«Եթե գործարարներն ուշքի չգան, նրանց հերթով մատաղ կանեն»

Ներքաղաքական իրավիճակի, սահմանադրական փոփոխությունների  ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալԳԱԼԱ-ն զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ:

-Պարոն Սեֆիլյան, Ձեր կարծիքով ի՞նչ է տեղի ունենում համակարգի ներսում: Բավականին հաճախակիացել են այն խոսակցությունները, որ սնանկացման կամ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել իշխանության տանիքի ներքո գտնվող այս կամ այն գործարարը: Ըստ Ձեզ՝ արդյոք ռեսուրսներն են սպառվել, և իշխանությունը սկսել է տարանջատել յուրայիններին ոչ յուրայիններից:

-Մենք ականատես ենք լինում սնանկացող և սպառվող համակարգի քայքայման վերջին փուլին: Բնականաբար, ինչպես պարտվող ամրոցի զորքն է թողնում քաղաքը և նրա պարիսպներն ու քաշվում միջնաբերդ, այնպես էլ ռեժիմն է երկիրն ու վերնախավի երկրորդ էշելոնին հանձնում և խժռում հանուն իր միջուկի, այսինքն՝ զորիբալայանական կլանի կյանքի երկարաձգման:

Եթե ռեժիմի տանիքի տակ մտած կամ նրա հետ գործակցող քաղաքական ուժերն ու գործարարներն ուշքի չգան և իրենց մեղքերն ընդունելով չանցնեն ժողովրդի կողմը, կլանը նրանց բոլորին կօգտագործի և հերթով մատաղ կանի հանուն իր գոյության:

Կլանը նաև հոգնել է քաղաքական և տնտեսական դաշտի վետերաններից: Վետերանները ոչ միայն ձանձրալի են, այլ առաջին հերթին՝ վտանգավոր ու անպիտան: Նրանք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ասպարեզում հետզհետե ավելի ու ավելի հավակնոտ են դառնում: Մյուս կողմից՝ հատկապես արտաքին ուժերի բարեհաճությունը շահելու միջոցով իր կյանքը երկարաձգելու համար կլանը կարիք ունի գոնե արտաքուստ նորացված տեսք ընդունելու, ուստի ձգտելու է իբրև թե մաքուր էջից նոր կենսագրություն սկսել, ինչի համար պետք է ձերբազատվի իր հետ ճանապարհ անցած և իր ոճրագործություններին տեղյակ ու մասնակից տարրերից: Կան շատ ավելի երիտասարդ, սակայն զգալի չափով նվազ պահանջկոտ ու շատ ավելի ծառայակամ տարրեր, որոնց մասին վետերաններից ոչ պակաս չափով մերկացուցիչ տեղեկույթ կա կլանի ձեռքին: Այս միտումը համահունչ է նաև այն արտաքին հրամայականին, որը պահանջում է քրեական օլիգարխիան փոխարինել արևմտյան կրթություն ստացած ֆինանսաբանկային օլիգարխիայի փողկապավոր ներկայացուցիչներով:

Այս գործընթացը ինչի՞ կարող է հանգեցնել ռեժիմի ներսում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիկունքից հարված ստանալով՝ գործարարներն արդեն քարեր են գլորում հենց իշխանությունների ուղղությամբ:

-Ցավոք սրտի, հատկապես հայ բուրժուազիան իր ընդհանրության մեջ կամազուրկ է և շատ ցածր քաղաքական գիտակցություն ունի, ուստի նրա ներկայացուցիչների մեծ մասն այդպես էլ կմնա տատանումների մեջ, մինչև Սերժ Սարգսյանի ղեկավարած զորիբալայանական ազգադավ կլանը հերթով բոլորին զոհաբերի: Քչերն են լինելու, որ ինչ-որ չափով դիմադրելու են, և դրանց միայն մի մասն է բացահայտ կերպով հանդես գալու ռեժիմի դեմ: Վերջին պահին, երբ ժողովուրդը ոտքի կանգնած կլինի, նոր միայն կգան ու կկանգնեն ժողովրդի կողքին:

