«Փորձում են զոռբայությունը բերել օրենքի դաշտ». Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը երազում է մինչև կյանքի վերջ կառավարել Հայաստանը։ Սահմանադրական փոփոխություններն էլ այդ մտադրությունն իրականացնելու նպատակով է արվում։ Այս կարծիքին է «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը.

«Եթե տասը-տասնհինգ տարիների ընթացում այս ապօրինի ռեժիմը վերարտադրվում էր զոռբայությամբ, ապա նրանք այսօր փորձում են այդ զոռբայությունը բերել օրենքի դաշտ»։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Սահմանադրական փոփոխությունների անցկացումը անհրաժեշտ է բոյկոտել։ Այն առաջին հերթին պետք է ծառայեցնել երկրում քաղաքական համախմբում իրականացնելու համար։

«Կոնսոլիդացիայից հետո ոչ թե պետք է պայքարել Սահմանադրության փոփոխությունը ձախողեցնելու, այլ պետք է երկրի ներսում սկսել ռեժիմից ձերբազատվելու պրոցես»։

Ժիրայր Սեֆիլյանն, ի դեմս հասարակական ակտիվիությամբ աչքի ընկնող երիտասարդների ու քաղաքական առողջ ուժերի, տեսնում է աջակիցներ՝ պայքարի միասնական ճակատը ձևավորելու համար։

«Երիտասարդության մոտ գիտակցության բարձրացման երևույթը զգում եմ, անկախ քաղաքական այլ ուժերի հետ մենք փորձում ենք գործակցության եզրեր ստեղծել»։

Հիմնադիր խորհրդարանի անդամների ակտիվությունը զսպելու և իրականացվող աշխատանքը վնասելու նպատակ է հետապնդում ամիսներ առաջ իրենց 6 անդամի նկատմամբ հարուցված քրեական գործի ձգձգումը։

«Վնաս հասցնում են սփյուռք դուրս գալու, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ շփվելու համար, սակայն, կարծում եմ, որ այսօրվա տեխնոլոգիաների օրոք իրենց կողմից սահմանված բլոկադան մենք հանգիստ կարողանում ենք ճեղքել»

Ի դեպ, ժիրայր Սեֆիլյանը բացառում է իր եւ իր համակիրների՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը։ Նրանք կմասնակցեն միայն արտահերթ ընտրություններին՝ իշխանություններին հեռացնելուց հետո։

Նյութի աղբյուրը՝  http://www.a1plus.am/