Ժիրայր Սեֆիլյան. Սահմանադրական փոփոխություններով զոռբայությունը բերում են օրենսդրական դաշտ

«Միանշանակ, այս փաստաթուղթը Սերժ Սարգսյանի իշխանության հարատեւման նպատակ է հետապնդում»,- Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը մանկուց շատ է երազել կենտկոմի քարտուղարի աթոռին բազմել. «Այժմ հավանաբար եկել է իր երազի իրականացման ժամանակը, սակայն մոդեռնիզացած ձեւով, ինչպես Վրաստանում Իվանիշվիլին է՝ միլիարդատերն, ըստ էության, երկիրը կառավարում է, ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, Սերժ Սարգսյանն էլ համատեղելու է՝ լինելով կուսակցապետ, կենտկոմի քարտուղար, երկրի հարստությունը սեփականացնելով: Եթե այս քսան տարիների ընթացքում գործող իշխանությունը չէր ենթարկվում գործող Սահմանադրությանը՝ պարբերաբար օրենքներ խախտելով, ժողովրդի նկատմամբ զոռբայություն անելով, այժմ այս փաստաթղթով նրանք զոռբայությունը բերում են օրենսդրական դաշտ: Այսինքն՝ արդեն Սահմանադրությունը պետք է թույլ տա, որ նրանք հանգիստ օրենքով իրենց զոռբայությունը շարունակեն»:

Նա համարում է, որ իշխանությունների հետ բովանդակային քննարկումների մեջ մտնելն անիմաստ է, ըստ նրա՝ պետք է արհամարհել. «Այս հանգամանքը պետք է օգտագործել եւ քաղաքական խավը պետք է գիտակցի, թե ինչպիսի օրհասական վիճակում է գտնվում մեր երկիրը եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:

Այս իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանը գործողությունների չորս տարբերակ է տեսնում՝ մասնակցել հանրաքվեին եւ այո քվեարկել, մասնակցել հանրաքվեին եւ ոչ քվեարկել, բոյկոտել, իսկ չորրորդ տարբերակը՝ բոյկոտելով փորձել խնդրին լուծում տալ. «Մենք ի նկատի ունենք օր առաջ ձերբազատվել այս ռեժիմից»:

Աղբյուրը՝ aravot.am

Share Button