ՀԽ հայտարարությունը՝ «Ժառանգության» անդամների և մյուսների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը, որն ուղեկցվել է նաև գազային ատրճանակի կիրառմամբ:

Հատկանշական է, որ այն տեղի է ունեցել անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում կատարված բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների քանակի կտրուկ աճման ֆոնին:

Ուշագրավ է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի ռուսաստանաբնակ աջակից, ուսանողուհի Սյուզի Գևորգյանին դարանակալելու և ծեծի ենթարկելու դեպքը:

Միմյանց հետ առաջին հայացքից կապ չունեցող այս հանցագործությունների միջև առկա է երկու կարևոր ընդհանրություն՝ դրանք կատարվել են այն ժամանակ, երբ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը բացակայում էր երկրից և դրանց կատարողները որոշակի արտոնյալ կարգավիճակ ունեն: Նրանք կամ հավասարեցվում են տուժողներին, կամ անհայտ են մնում, կամ էլ գործում են բացահայտ կերպով, սակայն մնում են անպատիժ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր ընդդիմադիր ուժերին և պայքարող անհատներին կոչ է անում պատրաստվել համազգային մոբիլիզացիային, իսկ մինչ այդ՝ զգոն լինել, սադրանքի չենթարկվել, չապավինել իրավապահ մարմիններին և աջակցել միմյանց:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Share Button