարում:
1.3. Առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող հետևյալ մարմինների կառուցվածքի, ինչպես նաև դրանց անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշների և ընտրության կարգի մշակում ու հաստատում.
դատական (Սահմանադրական արդարության ատյան),
Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով (Ընտրական հանձնաժողով),
օրենսդիր (Հիմնադիր խորհրդարան),
գործադիր (Անցումային կառավարություն):
1.4. Անցումային ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներով Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում:
1.5. Անցումային ժողովրդավարության սկզբունքներով Ընտրական հանձնաժողովի ձևավորում:
1.6. Հետևյալ փաստաթղթերի նախագծերին հավանություն տալու և Հիմնադիր խորհրդարանին ներկայացնելու մասին որոշման կայացում.
Նոր որակի պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգ[2],
Նոր որակի պետության ձևավորման Հռչակագիր[3],
Նոր որակի պետության ձևավորման նպատակով Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացու միջև կնքվելիք պայմանագիր[4]:
1.7. Իր շուրջը Շարժման աջակիցների «ինտելեկտուալ ճակատի» ձևավորում` դրա մեջ ներառելով Շարժման ռազմավարական և մարտավարական մոտեցումների, Հայաստանում նոր որակի պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի, Հռչակագրի, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի ու քաղաքացու միջև կնքվող պայմանագրի նախագծերի քննարկումներին ակտիվորեն մասնակցած փորձագետներին և մասնագետներին:

Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում և գործունեություն
2. Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում:
3. Սահմանադրական արդարության ատյանի գործառույթները[5].
3.1. Վարույթ ընդունելով ՀՀ-ում նորգաղութային կառավարման միջոցով ժողովրդի իշխանության յուրացման և նրա ինքնիշխանության դրսևորման խափանման հարցը.
իրավաքաղաքական գնահատականներ տալու միջոցով հիմնավորում է առկա պետական կառավարման համակարգի նորգաղութային բնույթը, նրա պահպանման աննպատակա­հարմարությունն ու Նոր որակի պետության ստեղծման անհրաժեշտությունը և
առաջադրում է Նոր որակի պետության ստեղծման համար անցումային և անմիջական ժողովրդավարության սկզբունքների կիրառմամբ՝ զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ ստեղծելու, այդ մարմինների լեգիտիմացումն ապահովելու և առկա պետական կառավարման մարմինները դրանցով անցնցում կերպով փոխարինելու նպատակ:
3.2. Քննում և լուծում է զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու գործունեության հետ կապված վիճելի հարցեր:
3.3. Քննում է հանրային հնչեղություն ունեցող այլ հարցեր և դրանց վերաբերյալ կայացնում է իրավաքաղաքական գնահատականներ պարունակող որոշումներ:
Ընտրական հանձնաժողովի ձևավորում և գործունեություն
4. Ընտրական հանձնաժողովի ձևավորում:
5. Ընտրական հանձնաժողովի գործառույթները.
5.1. Տեղական Համակարգող մարմինների վերածում տեղական ընտրական շտաբների և նրանց գործունեության համակարգում:
5.2. Նախախորհրդարանի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ընտրական ցուցակների կազմում[6]:
5.3. Նախախորհրդարանի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատում և գրանցում[7]:
5.4. Նախախորհրդարանի հաստատած կարգին համապատասխան անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ Հիմնադիր խորհրդարանի ձևավորման կազմակերպում:
Հիմնադիր խորհրդարանի գործունեություն, Անցումային կառավարության ձևավորում ու գործունեություն[8]
6. Հիմնադիր խորհրդարանի գումարում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում՝ 1.6 կետում նշված փաստաթղթերի վերջնական մշակում և ընդունում:
7. Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանի և Ընտրական հանձնաժողովի լուծարում:
8. Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
9. Հիմնադիր խորհրդարանի շուրջ «Ինտելեկտուալ ճակատի» համախմբում:
10. Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգմամբ Տեղական ընտրական շտաբների միջոցով քաղաքացիների հետ Նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:

Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
11. Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.
Սցենար 1. մինչև պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը գործող վարչախմբի հեռացման դեպքում.
Պայմանագրերի կնքման գործընթացի շարունակում` լիարժեք լեգիտիմության հասնելու նպատակով,
Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
Սցենար 2. պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետպայմանագրեր կնքելուց հետո գործող վարչախմբի կողմից պետական կառավարումը շարունակելու դեպքում.
լիարժեք լեգիտիմության իրավունքի հաշվառմամբ գործող վարչախմբին պետական կառավարումից հրաժարվելու հայտի ներկայացում և դրա իրականացման ապահովում,
գործող վարչախմբի հեռացումից հետո Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:

Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)
12. Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:
13. Նոր որակի պետության ձևավորման ու զարգացման Ռազմավարական հայեցակարգի և դրա հիման վրա ընդունված ոլորտային ռազմավարությունների ամբողջական իրականացման գործընթացի ծավալում:

[1] Նոր որակի պետություն – ինքնիշխան, հայաստանակենտրոն, հզոր, մրցունակ, նախ թռիչքային, այնուհետև` կայուն կերպով զարգացող, մարդու և ազգի ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող պետություն, որի կայացմամբ հնարավոր կդառնա Հայաստանը կառավարման օբյեկտից վերածելու կառավարման սուբյեկտի և տարածաշրջանային գործոնի:
[2] Ռազմավարական հայեցակարգը պետական և համազգային քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են Հայաստանում նոր որակի պետության ձևավորման և վերջինիս կողմից ներքին, համազգային և միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացմանը, նրանց կարողությունների բացահայտմանը, գործադրմանն ու կայուն զարգացմանը, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացմանն ուղղված քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:
[3] Հռչակագիրը բխում է Ռազմավարական հայեցակարգից և պետք է ներառի Նոր որակի պետության ստեղծման անհրաժեշտության հիմնավորումը, դրա տեսլականի համառոտ նկարագրությունը և ձևավորման ու գործունեության սկզբունքները:
[4] Քաղաքացու հետ պայմանագրի կնքումը յուրօրինակ բաց հանրաքվե է: Նախնական մտահղացմամբ` պայմանագիրը.
1) պետք է ներառի գործող վարչախմբի հեռացումից հետո Անցումային կառավարման փուլի ժամկետի մասին նշում,
2) սահմանի Հիմնադիր խորհրդարանի լիազորությունները,
3) սահմանի Անցումային կառավարության, Դատական և պետական կառավարման այլ մարմինների ձևավորման կարգը և լիազորությունները,
4) սահմանի Անցումային կառավարման փուլում Հանրապետության Նախագահի` գործող Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների բաշխումը Հիմնադիր Խորհրդարանի, Անցումային կառավարության և պետական կառավարման այլ մարմինների վրա,
5) նախատեսի, որ գործող Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Պայմանագրին (mutatis mutandis):
[5] Սահմանադրական արդարության ատյանի կառուցվածքը, կազմը, գործառույթներն ու լիազորությունները մինչ Անցումային կառավարման փուլն ընկած ժամանակահատվածում կարող են փոփոխվել զուգահեռաբար գործելու ձևաչափով իր գործունեությունն իրականացնող Հիմնադիր խորհրդարանի կողմից, իսկ Անցումային կառավարման փուլում` ըստ Պայմանագրով սահմանված կարգի:
[6] Ընտրական ցուցակներում ներառվում են այլընտրանքային ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը` անկախ բնակության վայրից:
[7] Պատգամավորության թեկնածուներ կարող են լինել ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը` անկախ բնակության վայրից, սակայն Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից նրանք պարտավոր են մշտապես բնակվել Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքում:
[8] Հիմնադիր խորհրդարանը և Անցումային կառավարությունը ինչպես առկա կառավարման մարմիններին զուգահեռաբար գործելիս, այնպես էլ գործող վարչախմբի հեռացումից հետո պետական կառավարումն իրականացնելիս ղեկավարվում են Պայմանագրի դրույթներով:

Share Button