Անշուշտ, ցանկալի կլիներ, որ բուրժուազիան այս պահից սկսած քայլ կատարեր, սակայն ունենք այն, ինչ ունենք:

Նման իրավիճակում ընդվզման նախկին դեպքերի համեմատությամբ առավելությունն այն է լինելու, որ երբ ժողովուրդն սկսի փողոց դուրս գալ, գոնե տուժած բուրժուազիան այլևս չի պաշտպանելու ռեժիմին:

-Այս ընթացքում տեղի է ունենում նաև մեկ այլ պրոցես: Հայաստանում են Վենետիկի հանձնաժողովի անդամները, ովքեր քննարկումներ են սկսել սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ: Այս ամենի վերաբերյալ իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել որոշ քաղաքական ուժեր: Ըստ Ձեզ՝ իշխանությունները կկարողանա՞ն անցնցում կերպով անցկացնել այս փոփոխությունները, և որքանո՞վ է դա նրանց համար կարևոր:

-Եթե համարժեք դիմադրություն չլինի, կանցկացնեն: Ինչպես արել են, օրինակ, 2005 թ. նոյեմբերի հանրաքվեի ժամանակ:

Իսկ դիմադրությունը պետք է լինի ոչ թե ընդամենը ռեժիմի նախագծին «ոչ» ասելու, այլ հենց ռեժիմին «ոչ» ասելու և հեռացնելու նպատակով: Ռեժիմի թխած նախագիծը կարող է առիթ լինել ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման համար:

Սահմանադրական փոփոխությունները շատ կարևոր են անձամբ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրա անձնական իշխանության շնորհիվ կերակրատաշտից օգտվող նեղ շրջանակի համար, մինչդեռ ռեժիմի մնացած ներկայացուցիչների համար ոչ միայն կարևոր չեն, այլև վտանգավոր են, որովհետև, ինչպես արդեն ասացի, զորիբալայանական կլանը բոլորին հերթով զոհաբերելու է իր շահերի համար:

-Անդրադառնանք տնտեսական իրավիճակին: Շարունակվում է ռուբլու անկումը, նավթի գները ևս իջնում են: Ըստ Ձեզ՝ այս ցնցումներին ինչպե՞ս են արձագանքում իշխանությունները:

-Արդեն երկու տասնամյակ է մեր երկիրը կառավարողներն զբաղված են բացառապես իրենց անձնական և կլանային շահերն սպասարկելով: Ընդ որում՝ նրանք այդ անում են պետության և ազգի շահերի հաշվին և դրանց դեմ:

Մենք կարիք ունենք օր առաջ ազատվելու այս կառավարիչներից, հակառակ դեպքում ոչ միայն չենք կարողանալու օգտվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող ու մեզ համար շատ նպաստավոր գործընթացներից, այլև կորցնելու ենք նաև այսօրվա մեր ունեցած ամեն ինչը՝ պետականություն, Արցախ, հայրենաբնակ ժողովուրդ և Հայրենիք:

Հիմա խորքային դրական գործընթացներ են տեղի ունենում մեր ժողովրդի ներսում՝ ինչպես քաղաքական արթնացման, այնպես էլ պայքարելու պատրաստակամության առումներով: Զուգահեռաբար՝ մենք քայլեր ենք ձեռնարկում իր Հայրենիքին ու ճակատագրին տեր կանգնելու համար պատրաստվող ժողովրդին մոբիլիզացնելու նպատակով ընդդիմադիր ուժերի ճակատ ձևավորելու ուղղությամբ: Ես համոզված եմ, որ մենք հասցնելու ենք նախապես բռնել և պահել մեր պետականության դրոշը մինչ նրա ընկնելը:

Նյութի աղբյուրը՝ http://galatv.am/hy/news/121360/

Share Button