Էմիլ Աբրահամյան. Աճում են Իրանի աշխարհառազմավարական ներուժը և դերը

2014 թ-ի հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կազմակերպած «Պաղեստինի հարցը ողջ մարդկության հարցն է» թեմայով սեմինարի ժամանակ «Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանի ելույթը

Հարգելի գործընկերներ
«Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու, ինչպես նաև դրան մասնակցելու նպատակով մեզ հրավիրելու համար:
Մինչ ելույթիս անցնելը, ուզում եմ ողջունել Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարն ու հերոսական դիմադրությունը: Մեր հոգու պարտքն եմ համարում նաև խորին ցավակցություն հայտնել հարյուրավոր անմեղ մարդկանց՝ երեխաների, կանանց ու ծերերի զոհվելու առթիվ և դատապարտել այն զանգվածային ոճրագործությունը, որ հերթական անգամ կատարվում է այդ բազմաչարչար հողում:
Ներկայումս աշխարհում արձանագրվում են տեկտոնական փոփոխությունների միտումներ, որոնք բավականին սուր կերպով արտացոլվում են Մեծ Մերձավոր Արևելքում և դրան հարող տարածաշրջաններում: Դրանց շարքում, մասնավորապես, կարելի է նշել հետևյալը.
Աշխարհը հետզհետե ավելի բազմաբևեռ է դառնում, ինչի հետևանքով աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողքին նշանակալի, երբեմն վճռորոշ կշիռ են ձեռք բերում տարածաշրջանային դերակատարների շղթաները, որոնցում կարևոր է դառնում ոչ այնքան դրանց կազմող օղակների մեծությունը, որքան որակը:
Ածխաջրածնային էներգակիրների կարևորությանը զուգընթաց՝ մեծանում են ցամաքային հաղորդակցային ուղիների նշանակությունը:
Աճում են Իրանի աշխարհառազմավարական ներուժը և դերը: Դրա համար հավելյալ և դրական դինամիկայով ավելացող ռեսուրս է Արևելքի և Արևմուտքի միջև Իրանի կամրջող դերի տարեցտարի մեծացումը, ինչի համար շատ նպաստավոր է Արևմուտքի և Իրանի հարաբերությունների ձևաչափը հակամարտայինից գործակցայինի փոփոխումը: Զուգահեռաբար՝ ներկայումս տարածաշրջանում հակամարտային տրամաբանությամբ տեղի ունեցող տրոհման միտումը հավասարակշռվում է Իրանի ինտեգրացնող գործոնի շնորհիվ, ինչը նպաստավոր հանգամանք է տարածաշրջանում երկխոսության տրամաբանությամբ նոր անվտանգային միջավայրի ձևավորման համար:
Այս միտումների հանրագումարը ենթադրում է ինչպես աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այնպես էլ տարածաշրջանի երկրների գերակայությունների վերանայում, ինչը կհանգեցնի Մեծ Մերձավոր Արևելքում անվտանգային միջավայրի ճարտարապետության փոփոխության: Իր հերթին՝ հավանական է դառնում արդիական կերպերի մեջ «Մետաքսի ճանապարհի» վերագործարկումը, ինչի շնորհիվ տարածաշրջանը ձեռք է բերում կարևոր և լրացուցիչ ևս մեկ մասնագիտացում՝ ածխաջրածնային մատակարարի հետ միասին վերածվելով նաև տարանցիկ-հաղորդակցային հանգույցի:
Այս միտումներին զուգահեռաբար՝ տարածաշրջանում դեռևս գերակշռում է հին պատկերացումների իներցիան, ինչի տիպիկ օրինակը Մերձավորարևելյան հակամարտությունն է:
Այն՝ իր միջուկը կազմող Պաղեստինյան հարցով հանդերձ, առ այսօր Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գլխավոր հակամարտությունն է և, ըստ այդմ, համակարգաստեղծ նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգային միջավայրի ճարտարապետության ձևավորման համար:
Մերձավորարևելյան հակամարտության բարդությունն էապես մեծանում է նաև այն հանգամանքի պատճառով, որ հին պատկերացումների կրողներն ըստ էության չեն հաշտվում Պաղեստինի տարածքը հրեական և արաբական հատվածների բաժանման ու ըստ այդմ առաջացող տարածքներում համապատասխան պետությունների գոյության իրավունքի հետ:
Ակնհայտ է, որ նման մոտեցման պարագայում հակամարտությունը կշարունակվի:
Մինչդեռ այդ հակամարտության դրական հանգուցալուծումն էական նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգային միջավայրի ճարտարապետության արմատական դրական փոփոխության և կայունության ու խաղաղության հաստատման համար:
Մեր կարծիքով, Մերձավորարևելյան հակամարտության մեջ ու Պաղեստինի հարցում պետք է կարևորվեն միջազգային-իրավական բոլոր առումները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, միջազգային մարդասիրական իրավունքը:
