Ժիրայր Սեֆիլյան. Մեր խնդիրը միայն ռեժիմից ձերբազատվելը չէ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հուլիսի 24-ին հավաք էր հրավիրել: Հավաքին ներկա էին նաեւ այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաեւ Հիմնադիր խորհրդարանը: Ժիրայր Սեֆիլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ազատվելուց հետո իրենք հաճախ են խոսել քաղաքական կոնսոլիդացիայի մասին:

«Անցած շաբաթներին մենք ունեցել ենք հանդիպումների շարք: Այս դեպքը եկել է օգնելու, մեր հանդիպումներն ավելի աշխույժ անցկացնելու եւ շատ ավելի արագ իրար հասկանալու: Ուզում եմ ասել՝ այո՛, քաղաքական դաշտին, քաղաքական խավին այս հարցը ահազանգ է: Հակառակորդը հերթական անգամ կատարել է մի քայլ, որը մենք պետք է օգտագործենք՝ ճիշտ գործունեություն ծավալելու նպատակով: Օր առաջ պետք է ծնվի ազգային քաղաքական միասնական ճակատը, որը պետք է տեր կանգնի այդ ամենին: Նույն Բաղրամյանի դեպքերը մեզ հուշեցին, որ քաղաքական խավը բացակայում է իրականությունից, օր առաջ պետք է ձեւավորվի այդ շերտը եւ պատրաստ լինի նոր ալիքների գլխին կանգնելուն եւ վերջապես ճիշտ ուղղությամբ տանելու նպատակով»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ իրենք կողմնակից են սահմանադրական բարեփոխումները բոյկոտելով խնդրին լուծում տալուն, սակայն նա շեշտեց, որ իրենց խնդիրը միայն ռեժիմից ձերբազատվելը չէ. «Այո՛, առաջին հերթին ռեժիմից ձերբազատում, սակայն մինչեւ նոր ընտրությունների կազմակերպումը, մինչեւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը բոլորը պետք է գիտակցեն, որ պետք է տեղի ունենա մի փուլ, որտեղ պետք է արմատական փոփոխություններ տեղի ունենան, մի փուլ, որտեղ կառավարումը պետք է լինի կոշտ, որի նպատակը պետք է լինի ընտրությունների համար նախադրյալներ ստեղծել»:

Պարույր Հայրիկյանը հայտարարել էր՝ եթե հավաքի արդյունքում ներկա քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունենան հինգշաբթի՝ հուլիսի 30-ին, Մատենադարանի հարակից տարածքից երթ կկազմակերպեն դեպի Սահմանադրական դատարան: Aravot.am-ը հետաքրքրվեց Ժիրայր Սեֆիլյանից, թե արդյոք իրենք մասնակցելո՞ւ են այդ երթին, նա պատասխանեց. «Անշուշտ: Մենք ըստ էության նախաձեռնել ենք: Մենք շաբաթներ է՝ հանդիպումներ ենք ունենում տարբեր ուժերի հետ եւ կարող եմ տեղեկացնել, որ մթնոլորտը դրական է: Եվ հուսով եմ՝ արդյունքի հասնելու ենք»:

Աղբյուրը՝ aravot.am

Share Button