ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆ ԱՐԴԵՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻՆ

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի բնակիչ Սյուզի Գևորգյանը Հիմնադիր խորհրդարանին աջակցելու նպատակով ժամանել էր հայրենիք։ Հայաստանի Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակի մասին թռուցիկներ տարածելու և բացատրական աշխատանքներ տանելու ժամանակ, օգոստոսի 14-ի երեկոյան, երկու անծանոթ «տղամարդիկ» հարձակվել են Սյուզի Գևորգյանի վրա, ծեծի ենթարկել նրան, հայհոյել և սպառնացել առավել դաժանորեն պատժել նրան` եթե նա չդադարի իր բացատրական աշխատանքն ու աջակցությունը Հիմնադիր խորհրդարանին։ Այնուհետև այդ «տղամարդիկ» փախուստի են դիմել։
Սփյուռքի լայն շրջանակներում դեռևս չեն դադարել հայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերիչյանի մուտքը ս.թ. մայիսի 21-ին Հայաստան արգելելու անընդունելի փաստի քննարկումներն ու դրա խիստ դատապարտումը։ Եվ ահա, Հայաստանի իշխանությունները մատուցում են երկրորդ անակնկալը` փողոցում ծեծում են երիտասարդ հայուհուն, ով չի ցանկանում հաշտվել իր հայրենիքի կործանման հետ ու ընդվզում է մեր ժողովրդին բարոյալքման ու կոռուպցիայի մեջ խեղդել ցանկացող իշխանությունների դեմ:
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության այս վտանգավոր քաղաքականությունը, որը լուրջ անջրպետ է առաջացնում սփյուռքի և հայրենիքի միջև և հիմքային սպառնալիքներ ստեղծում ազգային միասնության ճանապարհին:
Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է, և ՀՀ ռեժիմին իրավունք չի տրված սփյուռքին բաժանել երկու հատվածների`մի կողմում իրենց հնազանդ ու մեդալակիրների խումբը, իսկ մյուս կողմում` հայրենապաշտ, բայց ըմբոստ ու ինքնուրույն մտածողները, որոնք անցանկալի են տիրող կոռումպացված վերնախավին:
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ վճռական է տրամադրված և պայքարելու է յուրաքանչյուր հայի իրավունքի համար ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

20 օգոստոսի 2015թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

Share Button