Բոյկոտել հանրաքվեն ու քայլեր ձեռնարկել սահմանադրական փոփոխությունները խափանելու համար. Ժիրայր Սեֆիլյան

Ի՞նչ կարծիք ունեք  սահմանադրության փոփոխված նախագծի մասին: Ինչպե՞ս կգնահատեք այն:

Հարկավոր է դիտարկել ոչ թե սահմանադրության առաջարկվող նախագծի առանձին դրույթները, այլ բուն երևույթը և դրա հավանական բացասական հետևանքները, ինչպես նաև այն քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել այդ հետևանքները: Հակառակ պարագայում բոլորս կամա թե ակամա կընդունենք ռեժիմի առաջարկած օրակարգը և կդառնանք դրա մասնակից, ինչի հետևանքով փաստացի կլեգիտիմացնենք ոչ միայն նրա օրակարգը, այլև նրան:

Բուռն քննարկումների տեղիք տվեց Սահմանադրության փոփոխության նախագծի այն դրույթը, ըստ որի ՀՀ նախագահը կընտրվի 1 անգամ` 7 տարի ժամկետով: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, իսկ ավելի վաղ Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե ցանկություն չունի վարչապետ դառնալ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը:

Յուրօրինակ ծուղակ է նաև հակառակորդի այն պնդումների քննարկումը, որոնցով նա փորձում է հավաստիացնել, թե ռեժիմի ներկայիս պարագլուխը որևէ առանցքային պետական պաշտոն չի զբաղեցնելու: Ընդամենը կարիք ունենք փաստելու, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկն ի սկզբանե մերժելի է, որովհետև առաջարկի հեղինակը լեգիտիմ չէ, յուրացրել է իշխանությունը և այդ փոփոխություններով փորձում է լեգիտիմացնել ու երկարաձգել իր կառավարումը: Ի թիվս այլ միջոցների, ռեժիմն այս նպատակին ուզում է հասնել գլխավորապես համընդհանուր և ուղղակի ձևաչափով նախագահական ընտրություններից ձերբազատվելով, քանի որ դրանք ժողովրդական մոբիլիզացիայի միակ ինքնաբուխ առիթներն են: Պարտավոր ենք նաև նկատի ունենալ, որ այդ փոփոխությունների հետևանքով երկրում առկա անհատական պատասխանատվության համակարգը փոխարինվելու է կոլեկտիվ անպատասխանատվության համակարգով, ինչի շնորհիվ ռեժիմը հնարավորություն կունենա պատժից խուսափելով՝ էական զիջումների գնալ Արցախի և մեր անկախության հարցերում: Այս մարտահրավերների գիտակցումը բավարար է, որպեսզի ամեն ողջամիտ ուժ և անհատ ձգտի համախմբվել և գործել հանուն դրանց չեզոքացման: Մինչդեռ մանրամասների քննարկումը նաև խանգարելու է համախմբմանը:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի ինչ տարբերակներ կա՞ն:

Մինչ այդ նպատակով համախմբումը և միասնական օրակարգի ձևավորումը հարկավոր է հաշվի առնել, որ տեսականորեն կա սահմանադրական փոփոխությունների նկատմամբ վերաբերմունքի չորս տարբերակ՝ 1. մասնակցել հանրաքվեին և «այո» քվեարկել, 2. մասնակցել հանրաքվեին և «ոչ» քվեարկել, 3. բոյկոտել հանրաքվեն և 4. բոյկոտել հանրաքվեն ու քայլեր ձեռնարկել սահմանադրական փոփոխությունները խափանելու համար:
1-ին տարբերակը բացառվում է: 2-րդը և 3-րդը իրատեսական և արդյունավետ չեն, քանի որ անկախ մասնակցության կամ բոյկոտի հանգամանքներից, հերթական անգամ քվեարկության արդյունքը կեղծելու են: Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ հանրաքվեն կամ դրա արդյունքների կեղծումը չեն կարող դառնալ ժողովրդական մոբիլիզացիայի առիթներ: Ժողովրդի մեծ մասը իրավացիորեն կարծում է, որ գործող խանական կառավարման համակարգը հնարավոր է փոխել միայն խանին հեռացնելուց հետո: Եվ, հույս ունենալով, որ նախագահական ընտրությունների միջոցով կարելի է հեռացնել խանին, ոտքի է կանգնում միայն դրանց ժամանակ: Այդ պատճառով հանրաքվեն, Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վաղուց արդեն քաղաքական գործընթացներ չեն և վերածվել են վիճակագրական կեղծ միջոցառումների: Ուրեմն, մնում է միայն վերջին՝ 4-րդ տարբերակը:

Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը կպայքարի՞ և ի՞նչ արդյունքների կհասնի այդ պայքարում:

Բոլոր առողջ և ողջամիտ ուժերն ու անհատները պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն այդ տարբերակի ուղղությամբ և քայլեր ձեռնարկեն հանրաքվեն բոյկոտելուն զուգահեռաբար սահմանադրական փոփոխությունները կանխելու համար:
Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվեց, հարկ կլինի հաշվի առնել, որ ժողովրդին հնարավոր է մոբիլիզացնել խանին և նրա ռեժիմին հեռացնելու, այլ ոչ թե հանրաքվեն կամ, որ նույնն է՝ սահմանադրական փոփոխությունները խափանելու օրակարգով: Ասվածից բխում է, որ այդ խափանումը կարող է միայն առիթ և միջոց լինել քաղաքական ուժերի համախմբման համար, սակայն համախմբվելուց հետո նրանք պետք է օրակարգային դարձնեն ռեժիմի հեռացման հարցը:
Վերը նշվածից բխում է նաև, որ իրենց տեսակետներն արմատապես պետք է վերնայեն և այս օրակարգին միանան այն ընդդիմադիր ուժերը, որոնք հույսեր էին փայփայում, թե ճիշտ կլինի սպասել մինչև 2018 թ. և, երբ նախագահական ընտրությունների ժամանակ ժողովուրդը հերթական անգամ ոտքի կանգնի, այդ ժամանակ նոր միայն հարկավոր է կազմակերպել նրան և հեռացնել ռեժիմին:

Աղբյուրը՝ newsline.am