Առաջացել է նոր քաղաքական կոնսոլիդացիայի հարթակ ստեղծելու եզակի հնարավորություն, որը պետք է ծառայեցնել իշխանափոխությանը

Newslin.am-ի հետ զրույցում խոսելով սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության շարժառիթների մասին` Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը նշեց, որ ոչ միայն ներկայիս Հայաստանի, այլև` հակասահմանադրական պայմաններում ապրող որևէ երկրի համար սահմանադրության տեքստի իմաստը ընդամենը բեմանկար-դեկորացիա լինելու մեջ է:

«Սակայն այս պնդումը ճիշտ է ավտորիտար կամ ամբողջատիրական երկրների միայն տնտեսա-քաղաքական կայունության վիճակներում: Ինչպես հիշում ենք, ԽՍՍՀ կործանման ժամանակ սահմանադրության տեքստում Հայաստանի կարգավիճակը սկսեց իրական բովանդակությամբ լցվել և թույլ տվեց Չեչնիայից տարբերվող քաղաքական ճակատագիր ունենալ: Նկատի ունենալով, որ ՀՀ-ն թևակոխել է բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ, որը սպառնում է վերաճել լրջագույն քաղաքական անկայունության, ապա այս պայմաններում ներկայիս գործող սահմանադրության տեքստը կարող է դառնալ կարևոր քաղաքական գործոն»,- ասաց նա:

Գ. Չուքասզյանի խոսերով` եթե սրան գումարենք նաև նկարագրված անկայունության պայմաններում իշխանության վերարտադրման անհրաժեշտությունը և հնարավոր բարդությունները, ապա հասկանալի է դառնում սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախաձեռնության ներքին քաղաքական շարժառիթը:

«Սակայն կա երկրորդ՝ արտաքին քաղաքական հանգամանքը ևս, շեշտեց Չուքասզյանը:- Մեր քաղաքական իրականության մեջ բոսյակային, մինչսահմանադրական իրավագիտակցության տիրապետման պայմաններում անգամ դեռևս կա ազգային ինքնագիտակցության այնպիսի մակարդակ, այնպիսի «կորպորատիվ խիղճ», որը չէր ների ղարաբաղյան ճակատում դավաճանական որոշում կայացնողին: Ղարաբաղյան ճակատում ակնհայտորեն աճում է  արտաքին ճնշումների ծավալը, համապատասխանորեն աճում է նաև հակազգային որոշումների կայացման վտանգը: Այս պայմաններում առաջարկվում են  սահմանադրական փոփոխություններ, որոնց  արդյունքում ճակատագրական որոշումների համար պատասխանատուների հարցը լղոզվում է, և հիմքեր են ստեղծում կոլեկտիվ անպատասխանատվության համար` այսպիսով թուլացնելով աննպաստ դիվանագիտական ճնշումներին դիմադրության ազգային ներուժը: Այսպիսով երևակվում է ներկայիս սահմանադրական նախաձեռնության արտաքին քաղաքական բացահայտ թշնամական շարժառիթը: Այսինքն սահմանադրական փոփոխություններից ծագող վտանգը չի հանգում միայն հերթական հեղարջման քողածածկմանը և նախապատրաստմանը, այլ ունի նաև արտաքին քաղաքական բաղադրիչ»:

Այն հարցին, թե ինչ հնարավորություններ և վտանգներ կան ընդդիմադիր քաղաքական ուժերի  և քաղաքացիների համար այս նախաձեռնության հետ կապված, Գ. Չուքասզյանը պատասխանեց, որ  Սահմանադրությունն արժեք է ստանում նրա հասարակական պահանջվածության պարագայում, որի նախապայմանը տվյալ հասարակության մեջ էլիտաների կոմպրոմիսի գալու ցանկություններն են:

«Իսկ սա, իր հերթին, ենթադրում է առնվազն երկու էլիտար բևեռի գոյություն: Վարչախմբի «էլիտար« բևեռի բոսյակային էությունը քիչ հույսեր է ներշնչում հուսալու, որ այն ի վիճակի է գալիք տնտեսական-քաղաքական գահավիժման մասշտաբը կանխատեսելու և դեպի կոմպրոմիս շարժվելու: Մյուս կողմից, ներկայիս տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում հակառակ դիրքերում գտնվող բոլոր ուժերը պետք է գիտակցեն մի ճամբարում գտնվելու հանգամանքը, իրար հետ կազմեն համատեղ գործելու սկզբունքների և գործողութունների ծրագիր, կայանան որպես միասնական բևեռ և զուգահեռ կազմեն գալիք ներքաղաքական ճգնաժամի ժամանակ նաև հակառակորդ բևեռին ներկայացվելիք իշխանափոխության պահանջները և պայմանները»,- ասաց նա:

«Սահմանադրության փոփոխությունների այս կամ այն տեսակի մերժումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար քաղաքական պատասխան կլինի ներկայիս ռեժիմին ընդդիմության կողմից,  քանի որ չկա որևէ նոր հանգամանք, որը թույլ տար մտածել, որ գալիք հանրաքվեն նույնպես չի կեղծվի, ինչպես սրան նախորդող  բազմաթիվ ընտրությունները: Առաջացել է նոր քաղաքական կոնսոլիդացիայի հարթակ ստեղծելու եզակի հնարավորություն, որը պետք է ծառայեցնել իշխանափոխությանը և սահմանադրականության վերականգնմանը»,- հավելեց Գարեգին Չուքասզյանը:

Աղբյուրը՝ newsline.am

Share Button