«Ռեժիմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով». Ժիրայր Սէֆիլյան

Ժիրայր Սէֆիլյանի հոդվածը, որը տպագրվել է ARARAT ամսագրի 2015 թ. 14-րդ համարում: Հոդվածում հեղինակը թվերով և փաստերով հիմնավորում է, որ արտագաղթի, տնտեսության գերմենաշնորհացման և կառավարման մեթոդների բռնապետականացման հետևանքով ռեժիմը եթե ոչ այս պահին, ապա առնվազն 2017 թ. լիակատար վերահսկողություն է հաստատելու իրական ընտրողների մեծամասնության նկատմամբ և ընտրությունների ժամանակ ձևական իմաստով վերարտադրվելու է առանց խախտումների: Ուստի երկիրն աղետալի վիճակից հանելու համար ռեժիմին հեռացնելու միակ տարբերակը մնում է քաղաքացիական անհնազանդության միջոցով դրսևորվող ժողովրդական ընդվզումը:

 

Ռեժիմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով

Ժիրայր Սէֆիլյան

Տագնապով ու մտահոգությամբ պետք է փաստել, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայությունը դարձյալ կանգնած է գոյութենական մարտահրավերներին դեմ հանդիման և դարձյալ նրա քաղաքական օրակարգի գլխավոր հարցը ազգային պետության ստեղծումն է:

Սակայն այդ հարցի լուծմանը խոչընդոտում է Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմը: Ուստի արդյունքի հասնելու համար նախ հարկավոր է հեռացնել ռեժիմին: Եթե այս ռեժիմը ևս մի քանի տարի շարունակի կառավարել, ապա պետություն ունենալու մեր ռեսուրսը կսպառվի, ինչի պատճառով կկորցնենք պետականությունը, իսկ Հայրենիքում մնացող հայությունը կհայտնվի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առջև: Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար (ըստ 2014 թ. գարնան պաշտոնական տվյալների՝ նրանց մոտ 10 տոկոսը, իրականում՝ շատ ավելի մեծ մասը) Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունում, վկայում է ոչ միայն մարդկային ներուժի կորստի, այլև մեր ներքին գործերին միջամտելու ձևով երկրի արտաքին անվտանգությանը սպառնացող նոր և լուրջ ևս մեկ մարտահրավերի մասին:

Տեսականորեն գոյություն ունի ռեժիմին հեռացնելու սահմանադրական երկու ճանապարհ՝ ընտրություններ և քաղաքացիական անհնազանդությամբ դրսևորվող ժողովրդական ընդվզում:

Մինչ օրս փորձ է արվել ռեժիմին հեռացնել ընտրությունների միջոցով, սակայն այդ բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ ռեժիմը ընտրությունները վերածել է իր վերարտադրության անխափան և անընդհատ կատարելագործվող մեխանիզմի:

Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանում տեղի են ունենում ժողովրդի դիմադրական ռեսուրսը սպառող անդառնալի գործընթացներ, որոնց պատճառով ստիպված ենք ընդունել, որ արդեն այս պահին, իսկ առավել ևս՝ 2017 թ. հեռանկարում, այլևս անհնար է հույս փայփայել, որ ընտրությունների միջոցով կարելի է հեռացնել ռեժիմին:

Այդ գործընթացների թվում առավել նշանակալի են մարդաթափության չափերի հասնող արտագաղթը և ժողովրդագրական մյուս բացասական միտումները, ռեժիմի բռնապետացումը, արտագաղթի և տնտեսության շարունակվող գերմենաշնորհացման հետևանքով քաղաքացիների հիմնական զանգվածի կուտակումը ռեժիմի լիակատար վերահսկողության տակ գտնվող պետական և քրեաօլիգարխիական տնտեսության հատվածներում, աղետալի չափերի հասնող ու շարունակաբար ծավալվող աղքատացումը, ինչպես նաև իրական ընտրողների համեմատությամբ ընտրական ցուցակներում գրանցվածների քանակի արհեստական և, ցավոք սրտի՝ արդեն անհաղթահարելի առավելությունը:

Այս, ինչպես նաև մի շարք այլ գործընթացների պատճառով իրական ընտրողների կայուն մեծամասնությունը (շուրջ 700-800 հազար) իր կամքին հակառակ հարկադրաբար հայտնվում է ռեժիմի կատարյալ վերահսկողության ներքո:

Այս վերահսկվող ընտրազանգվածը գոյանում է պաշտոնական տվյալներով պետական հատվածում զբաղված 250.000 բյուջետային աշխատողներից (թերևս միակ ճշգրիտ պաշտոնական վիճակագրական տվյալն է) և նրանց ընտանիքների անդամներից, բանակում ծառայող շուրջ 40.000 զորակոչիկներից և նրանց մի մասի՝ ռեժիմի ազդեցության տակ գտնվող ընտանիքների անդամներից, քրեաօլիգարխիկ տնտեսության հատվածում զբաղված հարյուր հազարավոր քաղաքացիներից և նրանց ընտանիքների անդամներից, ինչպես նաև սոցիալական ծանր վիճակի և տարաբնույթ այլ պատճառներով ռեժիմի ազդեցությանը ենթակա հարյուր հազարավոր քաղաքացիներից:

Գաղտնիք չէ նաև, որ տնտեսության պետական և քրեաօլիգարխիկ հատվածների սերտաճման շնորհիվ ռեժիմը այս վերահսկելի ընտրազանգվածի նկատմամբ վարչականի և տնտեսականի հետ միասին ձեռք է բերում նաև սոցիալ-մշակութային ազդեցության լուրջ լծակներ, ինչի պատճառով վերը նշված թվերը կմնան ամուր և հաստատ, իսկ եթե փոփոխվեն, ապա միայն ավելանալու ուղղությամբ:

Դրա փոխարեն՝ շեշտակի նվազում է տնտեսապես և քաղաքականապես անկախ ու ակտիվ ընդդիմադիր ընտրազանգվածը: Արդեն 2013 թ. ամբողջ իրական ընդդիմադիր ընտրազանգվածը հազիվ վերը նշված թվերի սահմաններում լիներ: Թերևս կարիք չկա ապացուցելու, որ 2013 թ. ռեժիմի թեկնածուի կեղծ հաղթանակը տեղի է ունեցել առավելապես արհեստական ձայների գումարման, այլ ոչ թե քվեների գողության պատճառով: Ուստի բոլոր ընդդիմադիր ձայների պաշտոնապես արձանագրված 660.116 թիվը շատ հեռու չէր իրականությունից: Մինչդեռ միայն արտագաղթի պատճառով 2013 թ. համեմատությամբ մինչև 2017 թ. մենք կունենանք մոտ 100.000 ընդդիմադիր իրական ընտրազանգվածի կորուստ: Ուստի, եթե ոչ այս պահին, ապա 2017 թ. ռեժիմն ի վիճակի կլինի ընտրությունների մեխանիզմի միջոցով հաղթահարելու ժողովրդի մեծամասնության կամքը և անգամ կարիք չի ունենա օգտագործելու արհեստական ձայների առավելությունը:

Դիմադրական ներուժի ահագնացող նվազման պայմաններում իրական ընտրողների վրա ռեժիմի ազդեցության այսպիսի աճումն իր հերթին ակնհայտորեն ապացուցում է, որ բացարձակապես իրատեսական չէ նաև այն ծրագիրը, ըստ որի հնարավոր է մոբիլիզացնել մի քանի հազար սկզբունքային և գիտակից կողմնակիցների ու ընտրատեղամասերում ընդդիմադիր ձայները պահպանելու միջոցով արդյունքի հասնել: Եթե տեսականորեն ընդունենք, որ այդ քայլը մեզ կհաջողվի, միևնույն է, արդյունք չենք ունենալու, որովհետև, ինչպես վերևում նշվեց, ռեժիմն արդեն վերահսկում է իրական ընտրողների մեծ մասին և այլևս կարիք չունի կեղծիքներ կատարելու:

Ուստի ռեժիմին հեռացնելու միակ տարբերակը ժողովրդական ընդվզումն է: Ակտիվ և ընդվզելու պատրաստ քաղաքացիները պետք է հավաքվեն հրապարակում և վերածվեն քաղաքացիական անհնազանդության ունակ միասնական ու կազմակերպված ուժի:

Միայն այդ դեպքում կառաջանա ընդդիմադիր իրական ուժի բևեռ, ինչի շնորհիվ էապես կչեզոքացվի ռեժիմի վարչական, տնտեսական ու սոցիալ-մշակութային ազդեցությունը և նրա վերահսկողության տակ գտնվող քաղաքացիները նույնպես կկարողանան կամք դրսևորել ու մաս-մաս միանալ իրենց հայրենակիցներին: Եվ միայն այդ դեպքում ժողովուրդը կվերածվի անհաղթահարելի ուժի ու կհեռացնի հանցավոր ռեժիմին:

 

Share Button