Մեր պայքարը մտել է նոր փուլ, այդ պատճառով պետք է ձեռքբերումները նկատի ունենալով հանդերձ, ձեւակերպենք հաջորդ փուլի խնդիրը եւ շարժվենք առաջ:
ՀԷՑ-ի հետ կապված պատմությունը բացահայտեց, որ խնդիրը 7 դրամի մեջ չէ: Մենք տեսանք, որ Հայաստանի էներգետիկ համակարգում տիրող ամենաթողության եւ անպատասխանատվության մթնոլորտում տեղի ունեցած թալանի հետեւանքով փլուզման շեմին է հայտնվել ոչ միայն այդ համակարգը, այլեւ երկրի ամբողջ տնտեսությունը:
Բացահայտվեց նաեւ, որ այս ամենի համար մեղավոր են թե ՀԷՑ-ը կառավարող օտար ընկերությունը, թե ոլորտի կարգավորումը եւ վերահսկողությունն իրականացնող հայաստանյան մարմինները: Խոսքը վերաբերում է ոչ միայն հանրային ծառայությունները կարգավորող մարմիններին, այլեւ առաջին հերթին, երկրի քաղաքական ղեկավարությանը:
Երկրի կյանքում ռազմավարական նշանակություն ունենալու պատճառով էներգետիկայի ոլորտը պետք է լիներ նրա ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Մինչդեռ տարիներ շարունակ ոլորտը ոչ միայն բարձիթողի վիճակում է եղել, այլեւ կառավարող քրեական օլիգարխիան եւ ՀԷՑ-ի օտար կառավարիչները հանցավոր համաձայնությամբ իրար մեջ են բաժանել համակարգի թալանի արդյունքները:
Ստեղծված վիճակում միայն տնտեսական հարթությունում հնարավոր չէ լուծել այս խնդիրը: Եթե չլինեն քաղաքական պատասխանատվություն եւ երաշխիքներ, նույն թալանը կշարունակվի, իսկ այդ ընթացքում էներգետիկ համակարգը կարող է խափանվել եւ անգամ փլուզվել:
Մեր ժողովուրդը այս ամենը գիտակցում է, ուստի մարդիկ իրականում հրապարակ ու փողոց են գալիս քաղաքական փոփոխության տենչով եւ ամեն վայրկյան սպասում են երկիրն աղետի հասցրած ռեժիմին հեռացնելու կոչերին ու գործողություններին:
Երիտասարդների նախաձեռնությամբ եւ մեր ժողովրդի մասնակցությամբ առաջացած այս շարժումը կարիք ունի ընդարձակվելու եւ քաղաքական խորություն ձեռք բերելու:
Դա հնարավոր է կազմակերպել շարժման հենքի վրա առողջ ուժերին եւ անհատներին համախմբող քաղաքական հարթակ ձեւավորելով եւ դրա միջոցով պայքարը կազմակերպված ու հետեւողական դարձնելով:
Այդ հարթակը հնարավոր է ձեւավորել չվարկաբեկված քաղաքական եւ հասարակական գործիչներին, քաղաքագետներին, ինչպես նաեւ քաղաքական ասելիք ունեցող երիտասարդներին բեմ տրամադրելու եւ քննարկումներ կազմակերպելու միջոցով:
Այսպիսի հարթակը հնարավորություն կտա հաղթահարելու ներքաղաքական պառակտումը, ձեւակերպելու երկրին այս վիճակից հանելու քաղաքական պահանջներ եւ օրակարգ:
Ուստի դիմում ենք քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ բոլոր ուժերին ու անհատներին եւ հրավիրում ենք մասնակցելու այս գործընթացին:
ՈՉ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՆