Պետք է չընկնել ռեժիմի լարած թակարդը և անցնել ակտիվ բոյկոտի. Ալեք Ենիգոմշյան

«Սահմանադրական փոփոխություններով ռեժիմը իր համար մի քիչ ավելի սուր անկյունները փորձում է հարթեցնել, համակարգին հարմարեցնել, վերարտադրության խնդիրը լուծել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԽ անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը՝ հավելելով, որ «ռեժիմը» փորձում է նաև ներքին վերաբաշխման խնդիրները վերացնել:

Ըստ Ալեք Ենիգոմշյանի՝ սահմանադրական փոփոխություններով որակապես նոր իրավիճակ չի ստեղծվում, այնպես չէ, որ ամեն ինչ դրական է, փոփոխություններից հետո բացասական է լինելու, միշտ էլ ժողովրդի ձայնն անտեսված է եղել:

Ա. Ենիգոմշյանը նկատեց, որ եթե միայն կենտրոնացում լինի սահմանադրական փոփոխությունների տապալման վրա, ապա կնշանակի ընկնել «ռեժիմի» լարած թակարդը, շարժվել նրա օրակարգով. «Եթե հանրաքվեով մերժվեց, կասեն՝ շատ լավ, մերժվեց, չենք փոխում, մնում ենք՝ կասեն»,- ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկը՝ շեշտելով, որ սահմանադրական փոփոխությունների տապալման առիթը պետք է օգտագործել նաև համակարգից ձերբազատվելու խնդիրը լուծելու մասով: Պետք է լինի ոչ թե կրավորական, այլ ակտիվ քաղաքացիական բոյկոտ՝ բոյկոտել հանրաքվեն ոչ միայն չմասնակցելով, այլև մերժումը արտահայտել քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևերով և մերժել ամբողջ համակարգը»:

Ա. Ենիգոմշյանը կարևորեց իրական ընդդիմադիր ուժերի և մտահոգ քաղաքացիների միասնական ճակատ ստեղծելու հարցը:

Share Button