Ըստ այդմ՝ պետք է բացառվեն ազգային, ռասայական և կրոնական հիմքերով խտրականության և ատելության բոլոր դրսևորումները, առավել ևս՝ ցեղասպանական ակտերը:
Սակայն տարածաշրջանի անվտանգային միջավայրի ճարտարապետությունը շարունակում է մնալ հակամարտային տրամաբանության մեջ: Նման պարագայում ռազմավարություններն առաջ են մղվում կողմերի և հակամարտության գոտում գտնվող այլ սուբյեկտների, առաջին հերթին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հաշվին կամ առնվազն անտեսելով նրանց շահերն ու իրավունքները: Այդ պատճառով ձախողվում են նաև տարածաշրջանում հակամարտայինի փոխարեն երկխոսության սկզբունքով անվտանգային միջավայր ձևավորելու փորձերը:
Մեզ համար առանձին կարևորություն ունի Հայաստանի և Մերձավորարևելյան հակամարտության գոտում գտնվող հայկական փոքրամասնության նկատմամբ կողմերի վերաբերմունքը:
Օրինակ՝ Իսրայելի մասով լուրջ պրոբլեմներ կան Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականության ոլորտում: Դրանք փաստում են այն մասին, որ Հայաստանի նկատմամբ Իսրայելի ներկայիս վերաբերմունքը բարեկամական չէ:
Իսրայելը ռազմավարական տրամաչափի, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական, գործակցություն է զարգացնում Ադրբեջանի հետ: Այդպիսի գործակցության շնորհիվ Ադրբեջանի բովանդակ ռազմական հզորությունը կարող է էապես աճել:
Մյուս կողմից՝ Պաղեստինյան ինքնավարությունը հանդես է գալիս բարդ ու բազմաշերտ ռազմավարությամբ, որոշակի հարցերում աջակցում է Թուրքիային և Ադրբեջանին, իսկ Հայաստանի նկատմամբ, այդ թվում՝ Արցախի հարցի առնչությամբ, վարում է երկակի ստանդարտների քաղաքականություն, ինչը վնասում է հայության կենսական շահերին:
Հակամարտության պատճառով Պաղեստինում, առաջին հերթին՝ Երուսաղեմում, վտանգված են հայկական հոգևոր-մշակութային և այլ պատմական ժառանգությունը, հայկական թաղամասի գոյությունն ու հայկական համայնքի սեփականությունը: Այս հարցի կարևորությունն էապես աճում է նաև այն պատճառով, որ Երուսաղեմում հայկական գործոնը ներկայացնում է ոչ միայն իրեն, այլև բազմամիլիոն և բազմազգ արևելաքրիստոնեական համայնքներին:
Պաղեստինում հայկական ներկայությունը, ժառանգությունը և սեփականությունը հանգուցային նշանակություն ունեն հայության, ինչպես նաև արևելաքրիստոնեական բոլոր համայնքների շահերի ներկայացման առումներով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հայկական և արևելաքրիստոնեական գործոններն արդյունավետ կերպով կիրառել տարածաշրջանում նոր ձևաչափի ու բովանդակության անվտանգային միջավայրի ձևավորման նպատակով:
Այդուհանդերձ, Մերձավորարևելյան հակամարտության նկատմամբ Հայաստանն ու հայությունը պետք է որդեգրեն արդարացի և միջազգային իրավունքից բխող դիրքորոշում՝ ճանաչելով պաղեստինցիների՝ ինքնորոշման և պետություն ունենալու իրավունքը, ինչպես նաև դատապարտելով հակամարտության ընթացքում տեղ գտած ցեղասպանական ակտերը, մարդու իրավունքների խախտումները և անհամաչափ ուժի կիրառումը:
Նման մոտեցումը ենթադրում է, որ Իսրայելի և Պաղեստինյան ապագա պետության միջև սահմանների հարցը արդյունավետ և արդարացի կերպով հնարավոր է լուծել բացառապես նրանց միջև անմիջական պայմանավորվածության միջոցով:
Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ևս Հայաստանի մոտեցումը պետք է լինի արդար և կառուցողական: Երուսաղեմը երեք կրոնների գլխավոր սրբավայր է և ունի համամարդկային նշանակություն: Ուստի այն չի կարող ամբողջությամբ պատկանել որևէ կողմին: Միևնույն ժամանակ՝ պետք է լինեն միջազգային-իրավական գործուն երաշխիքներ, որոնք կապահովեն այնտեղ առկա բոլոր դավանական ներկայացուցչությունների իրավունքներն ու շահերը և նրանց ներդաշնակ համակեցությունը:
Մերձավորարևելյան հակամարտության նման լուծումը ոչ միայն էապես կազդի Մեծ Մերձավոր Արևելքի անվտանգային միջավայրի ճարտարապետության վրա, այլև կդառնա տարածաշրջանում առկա ուժերի և գործոնների միջև երկխոսության կենսագործման օրինակ և գործուն մոդել:

Շնորհակալություն ուշադրության համար

Share Button