ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ԿՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ

Մեր ապազգային և ստրկամիտ վերնախավն է մեղավոր, որ օտարները հերթական անգամ քննարկման առարկա են դարձրել հանուն իրենց շահերի Արցախի ազատագրված տարածքները այս կամ տարբերակով հանձնելու հարցը:
Արցախի՝ կեղծ անկախությունից ծնված խոցելի կարգավիճակը, ազատագրված տարածքները որպես գրավյալ անվանելու հանգամանքը, Մադրիդյան տխրահռչակ սկզբունքները, ինչպես նաև սահմանային լարվածությունը և Արցախի հարցի հետ կապված բազմաթիվ այլ աղետներն այդ ապազգային և ստրկամիտ արտաքին քաղաքականության հետևանքներ են:
Այդ քաղաքականությունը հակասում է մեր ազգային շահերին: Դրա մշակողներն ու իրականացնողները չեն ներկայացնում մեր ժողովրդի կամքը:
Ուստի առաջիկա ամիսներին ռեժիմին հեռացնելուց և մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը հաստատելուց հետո Արցախի հարցի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի առնչությամբ արմատապես վերանայվելու է ներկայիս արտաքին քաղաքականությունը:
Մասնավորապես՝ Արցախի հարցի լուծումն իր ավարտին է հասցվելու դե ֆակտո Հայաստանի Հանրապետության մաս կազմող Արցախը հանրաքվեի միջոցով նաև դե յուրե Հայաստանի Հանրապետությանը միավորելով:
Իսկ մինչ այդ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի տերը Հայ ժողովուրդն է, որը ոչ մի գնով չի հաշտվելու իր Հայրենիքի այդ հատվածի օտարման որևէ գործարքի հետ և նման գործարք կնքելու պարագայում ամեն գնով վերականգնելու է իր խախտված իրավունքները:
ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