Ուղղում Գևորգ Սաֆարյանին աշխատանքից ազատելու հաղորդագրության վերաբերյալ

Սերժ Սարգսյանին քննադատելու և նախագահական նստավայրի վրա ձվեր նետելու պատճառով որպես հաշվեհարդար հաստիքի կրճատման ձևական պատճառաբանությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ից Գևորգ Սաֆարյանին «Այբ» դպրոցում կատարած աշխատանքից ազատելու մասին Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրության մեջ թյուրիմացաբար հրապարակվել է սխալ տվյալ:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայցում է մեր հաղորդագրությունը հրապարակած մամուլի և ընթերցող հասարակության ներողամտությունը կատարված սխալի համար:
Միևնույն ժամանակ՝ այս հանգամանքը որևէ կերպ չի նվազեցնում ռեժիմի ազդեցությունը «Այբ» հիմնադրամի և նրա համակարգի բաղադրիչ «Այբ» դպրոցի նկատմամբ:
Ինչպես արդեն նշված է հաղորդագրության մեջ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկն է:
Բացի այդ, հայտնի փաստ է, որ «Այբ» հիմնադրամը և «Այբ» դպրոցը աչքի են ընկնում իրենց օրինապահությամբ:
Գործող աշխատանքային օրենսդրության համաձայն հաստիքների կրճատման հիմքով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ գրավոր ծանուցել աշխատողին:
Եթե դպրոցի նկատմամբ պարտադրանք չլիներ, Գևորգ Սաֆարյանին կծանուցեին օրենքով սահմանված կարգով:
Մինչդեռ Գևորգ Սաֆարյանի հետ կնքած պայմանագիրը լուծելու պարագայում «Այբ» դպրոցին ստիպել են խախտել օրենքը և Գևորգ Սաֆարյանին բանավոր կերպով ծանուցել ընդամենը 9 օր առաջ՝ ս.թ. օգոստոսի 21-ին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Share Button