ՀԽ-ն շարունակում է քաղաքական կուսակցությունների հետ կոնսոլիդացիան, բայց հստակ անուններ ասել չեն ցանկանում

Վերջին շրջանում «Հիմնադիր խորհրդարան»-ի համար, կարծես, պասիվ շրջան է: ՀԽ-ի անդամների կողմից որևէ ակտիվ գործողություն չի նկատվում: Սակայն նկատելի է, որ «Հիմնադիր խորհրդարանը» բոլոր քաղաքացիական նախաձեռնությունների «կողքին կանգնած է»: Նրանց գործունեության, հետագա անելիքների մասին Armlur.am-ը զրուցեց ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանի հետ: -Պարո´ն Ավետիսյան, «Հիմնադիր խորհրդարանն այս պահին ինչո՞վ է զբաղված: Ի՞նչ ծրագրեր կան, թե՞ «թայմ աութ» եք վերցրել: -Ո´չ, «թայմ աութի» խնդիր չկա: Մենք այս պահին երկու ուղղությամբ աշխատում ենք` շարունակում ենք համակիրների ընդլայնման գործողությունը և փորձում ենք ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի համար քայլեր ձեռնարկել: Ունենք որոշակի արդյունքներ: Քննարկումներ, կոնսուլտացիաներ են լինելու` ընդհանուր ճակատ ձևավորելու նպատակով: -Իսկ ո՞ր քաղաքական ուժերի հետ եք այս պահին կոնսուլտացիաներ իրականացնում: -Առայժմ դրանք զուտ աշխատանքային բնույթ են կրում, դրա համար պաշտոնական հայտարրություններով հանդես չենք գալիս: Արդյունքները դեռ վերջնական չեն, բայց կարող եմ ասել, որ մթնոլորտը բարենպաստ է, կառուցողական, և հույս ունենք որոշակի արդյունք ստանալու: Այս պահին ձեռնպահ կմնանք կոնկրետ անուններ տալուց: -Վերջին շրջանում ՀԽ անդամներն ակտիվորեն մասնակցում են բոլոր բողոքի ակցիաներին: Կոնկրետ «Ոտքի´ Հայաստան» շարժման պայքարի մասին ի՞նչ կասեք: Ըստ Ձեզ` արդյունքի կհասնե՞ն: -Մենք բոլոր նախաձեռնություններին հնարավորինս փորձում ենք աջակցություն ցույց տալ: Մենք առհասարակ միշտ ասել ենք, որ թիրախային պայքարները պետք է օգտագործել ռեսուրս կուտակելու և հիմնական նպատակին հասնելու ու ռեժիմին հեռացնելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Բայց եթե դա ընդամենը ծառայում է թիրախային նպատակներին, ապա վերջնական արդյունքի չեն հասնի: Ինչ-որ փոքր արդյունքներ կլինեն: Իհարկե, բացառություններ լինում են, բայց հիմնականում այդպես է: Հիմա այս դեպքում ասել, թե արդյունք կլինի, դժվար է, որևէ մեկը չի կարող կանխատեսում անել: Հարցի մասշտաբից ելնելով` կարծում եմ` ոչ, վերջնական արդյունք չի լինելու: Այս հարցերին պետք է գումարել մնացած բոլոր հարցերը,  օրինակ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցը և տանել միասնական ռեժիմի գերեզմանը փորելուն: – «Հիմնադիր խորհրդարանը» ևս դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական բարեփոխումները տապալելու նպատակով ստեղծված «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ համագործակցությունը:  -Այդ առիթը պետք է օգտագործվի կոնսոլիդացիա ստեղծելու, ժողովրդին մոբիլիզացնելու և ռեժիմին հեռացնելու համար, ոչ թե հավաքվենք գնանք ոչ քվեարկենք: Մենք երիտասարդների հետ հանդիպում ունեցել ենք, շատ դրական մթնոլորտում քննարկում է տեղի ունեցել, հետաքրքիր էր երկուստեք: Բնականաբար, կշարունակվի գործընթացը, և դա նույնպես մենք դիտարկում ենք հավանական կոնսոլիդացիայի հնարավորություն: – «Հիմնադիր խորհրդարանն» ավելի ակտիվ գործողություններ ե՞րբ կսկսի: – Երբ կոնսոլիդացիա լինի, երբ արդեն կհասկանանք, որ պետք է անցնենք մյուս քայլերին, նոր այդ ժամանակ քայլեր կձեռնարկենք: Ասել որևէ կոնկրետ ժամանակացույց չեմ կարող: Մոտ ապագայում, ոչ շատ հեռու ապագայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/399026/

Share Button