ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Սյունիքի տարածքով երկաթգիծ կառուցելու ծրագիրը նորից շրջանառության մեջ է դրվել: Այդ պատճառով հարկ ենք համարում նորից ներկայացնել դեռեւս ս.թ մարտի 27-ին Ժիրայր Սէֆիլյանի հայտնած կարծիքը:

Աշխարհում, առաջին հերթին, Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում, տեղի է ունենում առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման գործընթաց: Այդ գործընթացի հետեւանքով պետություններ են մասնատվելու եւ նոր պետություններ են առաջանալու: Բնականաբար, 100 տարի առաջ անտեսված եւ իրավազրկված ազգերի, այդ թվում, հայության, համար իրական հնարավորություն է առաջանալու իրենց իրավունքները վերահաստատելու եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ ու գործոն դառնալու համար: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում մեր գործոն դառնալու համար անհրաժեշտ է առնվազն կամուրջ լինել Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա եւ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքների վրա: Այդ խնդիրը մասամբ լուծելու համար 1988-94 թ.թ. ընթացքում մեզ հաջողվեց Արցախի ազատագրման միջոցով Իրանի հետ ամուր կապ հաստատելու նախադրյալներ ստեղծել: Սակայն այդ խնդիրը չի կարող լուծվել առանց Նախիջեւանի եւ նրա հաղորդակցային հնարավորությունների: Սյունիքի տարածքով երկաթգիծ կառուցելու ծրագիրն իրատեսական չէ: Այդ պատճառով առաջիկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում մեզ համար առաջնային է դառնալու Նախիջեւանի նկատմամբ հայկական վերահսկողության հաստատումը: Դա ընդամենը մեր պետությունը գործոնի վերածելու կենսական անհրաժեշտություն է: Նախիջեւանը հայկական է լինելու: