Այս աշխարհում նյութական գործոններն ամեն ինչ չեն որոշում

Զրույց Ժիրայր Սեֆիլյանի հետ

 

Սերնդի մասին

im_069Ես ծնվել եմ 1967 թվականին Բեյրութում: Այստեղ են լույս աշխարհ եկել նաեւ իմ երկու ավագ եղբայրները եւ քույրս. մենք պատկանում էինք երրորդ սերնդին: Ցեղասպանության ժամանակ փրկվելով մահից՝ տասնհինգամյա դեռահաս պապս ոտաբոբիկ հասել է մինչեւ Լիբանան: Հայրս ծնվել է արդեն Բեյրութի Աշրաֆիե թաղամասում. նա մահացավ, երբ լրացել էր իմ տասնմեկ տարին: Ափսոս, որ նա այդպես էլ չտեսավ Հայաստանի անկախությունը:

Հազիվ աչքերը բացելով՝ իմ սերունդը տեսավ պատերազմ: Ես ութ տարեկան էի, երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմ, եւ դրա առաջին օրերից մեր տունը հայտնվեց խրամատներից ութսուն մետրից էլ պակաս հեռավորության վրա: Երբ 1990 թվականին ես մեկնեցի Հայաստան, պատերազմը Լիբանանում դեռ չէր ավարտվել: Այդպիսով, գիտակցական  կյանքիս գրեթե քսան տարին ես պատերազմ եմ տեսել:

Մենք ազգային դաստիարակություն ենք ստացել թե ընտանիքում, թե դպրոցում, թե կուսակցական ակումբում:  Ես  հաճախում էի հայկական դպրոց, դաստիարակվում դաշնակցական միջավայրում, կուսակցության պատանեկան, հետո էլ երիտասարդական կազմակերպության անդամ էի, մտա կուսակցության շարքերը: Մենք ձգտում էինք պահպանել ազգային արժեքնեըր, ազգային արժանապատվությունը: Օրինակ, երբ տղայական ընդհարումներ  էին պատահում մեր եւ արաբ դեռահասների միջեւ, անձնական վիրավորանքները մեզ այնքան խիստ չէին հուզում, որքան Հայաստանի կամ մեր ազգի հասցեին վիրավորանքները. դա մենք չէինք ներում:

Թեեւ մեր սերունդը ծնվել եւ մեծացել է Լիբանանում, մենք երբեք մեզ լիբանանցի չենք զգացել: Ինչպես եւ շատ ուրիշները, ես մանկուց երազում էի վերադառնալ Հայաստան: Եվ մեր սերնդի բախտը բերեց՝  մենք ստացանք նման հնարավորություն:

Մանկություն եւ պատերազմ

 

Իհարկե, մանուկ հասակում դժվար է հասկանալ կյանքի արժեքը: Մեզ՝ երեխաներիս համար պատերազմի մթնոլորտը հրապուրիչ էր. այստեղ մարդ կարող էր իրեն չափազանց վառ կերպով դրսեւորել: Ես միշտ մտածում էի այն մասին, որ ինչ-որ ժամանակ զենքը ձեռքիս պետք է հայտնվեմ Հայաստանում, թեեւ այդ մասին բարձրաձայն չէի խոսում: Հինգ տարի առաջ, երբ մայրս դեռ ողջ էր, ես գտա իմ մանկապարտեզի ժամանակվա նկարածը, որի մասին վաղուց մոռացել էի. եռագույն     դրոշ Արարատ լեռան գագաթին եւ հրացան:

Ութ տարեկանւոմ ես առաջին անգամ ձեռքս զենք առա, եւ այն ժամանակից ի վեր պահպանում եմ սերը դրա հանդեպ: Ամեն  առավոտ մենք՝ երեխաներս, արթնանում էինք արշալույսին, ժամը հինգին-վեցին (հենց այդ ժամանակ էր սկսվում հատկապես ինտենսիվ հրաձգությունը) եւ վազում էինք հավաքելու պարկուճները, որոնք հետո որպես պղինձ հանձնում էինք վերաձուլման: Վաստակած փողով ինքներս փամփուշտ էինք գնում եւ դրանք առաջարկում մարտիկներին. տասը փամփուշտի դիմաց մեզ թույլ էին տալիս մեկ անգամ կրակել հրացանով: blog32st52Այն ժամանակ, հակամարտության սկզբին հիմնական զենքը հրացաններն ու կարաբիններն էին, հետո արդեն սպառազինությունում հայտնվեցին «կալաշնիկովները»,  «Էմ-16»-երը:

Մանուկ հասակից ես ունեի օդաճնշական հրացան, տասնչորս տարեկանում ես սեփական խնայողություններով գնեցի իմ առաջին մարտական ատրճանակը: Եվ մինչեւ Հայաստան  մեկնելը միշտ մոտս էի պահում: Ուր էլ որ գնայի Լիբանանում, այս կամ այն եղանակով ինձ հաջողվում էր խուսափել պահակետերից եւ ստուգումներից՝ իր դերն էր խաղում երիտասարդությանը բնորոշ արկածախնդրությունը:

Պատերազմի պայմաններում մարդ արագ է հասունանում: Արդեն 15-16 տարեկանում ես սկսեցի մտածել ազգային խնդիրների, համայնքի պահպանման, սերունդների հաջորդականության մասին: Հանուն զվարճանքների ապրելու ցանկություն ես չունեի. հենց իրավիճակն ինձ ավելի շատ մղում էր դեպի ազգայինը: Պատերազմի մթնոլորտում յուրաքանչյուր ժողովրդի շրջանում տեղի է ունենում  բյուրեղացում, եւ եթե Լիբանանի համայնքն ունի իր առանձնահատկություները, որոնցով տարբերվում է մյուսներից, դրա պատճառը պատերազմն է, որն ամրապնդում է ու մաքրում: Մեր սերնդում ազգային զգացմունքի դրական կողմերն ավելի  ուժեղ էին արտահայտված, քան նախորդում, թեեւ սովորաբար գործում է հակառակ օրինաչափություն, ամրությունը ժամանակի ընթացքում քայքայվում է, եւ մարդ թուլանում է: Սակայն պատերազմը մեզ ստիպեց հրաժարվել օտար ամեն բանից, ինչին մենք արդեն վարժվել էինք մեր կյանքում. օրինակ, այսուհետեւ մենք նախընտրում էինք ունկնդրել հայկական երաժշտություն: Ու նաեւ մեր մեջ մանկուց ի վեր արմատավորվել էր արդարության գաղափարը: Հիշում եմ այսպիսի դեպք. մեզ մոտ աճեցնում էին յուրահատուկ միրգ, որն անվանում էին «նոր  աշժխարհ»: Մենք՝ երեք տղաներ, սողոսկեցինք ուրիշի այգի, մրգեր քաղեցինք, հետո դրանք գետնին թափեցինք, որպեսզի բաժանենք: Վերջում ողջ կույտից մնաց երկու հատ. ինչպե՞ս դրանք բաժանենք երեքիս միջեւ: Մենք դրանք դեն նետեցինք, որպեսզի հավասարությունը չխախտենք. այդ գաղափարը մենք հասկանում էինք մանուկ հասակից:

Նմուշներ՝ ընդօրինակելու համար

Մեր սերունդն ըստ հասակի ընդամենը մի քանի տարով էր տարբերվում լիսաբոնյան հնգյակի տղաներից: Նրանցից մեկը՝ Սեդրակ Աճեմյանը, մեր ակումբի  անդամ էր: Նրանց վախճանը, նրանց սխրանքը մեծ ազդեցություն գործեցին մեզ վրա: Մենք արդեն ընտրել էինք մեր ուղին եւ հույս ունեինք մեկ անգամ ինքներս էլ անձնազոհություն դրսեւորել: Ի դժբախտություն մեզ, այն ժամանակ Թուրքիայի դեմ ցուցադրական զինված գործողություններն արդեն դադարեցվել էին, եւ մենք ստիպված էինք դաստիարակչական աշխատանք ստանձնել: Արդեն վաղ հասակում սկսեցինք զբաղվել հաջորդ սերնդի դաստիարակությամբ՝ գաղափարական եւ ֆիզիկական: Ինձ համար հեղինակություններ էին նաեւ ֆիդայիները եւ քսաներորդ դարասկզբի ազգային գործիչները՝ Նիկոլ Դումանը, Արամ Մանուկյանը, Ռոստոմը եւ ուրիշներ: Այդ մարդիկ արարում էին պատմություն, նրանք ապացուցեցին ոչ միայն իրենց կազմակերպական ունակությունները, այլեւ նվիրվածությունը գործին: Այդպիսի մարդիկ չափազանց կարեւոր են: Առաջին հանրապետության գոյության ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում քաղաքական վերնախավում նրանք ավելի շատ էին, քան ներկայիս անկախ Հայաստանում:

Մարտական ուղին

Այն ժամանակ քաղաքացիական պատերազմի առնչությամբ մենք անցնում էինք նաեւ ռազմական ուսուցում: Հետո ես ինքս դարձա ռազմական հրահանգիչ: Երբ 1988 թվականին Հայաստանում   սկսվեց ազգային շարժում, ես սկսեցի լրջորեն նախապատրաստվել վերադարձի եւ 1990         թվականին ժամանեցի Դաշնակցության խողովակներով՝ որպես ռազմական հրահանգիչ: Ինձ ուղարկեցին վեցամսյա ժամկետով , սակայն ես հրաժարվեցի հետ վերադառնալ:

blog32st53

1990 թվականին ես եղա Հայաստանի բազմաթիվ շրջաններում՝ ուսուցանելով կազմավորվող ջոկատներին: Մարտական գործողություններին ես մասնակցել եմ 1991 թվականի գարնանից: Ապրիլի 30-ին մենք մեկնեցինք օգնության Գետաշենին՝ նրա անկման օրը: Մեր ժամանման պահին այն արդեն գրավված էր, եւ մեր ուղղաթիռներն ստիպված էին վայրէջք կատարել Գյուլիստանում: Շահումյանում մենք հանդիպեցինք մարդկանց, ովքեր փրկվել էին Գետաշենի եւ Մարտունաշենի գրավումից հետո, այնուհետեւ փոխարինել էին նրանց, ովքեր պաշտպանում էին  Բուզլուխ , Մանաշիդ, Էրքեջ, Հայ-Պարիս գյուղեը: Այն ժամանակ ես կցված էի ջոկատին որպես ռազմական խորհրդական: Մենք՝ սփյուռքահայերս, ձգտում էինք թաքնվել խորհրդային զորքերից, որոնք իրականացնում էին անձնագրային ռեժիմի ստուգումներ: Հայաստանից ժամանածները գոնե ինչ-որ փաստաթղթեր ունեին, իսկ մենք ոչինչ չունեինք, եւ դա նշանակում էր անխուսափելի ձերբակալություն: Հայ-Պարիսի մոտ մարտերում ջոկատները կրեցին առաջին կորուստները. Իմ աչքի առջեւ խորհրդային զորքերի կրակից հինգ մարդ զոհվեց:

Մի քանի ամիս Շահումյանի շրջանում անցկացնելուց հետո ես վերադարձա Հայաստան, Ալավերդի: Այնտեղ զբաղվում էի քաղաքի բնակիչներից կազմված նոր ջոկատի զինվորական պատրաստությամբ, որի հետ դարձյալ մեկնեցի Շահումյան: Այն ժամանակ տեղի էր ունենում նահանջ Բուզլուխից եւ Մանաշիդից: Չափազանց ծանր  տպավորություն էր թողնում  մեր սարսափելի անկազմակերպվածությունը, այլ կերպ չէր էլ կարող լինել քաղաքական ղեկավարության տհասության եւ զինվորականի ապաշնորհության պայմաններում: Թեւ ներուժ մենք ունեինք, այդ թվում՝ նաեւ Սփյուռքում: Մեծ ներուժ կար նաեւ մերձավոր Սփյուռքում. մենք չկարողացանք ճիշտ օգտագործել  Խորհրդային բանակի փորձառու հայ մասնագետ-սպաներին: Ի սկզբանե ամեն ինչ դրված էր ոչ մասնագիտական հիմքի վրա, ինչը մեզ մեծ վնաս պատճառեց: Շահումյանը դժվար չէ պահել, եթե հոգեկերտվածքը լիներ այնպես մարտական, ինչպիսին դարձավ 1993 թվականին: Մենք կարող էինք թողնել մի քանի գյուղ եւ կենտրոնանալ անտառներում, զբաղեցնել բարենպաստ դիրքեր եւ այդ գյուղերը վերածել գերեզմանոցի թշնամիների համար:

1991 թվականի վերջին ես մի քանի տղաների  հետ Ստեփանավանում ուսուցանում էինք 56 մարդուց բաղկացած ջոկատ՝ առաջին անգամ դառնալով ջոկատի հրամանատար: Ջոկատն ուղարկեցին Բերդձորն  ազատագրելու առաջադրանքով, ընդ որում մեզ ուղեկցում էր դեպի ուղղաթիռներՎազգեն Սարգսյանը: Ջոկատը երկու ուղղաթիռնելով հասցվեց Հադրութ, որտեղ  մեզ դիմավորեցին Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադեւոսյանի) մարդիկ: Սակայն քանի որ հրամանատարն այն ժամանակ Ագոն էր (Արկադի Կարապետյան), ես որոշեցի գտնել նրան եւ համատեղ մշակել առաջիկա գործողությունների մասին ընդհանուր որոշում: Մենք ստիպված էինք ոտքով  հասնել Մեծ Թաղլարից մինչեւ Տող: Վազգեն Սարգսյանը Երեւանօւմ խոստացել էր մեզ օգնության ուղարկել  «աֆղանցի»  վետերաններին, ձեռնարկել այլ գործողություններ, սակայն  ոչինչ չարվեց:

Ստեփանակերտում ես հանդիպեցի Ագոյին եւ Կոմանդոսին եւ նրանց ասացի, որ մինչեւ Շուշիի ազատագրումը Բերդաձորում գործողություն անցկացնելը, պարզապես, անհեթեթ է: Նրանք համաձայնեցին  եւ առաջարկեցին ջոկատը բերել Ստեփանակերտ՝ Կրկըժանի կողմից գրոհներից քաղաքը պաշտպանելու համար: Մենք ժամանեցինք նոյեմբերի վերջին, երբ խորհրդային զորքերը դեռ այնտեղ էին, եւ առաջին ջոկատն էինք Հայաստանից, որը բացեիբաց քաղաք մտավ: Դա,  իհարկե, ոգեւորեց արցախցիներին: Այն ժամանակ Արցախում գործում էին միայն ոչ մեծ խմբեր, իսկ մեր ջոկատն արդեն բավականին բազմամարդ էր: Բացի այդ, մարտիկները ոչ թե տեղացիներ էին, այլ՝  Հայաստանից եւ, մասամբ, Սփյուռքից:

blog32st54

Այստեղ առաջին անգամ սկսվեց անջատ ջոկատներից կանոնավոր վաշտերի կազմավորման գործընթացը: Մենք զբաղվում էինք ղարաբաղցիներին պահակետերի կազմակերպման կանոնների ուսուցմամբ, սովորեցնում էինք խնայել զինամթերքը, որի սուր պակաս էր զգացվում: Տղաները լավն էին, սակայն՝ դեռեւս անփորձ: Անցկացրեցինք մի քանի հաջող գործողություններ, ինչը նույնպես նպաստեց բնակչության եւ մարտիկների դեռեւս չամրապնդված ոգու բարձրացմանը:

Հետո ես դարձյալ մեկնեցի երեք-չորս շաբաթով եւ վերադարձա արդեն 1992 թվականի մարտին, որպեսզի մասնակցեմ Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստմանը: Ժամանեցի ոչ մեծ ջոկատի հետ, որն արագորեն սկսեց համալրվել հայաստանցի կամավորականներով եւ մի քանի սփյուռքահայ տղաներով՝ ավելանալով մինչեւ շոււրջ երեք հարյուր մարդ: Մեր ջոկատը դարձավ թվակազմով ամենախոշոր ստորաբաժանումը, որ մասնակցում էր գրոհին: Բուն գործողության ընթացքը լավ հայտնի է, այն տեղի էր ունենում մարտական ոգու առավելագույն վերելքի պահին: Չկար մեկը, ով չցանկանար մասնակցել, իսկական հերթ էր գոյացել: Մարդիկ դադարել էին վախենալ մահից, մտածել դրա մասին:

Ջոկատը բաժանվեց մի քանի մասի, մեծ մասն իմ անմիջական ղեկավարությամբ անցնում էր հակառակորդի թիկունքը: Մնացած երեք դասակները գրոհում էին Աշոտ Բեկորի եւ նրա տղաների հետ միասին: Մի քանի ժամ անց մենք իմացանք, որ հակառակորդը փախել է : Ճիշտ է, հաղթանակը մեզ համար մթագնվեց բեյրութցի Վիգեն  Զաքարյանի կորստով. ողջ ջոկատի ամենակրտսերը վախճանվեց ծանր վիրավորման հետեւանքով: Մինչեւ գրոհն սկսելը ես նրան առաջարկեցի մնալ Ստեփանակերտում, ավելի տարիքով մարտիկները նույնպես ասում էին, որ նրան հարկավոր է թողնել: Բայց ես չէի կարող մարտի գնալու իրավունքից զրկել մի մարդու, ով այդքան երկար ճանապարհ էր անցել: Իհարկե, բարոյապես ծանր է վերապրել ամենաերիտասարդի մահը: Մենք հետ էինք վերադառնում ծանրացած սրտերով, սակայն մարդկանց ընդհանուր ցնծությունն այնքան մեծ էր, որ մեր տղաները չէին կարող չուրախանալ բոլորի հետ միասին, թեեւ իրենց ուսերին դրած բերել էին ամենասիրելի ընկերոջ դին եւ հենց նոր մեծ վիշտ էին ապրել: Կատարածի կարեւորության գիտակցումն ստիպում էր մոռանալ սեփական ցավի մասին:

Մենք վերաբազավորվերցինք Ստեփանակերտից Շուշի եւ դարձանք այդ քաղաքում բնակավորված առաջին հայկական զորամասը: Արդեն սկսել էր կազմավորվել բանակը, եւ մեր վաշտը շուտով խոշորացավ՝ ստանալով առանձնակի գումարտակի կարգավիճակ: Այն ժամանակից մինչեւ պատերազմի վերջին օրերը, գտնվելով օպերատիվ պահեստում, մենք եղել ենք ճակատի ամենատարբեր տեղամասերում. այդ մասին  բավականին լավ հայտնի է:  Երկու տարվա ընթացքում, Շուշիի գրոհի նախապատրաստման  պահից մինչեւ հրադադարը, մեր զորամասն առաջավոր դիրքերից բացակայել է ընդամենը երկու շաբաթ: Ռազմական տրամաբանության շրջանակներում դա անհնար է, սակայն ամեն ինչ եղել է հենց  այդպես, քանի որ պահանջը մեծ էր:

Մեր վիճակը մյուսներից ավելի ծանր էր: Տեղի ղարաբաղցի մարտիկները կարող էին ինչ-որ ժամանակ անցկացնել իրենց տանը:  Մեր զորամասի տղաները հեռու էին թե տնից, թե հարազատներից: Զինվորական ղեկավարությունը տեսնում էր մեր հավատարմությունը  պարտքին եւ այն օգտագործում էր հօգուտ գործի, մշտապես մեզ ուղարկելով այնտեղ, ուր ծանր մարտեր էին ընթանում: Հիմնականում, ես ընդունում էի բոլոր հանձնարարությունները եւ միայն հազվադեպ էի հրաժարվում. այն ժամանակ նման բան դեռ հնարավոր էր: Մեր զորամասում ընդամենը 56 մարդ զոհվեց, եւ շուրջ 250-ը՝ վիրավորվեց:

Դրսի մարդիկ

Պատերազմի տարիներին արտասահմանից եկած յուրաքանչյուր հայի արցախցի հայերն ընդունում էին մեծ խանդավառությամբ. մարդը թողել էր իր ազատ կյանքը եւ եկել իրենց հետ կիսելու իրենց դժվարությունները: Կարծում եմ, հենց այդ հանգամանքն իր դերը խաղաց այն բանում, որ շուտով ես դարձա հրամանատար: Անվստահություն կամ, ընդհանրապես, որեւէ արգելք ես չէի նկատում: Իսկ եթե դու, որպես ջտոկատի հրամանատար,  քեզ բոլոր առումներով ճիշտ ես պահում, ապրում ես նույնպսի կենցաղային պայմաններում, ինչպես որ քո ենթակաները, մարտի դաշտում ձգտում ես քեզ վրա վերցնել գլխավոր ծանրությունը՝  քո հեղինակությունն էլ ավելի է բարձրանում: Մարդիկ նույնիսկ սկսում են քո մասին հորինել պատմություններ, լեգենդներ, որտեղ ամեն ինչ խիստ չափազանցված է:blog32st55

Սփյուռքից ժամանած հայերի օգուտն Արցախում ոչ այնքան նրանց թվակազմն էր կամ ռազմական հմտությունների եւ գիտելիքների փոխանցումը, այլ նրանց ժամանումը մարդկանց ոգեւորում էր հենց հայկական համերաշխության ցուցադրման փաստով: Իսկ ոգու վերելքը պատերազմում ամենակարեւորն է: Տեսնելով այդ համերաշխությունը՝  կասկածողները համոզվում  էին, որ պայքարի օգտին իրենց ընտրությունը ճիշտ է: Պատմությունից մենք գիտենք, որ ժամանակին նման ինչ-որ բան է տեղի է ունեցել նաեւ Արեւմտյան Հայաստանում: Սասունցիներն ամենահամարձակներից էին, սակայն նրանք էլ դիմադրելու համար միայն սեփական ուժերով  չէին կազմակերպվում ՝ դրսից պետք է մարդիկ գային: Հարկավոր էր հեղինակություն. շատ հայտնի ֆիդայիներ ծնունդով Արեւելյան Հայաստանից էին: Այսօր Ջավախքում նույնպես պետք է հայտնվեն հեղինակություններ դրսից, այլապես ժողովուրդը չի կազմակերպվի:  Բանն այն չէ, որ տեղում չկան արժանի առաջնորդներ, այլ մարդկանց բնորոշ է յուրայինների թերագնահատումը: Բացի այդ, յուրայինների միջեւ տեղ է գտնում որոշ նախանձ միմյանց նկատմամբ: Մոնթեին կամ ինձ հրամանատարություն վստահեցին նաև այն պտճառով, որ մենք դրսի մարդիկ էինք: 

 

Վախ

Վախն առաջանում է մարտի ամենասկզբում, այն տեւում է, համենայն դեպս, մի քանի րոպե: Վախ չունի, հնարավոր է, միլիոնից մեկը: Նրանցից, ում ես անձամբ ճանաչում էի, այդպիսին էր Աշոտ Բեկորը: Ես վախ էի զգում, սակայն պատերազմի յուրաքանչյուր ամսից հետո այն աստիճանաբար չքվում էր, եւ պատերազմի վերջին արդեն ես անհամեմատ ավելի քիչ էի վախենում, քան՝ սկզբում: Դա ուներ իր պատճառը՝  տղաների, զինակիցներիս մահը: Պատերազմի սկզբին ես աթեիստ էի, սակայն Ղարաբաղում հասկացա, որ կա Աստված, կա հոգի: Երբ ստիպված էինք կորցնել մոտ ընկեներին, ինչպիսիք էին Աշոտը, Պետոն, Վարդանը, ես  զգում էի, թե ինչպես եմ ամրապնդվում հոգեպես: Դառնում եմ ավելի վճռական եւ հետեւողական գործի հանդեպ, այն ավարտին հասցնելու հանդեպ: Ֆիզիկապես մենք մեծ կորուստներ էինք կրում, սակայն ընկածների ուժը փոխանցվում էր մեզ:

Ինձ համար հատկապես մեծ նշանակություն ուներ Աշոտ Բեկորի կորուստը: Դրանից հետո իմ վիճակը միանգամայն փոխվեց, վախը, գործնականում, ի չիք դարձավ:

Թշնամիներ թիկունքում

Վտանգը կարող է բխել նաեւ թիկունքիդ հետեւում գտնվող թշնամիներից: Ճիշտն ասած՝  պատերազմի ընթացքում ես այդ վտանգն զգում էի որպես անտեսանելի ուժ: Օրինակ, Աշոտ  Բեկորի պարագայում հարյուր տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ նրան սպանել են հայերը: Եվ նրա դեպքը բնավ միակը չէր: Իշխանւոթյունը վախենում էր բարոյական հեղինակություն blog32st56ունեցող մարդկանցից: Ամբողջ երկու շաբաթ Մարտակերտի ճակատի տեղամասերից մեկում ոչ մի կրակոց չէր հնչել: Երբ ես եկա ստուգման եւ մոտեցա առաջավոր դիրքին, հակառակորդն սկսեց ականանետային գնդակոծություն: Անցնելով մի խրամատից մյուսը՝ ես ձգտում էի ինձ այնպես պահել, որպեսզի վստահություն ներշնչեմ ենթականերիս: Նրանց ստիպում  էի պառկել, իսկ ինքս չէի պառկում, այդ պատճառով էլ վիրավորվեցի: Ստույգ կարող եմ ասել, որ գնդակոծությունը հուշված էր մեր թիկունքից: Թե դա ինչ խաղ էր, ով էր խաղում, հնարավոր է, ինչ-որ ժամանակ պարզվի:

 

 

 

Կուսակցականությունը պատերազմում

Ըստ էության, մեր ստորաբաժանումն առաջ էր եկել դաշնակցական ջոկատների միավորման արդյունքում: Ղարաբաղում մեզ անվանում էին դաշնակցական գումարտակ, իսկ ինձ՝ դաշնակ Ժիրո: Պատերազմի ժամանակ մենք կուսակցականությունը չէինք նկատում, սակայն խտրականություն էինք զգում քաղաքական ղեկավարության կողմից: Դրան հանգիստ էինք վերաբերվում,  չէինք սրում իրավիճակը, հասկանալով, որ պատերազմը հարմար ժամանակ չէ  ներքին տարաձայնությունների համար: Կուսակցական պատկանելություն ունեցող մարդկանցից այն ժամանակ ՀՀՇ-ից՝ Ղարաբաղում կար ընդամենը երեք մարդ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ողորմած Լեոնարդ Պետրոսյանը: Մնացածը, հիմնականում, դաշնակցականներ էին: Մեկ անգամ պատահեց կուսակցական հետապնդման դեպք, ես ստիպված էի միջամտել, որպեսզի ազատեմ բանտարկված դաշնակցականին: Սակայն մինչեւ պատերազմի ավարտը լուրջ խնդիրներ չէին ծագում:

Դաշնակցություն

Ինձ համար ի սկզբանե Դաշնակցությունը բանակ էր, այլ ոչ՝ կուսակցություն: Լիբանանում քաղաքացիական պատերազմի մթնոլորտում մենք ի դեմս Դաշնակցության տեսնում էինք մեր ժողովրդին ֆիզիկապես պաշտպանելու միջոց, եւ այդ խնդրի 99 տոկոսը  կատարում էր կուսակցությունը: Որպես կուսակցության փաստացի անդամ՝ ես, ըստ էության, երբեք  կուսակցական չեմ եղել: Տեղափոխվելով Հայաստան՝ ես ոչ մի կուսակցական ժողովի չեմ մասնակցել, առավել եւս, որ առաջին տարիներին պատերազմը դրա համար ժամանակ չէր թողնում:

1992       թվականից Դաշնակցության ղեկավարության շրջանում ի հայտ եկան սուր տարաձայնություններ ինձ եւ իմ նմանների հետ: Սկսեցին հաշվի առնել քաղաքական շահերը, սկսվեցին բանսարկություններ: Լիբանանում Դաշնակցության բյուրոն մեզ համար յուրօրինակ առասպել էր: Հայաստանում, շփվելով բյուրոյի անդամների հետ, ես համոզվեցի, որ Դաշնակցությունը, դժբախտաբար, պատրաստ չէր վերադառնալ  Հայաստան: Մեզ վշտացնում էր Դաշնակցության կուսակցական կազմակերպման որակը Լիբանանում, եւ մենք հույս ունեինք, որ, վերջապես, ի հայտ կգա Հայրենիքում, Հայաստանում այդ կազմակերպությունը  նոր, ավելի մաքուր հիմունքով վերստեղծելու հնարավորություն: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Տեղական ուժերը՝ մաֆիան, ՊԱԿ-ը, թույլ չտվեցին, որպեսզի դրսից եկած կազմակերպությունն այստեղ աճի առողջ արմատներով: Առաջին օրվանից այնտեղ ներդրեցին իրենց մարդկանց եւ Դաշնակցությանը թույլ չտվեցին Հայաստանում կատարել իր առաքելությունը: Եթե այն օրերին մենք դեռ կասկածում էինք, թե կոնկրետ ով է ներդրվել, այսօր դա արդեն պարզ է: Նման իրավիճակ կուսակցությունը պետք է նախատեսեր եւ ամեն զենքի դիմաց ունենար սեփականը: Հարկավոր էր սահմանափակել սեփական շարքեր ներթափանցելու հնարավարությունը, սակայն սահմանափակումների բացակայության պայմաններում նման մարդիկ այսօր  կանգնած են ղեկի մոտ: Ի դեպ, մյուս կուսակցությունններում իրավիճակն ավելի լավ չէ: 1990-ական թվականներին  Սփյուռքն արդեն լուրջ հիվանդ էր, եւ հիվանդությունը խորանում էր:  Պարզվեց, որ Լիբանանում  իրավիճակն ավելի առողջ է, քան մյուս երկրներում՝  քաղաքացիական պատերազմի ակնհայտ պատճառներով: Հակառակ դեպքում այն կլիներ նույնպիսին: Մշակութային գործոնները մեզ թույլ տվեցին մնալ հայ, սակայն լիբանանահայերի կազմակերպված համակարգն առաջացավ միայն պատերազմի պատճառով: Սակայն Դաշնակցկություն կուսակցությունը չէր նախատեսել ԽՍՀՄ փլուզում, թեեւ պարտավոր էր ամեն օր սպասել վերադարձի եւ պատրաստ լինել: Ճիշտ այնպես, ինչպես մենք այժմ պետք է պատրաստ լինենք Հայաստանում առկա համակարգի փոփոխություններին: Փոխարենը՝ Դաշնակցության ղեկավարությունը խաղալիք դարձավ օտարերկրյա հատուկ ծառայությունների ձեռքին: Ոչ միայն կուսակցությանը չհաջողվեց վերադառնալ Հայաստան, մեզ բոլորիս չհաջողվեց կառուցել հայկական պետականություն, թեեւ այստեղ մենք կանգնած ենք մեր հողի վրա եւ ունենք նման հնարավորություն: ԽՍՀՄ-ում Դաշնակցությունն արգելքի տակ էր՝ արգելված պտուղը միշտ քաղցր է թվում: Պարզունակ կոմունիստական քարոզչությունը, փաստորեն, աշխատում էր հակառակ ուղղությամբ: Սկզբնական շրջանում ես ինձ վրա զգում էի, որ Հայաստանի բնակչության մեծ մասը մեծ հարգանքով է վերաբերվում Դաշնակցությանը: Իսկ երբ կուսակցությունն սկսեց իրոք աշխատել Հայաստանում, առասպելլը փշրվեց: Արցախում պատերազմի սկզբին ներուժը շատ մեծ էր, հարյուրավոր մարդիկ պատրաստ էին մարտնչելու գալ Բեյրութից, սակայն Դաշնակցությունը կանգնեցրեց այդ գործընթացը: Այնտեղ հասկացան, որ եթե այստեղ, Հայաստան շատ մարդ գա, շատերն իրենց համար կպարզեն իրական պատկերը, կուսակցական առաջնորդների համահայկական հեղինակությունը կընկնի, եւ կուսակցությունում տեղի կունենա իշխանափոխություն: Շուշիի ազատագրումից հետո դաշնակցական ղեկավարությունը որոշեց այլեւս այստեղ մարտիկների չուղարկել, ինչի հետեւանքով մեզ մոտ առաջ եկան սուր տարաձայնություններ: Այն ժամանակվանից մենք արտասահմանից համալրում էինք ստանում միայն անձնական միջամտությունից հետո եւ ճնշման ներքո: Կուսակցության ներուժը մեծ է ոչ միայն մարդկային ռեսուրսների իմաստով, այլ նաեւ՝ տեղեկատվական, տեխնիկական, նյութական ռեսուրսների իմաստով: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այդ ներուժը Ղարաբաղում օգտագործվել է ավելի քիչ, քան 2 տոկսով: Ինչու եւ հանուն ինչի էր հարկավոր խնայել այդ մնացած ներուժը, պայքարի ճակատը պարզ էր: Ըստ էության, Դաշնակցությունը Ղարաբաղի իրադարձություններն օգտագործել է հանուն Հայաստանի իշխանության պայքարի համար:

Քաղաքականություն հեռանալը

im_076Պատերազմից հետո ես ստիպված էի երկու տարի բացակայել Հայաստանից: Յուրաքանչյուր տարի ես մի քանի շաբաթով մեկնում էի Բեյրութ՝  տեսնվելու հարազատներիս հետ: 1994 թվականի նոյեմբերի վերջին ես մեկնեցի Երեւանից, իսկ դեկտեմբերի սկզբին մի շարք դաշնակցականներ ձերբակալվեցին: Կուսակցության ղեկավարությունում ինձ խորհուրդ տվեցին չվերադառնալ, որպեսզի ճաղերի հետեւում չհայտնվեմ:  Երկու տարի եւ երեք ամիս հետո չդիմացա եւ մեկնեցի Արցախ՝ չնայած կուսակցության բյուրոյի անդամների բոլոր      նախազգուշացումներին: Դրանից հետո դարձա կուսակցական ղեկավարության աչքի փուշը, նրանք չէին կարողանում հանդուրժել, որ ես չենթարկվեցի, ինքնուրույն վերադարձա Հայաստան:

Ղարաբաղում ինձ նորմալ ընդունեցին,  ես դարձյալ ընդունվեցի ծառայության:  1997 թվականին ես կարճատեւ զբաղեցնում էի դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը, այնուհետեւ նշանակվեցի վեցերորդ պաշտպանական շրջանի հրամանատար, որտեղ զորամասերը վատթարագույն վիճակում էին,  մեկ տարում ես ձգտեցի դրանք կարգի բերել: 1998 թվականի վերջին մենք Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի հետ պայմանավորվեցինք Քարվաճառում ձեւավորել պայմանագրայինների բրիգադ՝ իմ ղեկավարությամբ: Դա տարածաշրջանի հայ բնակչության վերածննդի  իմ ծրագրի բաղադրիչ մասն էր: Ծրագրով նախատեսվում էր, որ պատերազմի մասնակիցները, տեղեկանալով իմ նշանակման մասին, կցանկանան ընտանիքների հետ ժամանել  Քարվաճառ եւ մտնել բրիգադի շարքերը: Հարցի լուծումը մի քանի անգամ հետաձգվում էր ֆինանսական խնդիրների առնչությամբ,  քանի որ պահանջվում էր մի քանի միլիոն դոլար: Դժբախտաբար, այնուհետեւ սկսվեցին տարաձայնությունները Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ, ուստի քարվաճառյան իմ նախագիծը հետաձգվեց ընդհուպ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, որից հետո լիովին փակվեց:

Եվս երկու տարի ես մնացի զինվորական հրամանատարության «կադրերի բաժնի տրամադրության տակ», հետու տեսա, որ դա անիմաստ է, քանի որ նախագծի իրագործման հույս չկա: Մինչեւ 2000 թվականի ապրիլը ես զինվորական մարդ էի, հետո միայն սկսեցի զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պատճառը Քոչարյանի եւ Օսկանյանի վերաբերմունքն էր ազատագրված տարածքների հարցին, երբ դրանք սկսեցին անվանել «օկուպացված»: Ոչ մի կուսակցություն դեմ հանդես չէր գալիս, ստիպված էինք հավաքել ինտելեկտուալների, պատերազմի մասնակիցների, երիտասարդների մի խումբ, ձեւավորել ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնություն: Այն ժամանակվանից հասարակությունում, հատկապես երիտասարդության շրջանում, փոխվեց վերաբերմունքն այդ հողերի նկատմամբ: Մեզ հաջողվեց փոքր ուժերով հաջողության հասնել:

Հայաստանում ապրելու իրավունք

Հասարակական գործունեւությամբ ես սկսել եմ զբաղվել 1999  թվականի վերջին՝ 2000   թվականի սկզբին: Այդ ժամանակվանից ինձ սկսեցին հետեւել, լսել խոսակցություններս: Հետո հրավիրեցին ՕՎԻՐ նախազգուշացնելու, որ վաղը ես պետք է հեռանամ Հայաստանից: Կանխատեսելով իրադարձությունների նման շրջադարձ՝ ես հետս տարել  էի Առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանը:  Հարցնում եմ. «Ո՞վ է հրաման արձակել»:  Զրուցակիցս վկայակոչեց իր պետին: Ես նրան տվեցի շքանշանը եւ պատվիրեցի այն ցույց տալ իր պետին: Կես ժամ անց վերադարձավ, ասաց. «Բարի, պարոն Սեֆիլյան, մենք ձեզ հետ ավելի ուշ կկապվենք»:

Նրանք վերցրեցին իմ վիզան: Իսկ ես սկզբունքորեն չգնացի նորն ստանալու, ես դրա համար չէի վերադարձել Հայաստան եւ մարտնչել,  որպեսզի շեմքեր մաշեի՝ երկարաձգելով վիզաս: Դա անհեթեթություն է: Սովորաբար Պաշտպանության նախարարությունը հարցը լուծում է՝ տալիս է երկու-երեք տարվա վիզա: Սակայն այն պահից, երբ ես սկսեցի զբաղվել քաղաքականությամբ, պաշտպանության ոչ մի նախարար չէր համարձակվում միջամտել:

Որոշակի ժամանակ ես երկրում մնում էի ապօրինի, հետո դիմեցի քաղաքացիություն ստանալու համար: Երկու անգամ ինձ մերժել է Ռոբերտ Քոչարյանը՝ առանց որեւէ բացատրության, մեկ անգամ՝ Սերժ Սարգսյանը: Մերժումից մեկ տարի անց մարդն իրավունք ունի դարձյալ դիմում ներկայացնել, ես այդպես էլ վարվեցի: Սակայն այսօր վերեւում սկսել են ավելի խելամտորեն գործել. քաղաքացիությհուն ստանալու համար կարելի դիմել միայն այդ դեպքում, եթե կարգավորես ժամանակավոր մնալու կարգավիճակը: Ես դիմում եմ վիզա ստանալու համար, ինձ չեն տալիս: Ստացվում է, որ նախագահի աթոռն զբաղեցնողն անձամբ ինձ ոչինչ չի մերժում, պարզապես, ես իրավունք չունեմ դիմելու քաղաքացիություն ստանալու համար:

2006 թվականի դեկտեմբերին ինձ ձերբակալեցին: Նախ մեղադրանք ներկայացրեցին ՔՕ 301 հոդվածով՝ «բռնության հրապարակային կոչեր»: Սակայն ոչինչ չկարողացան ապացուցել եւ այն ժամանակ ապօրինի զենք պահելու մեղադրանք սարքեցին. խոսքը վերաբերում է որպես պարգեւ ինձ հանձնված ատրճանակին՝ համապատասխան փաստաթղթերով: Այն պահին Քոչարյանը, ինչպես ես հետո իմացա, մտադիր էր ինձ ընդմիշտ վտարել երկրից՝ մուտքի արգելմամբ: Դաշնակցության ղեկավարությունը միջամտեց՝ ոչ թե հանուն ինձ, այլ հանուն իրենց: Դարձյալ հայտնվելով  Սփյուռքում՝ ես կարող էի ստեղծել համապատասխան մթնոլորտ, աշխուժություն մտցնել սփյուռքի կիսամեռ վիճակում: Արդյունքում՝ իշխանությունները որոշեցին ինձ կալանքի տակ պահել մինչեւ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ավարտը եւ ազատ արձակեցին միայն 2008 թվականի հունիսին:

Ժողովրդի ներուժի թերագնահատումը

blog32st57Խորհրդային մարդու՝ անցյալից ժառանգած մտածելակերպում կային թե բացասական, թե դրական առանձնահատկություններ: Առաջիններից ձերբազատվելու եւ երկրորդները զարգացնելու փոխարեն տեղի է ունենում հակառակը: Ի տարբերություն 1918 թվի՝ 1988-1991 թվականներին անկախ Հայաստանի վերստեղծումն ավելի հեշտ էր: Սակայն 1991 թվականից բոլոր քայլերն, ըստ էության, հակապետական էին: Հակառակ դեպքում անհամեմատ պակաս զոհերի գնով կարելի էր հասնել ռազմական  ավելի մեծ հաջողության. չեմ բացառում, որ Ադրբեջանն ստիպված կլինել անձնատուր լինել: Եվ պետք չէ համոզել, թե իբր ինչ-որ մեկը դրսից դա թույլ չէր  տա: Մեզ ասում էին, թե արտաքին ուժերը թույլ չեն տա Աղդամի գրավում, հետո ասում էին, թե մեզ թույլ չեն տա դուրս գալ դեպի Արաքս:  Եթե այդ նպատակների մասին ասեին 1991 թվականին, քաղաքական գործիչները վստահաբար նրանց նվաճումները կհամարեին անհնար:

Արցախյան պատերազմն, ըստ էության, ազգային ազատագրական պայքար էր:  Դժբախտաբար, այն ժամանակ քաղաքական ղեկավարությունը թե Երեւանում, թե Ստեփանակերտում ապազգային էր: Բառափոխելով հայտնի արտահայտությունը՝ անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում գտնվում էին ոչ այն մարդիկ: Գաղափարական հայեցակարգերից եւ ծրագրերից զատ չափազանց կարեւոր է, որպեսզի պետության ստեղծման ժամանակ ճիշտ մարդիկ հայտնվեն ճիշտ տեղերում: Այդ խնդիրը մենք՝ հայ մարտիկներս, զգում էինք ռազմաճակատում. իրավիճակն անհեթեթ էր: Եվ եթե նման իրավիճակում մեզ հաջողվեց  հասնել արդյունքի, կարելի է պատկերացնել, թե մենք ինչի կհասնեինք ազգային քաղաքական ղեկավարության հետ:  Գաղափարախոսության տեսակետից, ըստ էության, տարբերություն չկա երեք նախագահների միջեւ: Տարբերություն կա մարդկային որակների առնչությամբ:  Տեր-Պետրոսյանի գլխավոր մեղքը՝ որպես ընտրված առաջին նախագահի, պարտվողականությունն է: Նա չէր կարողանում գնահատել մեր ժողովրդի ողջ ներուժը: Այդ վարակն սկսեց փոխանցվել եւ դարձավ  համազգային հարցերում Սերժ Սարգսյանի այսօրվա սխալ քայլեի պատճառ: Սակայն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր զիջել իր իշխանությունը, իր աթոռը:  Նրա հաջորդներն այդպիսին չեն, նրանց համար կարեւր է, ամենից առաջ, իշխանության պահպանումը: Ահա այն պատճառը, որը տանում է աղետի: Եթե եւս մի քանի տարի ոչինչ չձեռնարկվի, մենք արդեն ի զորու չենք լինի դադարեցնել գործընթացը:

Արտաքին ճնշում

blog32st58Տերությունների ճնշումն սկսվել է դեռ 1991  թվականին: Կայսրությունները մյուսներին պարտադրում են իրենց կանոնները, նրանք ցանկանում են Հայաստանը տեսնել այս կամ այն տեսքով: Դա, անկասկած, վատ է, բայց չպետք է հանգեցնի ոգու անկման: Եթե մենք ինքներս գիտենք, թե ինչ ենք ուզում, գիտենք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեր երկիրը, հաջողությունն անխուսափելի է, քանզի մենք կանգնած են սեփական հողի վրա: Օրինակ, ես երբեք չեմ փորձել Լիբանանում հայերի համար պետություն ստեղծել պետության ներսում, այնտեղ իրագործել ազգային կենսակերպին առնչվող իմ գաղափարները: Մենք դա պետք է անենք մեր հայրենիքում: Հայրենի հողն ամենագլխավոր հանգամանքն է, որը կարող է հաղթահարել ամեն մի խոչընդոտ:

Այս աշխարհում ամեն ինչ չէ, որ որոշվում է նյութական գործոններով եւ գործնական հաշվարկներով: Կա նաեւ հոգեկանը, կա այն, ինչը մարդու համար գաղտնիք է:

Նման գաղտնիքներից մեկը հայ ժողովրդի գոյատեւումն է առ այսօր: Եթե ուսումնասիրենք պատմությունը եւ կատարենք դրա գործնական վերլուծություն, մենք կհանգենք եզրակացության, որ հայերը պետք է անհետանային: Մինչ օրս ոչ ոք չի կարողացել նշել համոզիչ պատճառ, թե ինչպես ենք մենք պահպանվել որպես հայեր:  Դա վերստին հանգեցնում է առաքելության գաղափարին. մենք կանք, նշանակում է՝ կա ծրագիր, որը մենք պետք է գիտակցենք եւ իրագործենք:

Չնայած ամեն տեսակ արտաքին ճնշման՝ հաջողությունն անպայման կգա: Գլխավորն է՝  կանգնել սեփական հողի վրա, ունենալ հուսալի հենակետ եւ ժողովրդի, քաղաքական գործընթացների ղեկավարման ընթացքում վեր կանգնել անձնական եւ խմբային շահերից: Այս աշխարհում միշտ էլ կլինեն այնպիսիք, որոնք ճնշում են գործադրում, եւ այնպիսիք, ովքեր ճնշմանը տեղի են տալիս: Ես ավելի մեղադրում եմ երկրորդներին, քան՝ առաջիններին: Հարկավոր է ճնշմանը չենթարկվել, դիմադրել, ահա եւ ամենը:

Այսօր մենք ավելի շահավետ վիճակում ենք, քան նախորդ դարասկզբին: Այն ժամանակ տարածաշրջանում գործում եւ մրցակցում էին Ռուսական կայսրությունը, եվրոպական տերությունները, ԱՄՆ-ը: Այսօր այդ ուժերին ավելացել են եւս երկու խոշորագույն տերություններ՝  Իրանն ու Չինաստանը, մեզ համար դա ընդլայնում է խուսանավման հնարավորությունները: Այդ իմաստով աշխարհաքաղաքական մրցակցությունը տարածաշրջանում մեզ համար կարող էր ձեռնտու լինել կայացած հայկական պետության առկայության դեպքում: Այսօր Հայաստանը գործոն չի հանդիսանում, այն ընդամենը գործիք է, որը փորձում են օգտագործել ուրիշները: Հենց որ մենք դառնանք գործոն, անպայման կհայտնվի աշխարհաքաղաքական ուժ, որի համար հզոր Հայաստանն ավելի օգտակար կլինի, քան՝ թույլը:

Ազգային քաղաքական ուժը

blog32st59Անհրաժեշտ է նոր քաղաքական ուժ՝  նոր տրամաբանությամբ, նոր ոգով,  նոր գործելակերպով՝ զերծ ավանդական քաղաքականության կեղծ կանոններից եւ կեղծ վարվելակարգից: Այդ նոր քաղաքական ուժը պետք է լինի ազգային: Կարեւոր ազգային հարցերը հարկավոր է ներառել պետական ծրագրում: Ոչ 1991 թվականին, ոչ ավելի ուշ նման բան չի եղել: Երբեմն դա տեղի է ունեցել արտաքուստ, ձեւականորեն, սակայն բովանդակային իմաստով՝ ոչ: Խոսքը վերաբերում է ոչ թե ազգայնականությանը, այլ ազգայինը պահպանելու անհրաժեշտությանը, ինչը չի հակասում համամարդկային արժեքներին: Դրանք մենք շատ բարձր ենք գնահատում, սակայն այդ բարձր արժեքների իրականացումը տեսնում ենք ազգայինի միջոցով: Սա է մեր տարբերությունը աշխարհաքաղաքացիության բոլոր ձեւերից:

 

«Սարդարապատ» նախաձեռնությունը

«Սարդարապատ» նախաձեռնության իմաստն այն է, որ մենք ստանձնել ենք ժողովրդի դիմադրությունը գլխավորելու պատասխանատվությունը: Պրոֆեսիոնալ «սալոնային» քաղաքական գործիչներն ի վիճակի չեն պայքարելու այսպիսի վարչակարգի դեմ: «Սարդարապատ» շարժումը մարկանց չի բաժանում ըստ կուսակցական պատկանելության, այլ միավորում է բոլորին՝ հանուն գլխավոր խնդրի: Այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը եւ ողջ հայոց գործը: Ես լավատես եմ, եւ մենք փոքր հնարավորություններով արդեն հասել ենք որոշակի արդյունքի: Ամենից առաջ  հարկավոր է ոգեւորել մարդկանց, եւ դա արդեն հաջողվում է: Նախ հարկավոր է նախապատրաստել գլուխներն ու հոգիները, իսկ հետո անցնել պրակտիկ գործողությունների: Իհարկե, հակառակորդն  աշխատում է, ձգտում է մեզ  մարգինալիզացնել: Սակայն դա արդեն անհնար է:

Ապահովել թիկունքը

Այսօրվա քաղաքական գործընթացն ավելի նման է մարտի, քան սովորական քաղաքական գործընթացի, ուստի հարկավոր է, առաջին հերթին, ապահովել թիկունքը, կազմակերպվել, իսկ հետո արդեն սկսել աշխատել մարդկանց շրջանում: Չի կարելի շտապել, մեկ տարին ոչինչ չի որոշում: Մենք պետք է ընթանանք դեպի հաջողություն, մենք իրավունք չունենք դատարկ տեղը գործ սկսել, կազմալուծվել եւ հիասթափեցնել ժողովրդին:

Մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին  մենք ասում ենք, որ նրանք ուղղակի կամ անուղղակի ձեւով ժողովրդին դնում են մոլորության մեջ. Նրան ճիշտ ուղղությամբ չեն տանում, այդ թվում՝ հերթական ընտրություններին «քաղաքակիրթ» մասնակցության իրենց պատրաստակամությամբ: Մենք, ի տարբերություն նրանց, պնդում ենք, որ իրականում ընտրություններ չկան, կա նշանակում: Ընտրությունների միջոցով այլեւս չի կարելի է հասնել փոփոխությունների: Իսկ ի՞նչ եղանակով հասնել դրանց: Առայժմ մենք վերջնականապես չենք բացում փակագծերը, սակայն աստիճանաբար եղանակները կպարզորոշվեն: Մենք չափազանց կարեւոր ենք համարում գաղափարապես ձեւավորվելը, գործին նվիրված մարդկանց համախմբելը: Մտավորականների համախմբման արդյունքում պետք է ձեւավորվեն թե  մեր գաղափարական ծրագիրը, թե կադրային պահեստը: Միայն ծրագիրը քիչ է, հարկավոր է ցույց տալ, թե ով է այն կյանքի կոչելու: Իշխանության պետք է  գան նրանք, ովքեր ի ծնե կոչված են ծառայելու ժողովրդին:

Մեր առջեւ խնդիր է դրված՝ պետություն ստեղծել զրոյից: Այսօր մենք ունենք ոչ թե պետություն, այլ՝ դրա նմանակում: Այդ պատճառով առաջին տարիներին, մինչեւ իշխանության որակապես նոր  համակարգի ձեւավորումը հսկայական դեր կխաղան առանձին մարդկանց մարդկային եւ բարոյական հատկանիշները: Առողջ համակարգի ձեւավորումից հետո նա արդեն ինքը կսկսի անջատել ցածր բարոյական հատկանիշներ ունեցող մրադկանց:

Կառուցել պետականություն

im_080Քանի դեռ մենք սեփական մաշկի վրա չենք զգացել պետություն ունենալու անհրաժեշտությունը, այն չի ստեղծվի: Այժմ մենք արդեն զգում ենք այդ անհրաժեշտությունը: Ինձ համար ամենամեծ առօրյա ցավն այն բանի գիտակցումն է, թե որքան ժամանակ է զուր անցել եւ  դեռ անցնում է: Ոչ ոք երբեք չի ակնկալել, թե Աստված մեզ 20 տարի կտա սեփական պետության ստեղծման համար: Եվ 20 տարվա ընթացքում գլխավորն արվել է ոչ թե հօգուտ, այլ ի վնաս դրա: Մեր խնդիրն է կառուցել հայոց  պետականություն, ձեւավորել ազգային պետության համակարգ: Դրա իրականացման համար բավական չեն Հայաստանի հայերի ներուժն ու ուժերը: Հարկավոր է համահայկական ներուժը՝ ֆիզիկական, մտավոր, մասնագիտական, նյութական: Փորձի ներուժ: Ամենագլխավորն արտասահմանում, այնտեղ, ուր կան հայկական համայնքներ, այնպիսի համակարի ստեղծումն է, որն ապահովի Հայաստանի ներսում դիմադրության շարժման ավտանգությունը: Դարձյալ կրկնեմ. մեր գործունեությունն ավելի շատ նման է մարտականի, քան ավանդական-քաղաքականի՝ բառի ընդունված իմաստով: Ուստի նախքան մարտն սկսելը հարկավոր է ամեն կերպ ապահովել թիկունքը: Այդ իմաստով Սփյուռքի հայերի ակտիվ մասը, ովքեր  մտահոգված են Հայաստանի ապագայով եւ պատրաստ են գնալ որոշակի զոհողությունների հանուն գործի, պետք է  կազմի մեր թիկունքի ողնաշարը: Այսօր մենք ինտենսիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

Չկողմնորոշվել դեպի անհատը

Մենք ցանկանում ենք, որպեսզի թե Հայաստանում թե արտասահմանում մտածող մարդկանց շրջանում սկսվի խմորում, եւ դրանից հետո պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում «Սարդարապատը»՝ շարժում, ծրագիր թե ինչ-որ այլ բան: Մանիֆեստ գրելը դժվար չէ: Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի գաղափարական միավորումն արհեստական չլինի, չդառնա հերթական անգամ միավորում մեկ անհատի շուրջ: Անհատն, անշուշտ, խաղում է իր դերը, բայց սա երկար ժամանակի ընթացքում առաջին փորձն է հայկական իրականության մեջտ, երբ մենք մեկ առաջնորդի փոխարեն ցանկանում ենք ստեղծել ղեկավար խումբ: Խումբ, որտեղ որոշումները կայացվում են միասնաբար, խումբ, որը չի լինելու միակը, հարկավոր է ձեւավորել երկրորդ  եւ երրորդ էշելոնները, քանի որ մենք գործ ունենք ճնշողական համակարգի հետ եւ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:

Խումբը՝ դա նույնպես անհատներ են: Մեր շրջանում կան հասարակության տարբեր շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ, արվեստի մարդիկ, պատերազմի վետերաններ, գիտնականներ, երիտասարդ ակտիվիստներ: Հենց այդպես մենք կարող ենք ակտիվորեն մեր աշխատանքում ներգրավել հասարակությանը: Երիտասարդության մասնակցությունը հատկապես կարեւոր է: Եթե մեր շարժման անդամների մեծ մասը չկազմի երիտասարդությունը, մեր գործը տանուլ է տրված:

Պայքարի կանոնները

Ինչպիսի՞ հասարակական ուժերի վրա կարելի է հենվել Հայաստանում փոփոխությունների համար պայքարում: Առաջին հերթին հարկավոր է գործել այն քաղաքական դաշտից դուրս, որը լիովին զավթել է դիկտատուրան: Այստեղ ես նկատի ունեմ գործունեության եղանակն ու տրամաբանությունը: Առ այսօր վարչակարգի նկատմամբ ընդդիմության գլխավոր սխալը ոչ ճիշտ գնահատականներն են: 10-12 տարվա ընթացքում ընդդիմությունը  փորձել է գործել այնպես, կարծես թե գոյություն ունի քաղաքական գործընթաց՝ բառի դասական, եվրոպական իմաստով: Սակայն խոսքը վերաբերում է ոչ թե ավտորիտար վարչակարգին, այլ՝  դիկտատուրային: Իմ կարծիքով, մեր երկիրն օկուպացված է, եւ նշանակություն չունի, թե  ով է այդ օկուպացիոն վարչակազմի ղեկավարը՝ հայ թե օտարերկրացի: Այդ վարչակազմը մեզ օտար է, այդ համակարգը մեզ կեղեքում է: Առավել վառ վկայությունը. միայն Հայաստանում հայը հաց վաստակելուն առնչվող խնդիրներ ունի: Ուրիշ ոչ մի տեղ նա նման խնդիրներ չունի: Այո, արտասահմանում կան միջին բարեկեցության պայմաններում ապրող հայեր, սակայն նրանք ոչ մի տեղ չունեն այնպիսի խնդիրներ, ինչպես՝  Հայաստանում: Հայերը ոչ մի տեղ մուրացկանությամբ չեն զբաղվում, միայն՝ Հայրենիքում: Էլ չխոսենք կրթության, մշակույթի եւ և այլ ոլորտներում տիրող վիճակի մասին:

blog32st510Չի կարելի սեփական գնահատականներում սահմանափակվել մատնացույց անելով այն հանգամանքը, որ սահմանադրական կարգը չի գործում, բարեփոխումները ճիտ չեն իրականացվում: Այսօրվա համակարգի նպատակը մեկն է՝ հարստանալ ժողովրդի շահագործման հաշվին, պահպանել սեփական իշխանությունը: Եթե մենք ճիշտ գնահատենք առկա վարչակարզմը, կհասկանանք, որ ավանդականն քաղաքական եղանակներով չի կարելի այն իշխանությունից հեռացնել: Իհարկե, սխալ գնահատականներից զատ տեղ ունի նաեւ ընդդիմության անկազմակերպվածությունը: Այն մինչ օրս չի առաջարկել լուրջ այլընտրանք: Մեր ժողովուրդը գնացել է քվեարկելու ոչ թե Տեր-Պետրոսյանի կամ Դեմիրճյանի օգտին, նա քվեարկել է ընդդիմության օգտին միայն մեկ պատճառով՝ ցանկանալով փոփոխություններ: Մենք՝ «Սարդարապատը», առաջարկում ենք դուրս գալ այդ տրամաբանության շրջանակից, տալ ճիշտ գնահատականներ եւ դիմակայել վարչակազմին այսօր աշխարհում ընդունված օրենքների եւ խաղի կանոնների համաձայն: Ոչ թե իշխանությունների, այլ ժամանակի կանոնների  համաձայն, չէ որ ամեն մի ժամանակ ունի խաղի իր կանոնները:

Անշուշտ, խոսելով դիմադրության շարժման մասին,  մենք կոչ չենք անում դուրս գալ փողոց՝ զենքը ձեռքին: Մենք խոսում ենք քաղաքացիական դիմադրության օջախների ցանցի մասին: Գործողությունների նման եղանակի զարգացման ընթացքում ձեւավորվում է ներկայացուցչական խումբ, որը պատրաստ է ղեկավարել ժողովրդին: Մեկ անգամ եւս ընդգծում եմ՝ խումբ, այլ ոչ թե առաջնորդ: Խումբը հարկավոր է միասնական որոշումներ մշակելու համար, այն բանի համար, որպեսզի մեկ մարդու մեկուսացման դեպքում գործը կանգ չառնի:

Մենք ցանկանում ենք վճռական, հաստատուն քայլերով աստիճանաբար առաջ ընթանալ, թող  մենք ավելի ուշ հասնենք արդյունքի, բայց հասնենք դրան: Մյուս քաղաքական ուժերը, որոնք ես հիմնականում անվանում եմ «մեռած հոգիներ», այլ ճանապարհներով երբեք չեն կարող փոխել իրավիճակը: Նրանք գիտեն մեկ բան՝ մասնակցել ընտրությունների: Նման մոտեցման արդյունքում ՀՀՇ-ն մեկնում է Եվրոպա՝ կոմյունիկե ստորագրելու ադրբեջանական Մուսավաթի եւ այլ կուսակցությունների հետ միասին: Դաշնակցությունը գնում է Բաքու՝ մասնակցելու Սոցինտերնի հերթական խորհրդաժողովին: Բոլորը գիտեն, թե ով է վերահսկում Սոցինտերնը, ով է Հարավային Կովկասի նախագծի հեղինակը, բոլորը հիշում են այդ բրիտանական նախագիծը դեռ Անդրկովկասյան սեյմի ժամանակներից: Թե ՀՀՇ-ի, թե Դաշնակցության գործելակերպը միայն գործող իշխանությունների օգտին է:

Ժամանակն է ստեղծել առողջ, արտակուսակցական շարժում, հենվելով ոչ միայն Հայաստանի ազնիվ քաղաքացիների, այլեւ Սփյուռքի այն մարդկանց վրա, ովքեր կցանկանային հայկական պետություն ստեղծել Հայաստանում: Ողջ այդ ներուժւը հարկավոր է կազմակերպել եւ հետո միայն հանդես գալ համակարգի վերացման խնդրով: Ես համոզված եմ, որ համակարգը չափազանց թույլ է, քանի որ իշխանության բուրգին ծանոթ եմ ներսից: Ես համաձայն չեմ այն խոսակցություններին, թե մեր ժողովուրդը փչացել է, ոչնչի պիտանի չէ, թե ժողովրդի վերջը եկել է: Մեր ժողովրդին չի հաջողվի վախեցնել: Մակերեսայինն երեւույթները հաճախ խաբուսիկ են, հարկավոր է ներս թափանցել: Այն օրը, երբ կձեւավորվի ներկայացուցչական ղեկավար խումբը եւ վճռականորեն կասի իր խոսքը, տեղի կունենա  ողջ ժողովրդի  համախմբում:

Սփյուռքի դերը   

«Սարդարապատն» այսօրվա մյուս քաղաքական ուժերից տարբերվում է այն բանով, որ, ըստ մեր համոզմունքների, պետության ստեղծմանը,  Հայրենիքի արարմանը պետք է մասնակցի ողջ Հայությունը, այլ ոչ թե միայն նրանք, ովքեր այսօր ապրում են Հայաստանում: Անկասկած, ես նկատի ունեմ Հայության ակտիվ մասը: Մեր շրջանում ձեւավորվել է բացասական կարծրատիպ. Հայաստանի քաղաքացիները եւ Սփյուռքի հայերը չպետք է միջամտեն մեկը մյուսի գործերին: Այն շրջանառության մեջ է մտել 1991 թվականից, հետզհետե արմատավորվել է, Ռոբերտ Քոչարյանն այն կատարելագործեց, եւ այն գործում է առ այսօր:  Մենք կարծում ենք, որ ժամանակն է ձերբազատվելու այդ կարծրատիպից. յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ նա ապրի, անպայման իրավունք  ունի միջամտելու այն ռազմավարական գործընթացներին, որոնք առնչվում են մեր ժողովրդի անվտանգությանը: Նույնիսկ Զիմբաբվեի հայն իրավունք ունի հարցնելու, թե դուք ինչ եք կառուցում մեր Երեւանում, ինչու եք այն վերածում Բաբելոնի:

Հայը բարոյական իրավունք ունի ազդել այստեղ, Հայաստանում առկա իրադրության վրա, աշխատել այն փոխելու համար: Մենք ցանկանում ենք այս ինքնագիտակցությունը տարածել արտասահմանի հայերի շրջանում, անկախ այն բանից, թե նրանք կամ նրանց նախնիները երբ են հեռացել Հայաստանից: Մենք պետք է օգտագործենք այն մարդկանց ներուժը, ում մտահոգում է իրավիճակը Հայաստանում: Այժմ մենք  ակտիվորեն աշխատում ենք արտասահմանի հայկական միջավայրում, որպեսզի գտնենք եւ համախմբենք ինտելեկտուալներին, մեր համախոհներին: Եվ հետո միասին որոշենք արտասահմանում ձեւավորված այդ կորիզի գործառույթները, որը պետք է նպաստի պետության ստեղծմանը եւ Հայրենիքի արարմանը:

Հայության կազմակերպման փուլերը

Մենք՝ հայերս, մեր աշխատանքը պետք է բաժանենք մի քանի փուլի: Սկզբում համակարգային փոփոխություններ իրականացնենք Հայաստանում՝ քաղաքականության եւ իշխանության ոլորտում, այս հողում կառուցենք ազգային պետություն: Դրա համար  էլ հենց ստեղծվել է «Սարդարապատը»: Հանուն փոփոխությունների պայքարին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայերը, եւ մենք պարտավոր ենք դրա համար ստեղծել մեխանիզմ: Ինտերնետի հնարավորությունները չափազանց հեշտացնում են մեր խնդրի լուծումը, այն, կարծես, ստեղծվել է հատուկ այն ազգերի համար, որոնք ունեն մեծ սփյուռք:

Երկրորդ փուլում անհրաժեշտ է կազմակերպել Սփյուռքը: Այն դրոշը, որի ներքո  կարելի է ժողովել Սփյուռքը,  Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունն է եւ Արեւմտյան Հայաստանի խորհրդարանը:

Երրորդ փուլը հեռանկարում. այստեղ, Հայաստանում պետք է ստեղծվի ներկայացուցչական մարմին, եւ արեւմտահայերի ներկայացուցչական մարմնի հետ միասին անհրաժեշտ է ձեւավորել միավորված Կոնգրես: Այն պետք է պարբերաբար հավաքվի համահայկական խնդիրներ լուծելու համար:

Սակայն առայժմ, ընդգծում եմ, գերակայություն են համակարգային փոփոխությունները Հայաստանում: Եթե դա չհաջողվի, մնացյալ ամեն ինչ անիմաստ է: Առանց դրա Սփյուռքը չի կարելի կազմակերպել, քանի որ այն ինքնուրույն չի կարող ինքնակազմակերպվել, եւ որեւէ մեկի դրանում մեղադրել հարկավոր չէ: Այնտեղ կան բազմաթիվ հայրենասերներ, սակայն գեներատորը պետք է աշխատի աստեղ: Այսօր իշխանության համակարգը թույլ չի տալիս գործարկել այդ գեներատորը:

Ռազմավարական նախագծերում վճռական խոսքը պետք է վերապահվի հայոց պետությանն ու Հայրենիքում ապրող ժողովրդին:  Վտարանդի կառավարությունը հարկավոր է օգտագործել որպես Սփյուռքի կազմակերպման մեխանիզմ, սակայն՝ ոչ որպես հայոց պետության նկատմամբ այլընտրանքային ուժի կենտրոն, որը կարողանային իրենց շահերին համապատասխան օգտագործել օտարերկրյա հատուկ ծառայությունները: Սփյուռքը պետք է ունենա հայոց պետականության արտաքին քաղաքականության օգտին իր քաղաքական գործունեությունն իրականացնելու եղանակներ:

Այն ամենը, ինչի մասին ես այստեղ խոսում եմ երկրորդ եւ երրորդ փուլերի առնչությամբ, վերջնական ճշմարտություն չէ, եւ ես իրավունք չունեմ պնդելու, թե պետք է լինի այսպես եւ միայն այսպես: Կարծում եմ, ամենամոտ ապագայում այս թեմայի շուրջ պետք է ընթանան լուրջ սեմինարներ՝ բաց եւ փակ:

Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության եւ խորհրդարանի նախագիծն իր մեջ պարունակում է մեծ պոտենցիալ էներգիա, ուստի խոշոր տերությունների հատուկ ծառայությունները դրան լավ են հետեւում: Պատահական չէ, որ վերջին չորս –հինգ տարվա ընթացքում մենք լսում ենք տարբեր խմբերի, տարբեր «գործիչների» մասին, որոնք փորձում են այս կամ այն տեսքով իրագործել այդ նախագիծը: Անկասկած, այդ խմբերի եւ «գործիչների» մեծ մասն իրականում օտարերկրյա հատուկ ծառայությունների ստեղծագործություն են: Նրանց նպատակն է արատավորել, վարկաբեկել գաղափարը: Սակայն մենք նույնպես գործում ենք եւ հետեւում ենք իրավիճակին: Հանուն սեփական Հայրենիքի բարօրության աշխատելու պատրաստ հայերն այդ կազմակերպություններում անելու ոչինչ չունեն. հարկավոր է ստեղծել նորերը սեփական և բարեբախտաբար այսօր իսկ առկա են այդ  անհատները, որոնք արդեն աշխույժ գործում են այդ ուղղությամբ: Այժմ շատ են խոսում Համաշխարհային հայկական կոնգրեսի, ողջ աշխարհի հայության համար միասնական համակարգի մասին: Մտքերը, թվում է, արդիական են, սակայն նպատակն այստեղ էլ նույնն է՝  արատավորել ճիշտ գաղափարը: Նույնը վերաբերում է նաեւ Տիգրան Սարգսյանի «Հայոց աշխարհ» տերմինին. հարկավոր է փչացնել լուրջ խոսքերը, մտքերը, նախագծերը: Օրինակ, «Հայկական բանկը» առողջ միտք է, սակայն իրացնելիս գործի էությունը կխեղաթյուրվի:

Մեզ հարկավոր է լուծել առաջին փո լի խնդիրը: Կառուցել պետականություն, իսկ հետո Հայաստանում ստեղծել սեփական հատուկ ծառայություններ, որպիսիք մինչ օրս, փաստորեն, չկան: Չի կարելի արտաքին քաղաքականություն իրականացնել առանց այդպիսի հատուկ ծառայությունների, դա անհեթեթություն է, այդ պատճառով առայժմ չկա նաեւ արտաքին քաղաքականություն:

Սփյուռքն անհրաժեշտ է պահպանել

Փոփոխությունները Հայաստանում եւ Սփյուռքում պետք է տեղի ունենան զուգահեռաբար: Եթե մեզ հաջողվի այստեղ ստեղծել ժողովրդավարական շարժում, դրանում նեգրավել մարդկանց եւ ունենալ համախոհներ Սփյուռքում, այդ խնդիրը կլուծվի: Բարեբախտաբար, Սփյուռքում դեռ կա անկախ մտավոր ներուժ, մենք արդեն նրա հետ շփումներ ենք հաստատում: Ինչպես էլ որ ձգտեն արատավորել ճիշտ գաղափարները եւ նախագծերը,  կան մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել դրանց իրագործման համար:

Բաից այդ, հայերը, ովքեր այս կամ այն տերության քաղաքացի են, շատ բան կարող են անել իրենց երկրի օրենսդրության շրջանակներում: Ես , ընդհանրապես, դեմ եմ այն մտքին, թե գլխավոր խնդիրն առավելագույն հայրենադարձությունն է: Եթե մեզ հաջողվի Հայկական պետություն ստեղծել Հայրենիքում, Սփյուռքը հարկավոր է երկար ժամանակ պահպանել, առողջացնելով այն եւ տարբեր եղանակներով պաշտպանելով ձուլումից. ԱՄՆ-ում եւ Մերձավոր Արեւելքում դա ավելի դյուրին է անել, քան՝ Եվրոպայում կամ Ռուսաստանում:

Ներկա իրադրությունում նույնիսկ Լիբանանում հայ համայնքը կարող է անհետանալ, սակայն եթե Հայաստանում ստեղծենք պետություն, վարենք պետական քաղաքականություն, նման խնդիր չի լինի: Ես վստահ եմ, որ հիսուն տարի հետո էլ հենց նույն Բեյրութում կաճի մի սերունդ, որը պատրաստ կլինի կյանքը տալ հանուն Հայաստանի: Սփյուռքը Հայաստանի համար կարեւոր պաշտպանական միջոց է, իսկ այժմ այն վերածել են մեր դեմ զենքի, որն օգտագործում են արտաքին ուժերը:

Ազգային գաղափարը եւ սոցիալական արդարությունը

blog32st511Հայաստանում շատերի վրա ազդել են արտաքին քարոզչական այն կարծրատիպերը, թե ազգային մտածողության տեր մարդկանց համար երկրորդական է մարդու իրավունքներ հասկացությունը: Դա մեծ սուտ է: Մենք երբեք այդպիսի հակասություն չենք տեսել: Համամարդկային արժեքների կրողն առաջին հերթին ազգային մարդն է: Մենք չենք պատկերացնում այնպիսի ազգային գաղափարախոսություն, որում չգերակշռեր ազատության գաղափարը, եւ, առաջին հերթին, չգերակշռեր, մարդու արժանապատվության հարցը: Սոցիալական արդարությունը մեզ համար  առաջնահերթ է: Ազգի իրավունքները մարդու իրավունքներից վեր դասելը կանխամտածված աղավաղում է: Առաջին գործը մեզ համար մարդկային արժանապատվությունն է, մարդու արարելու  ունակությունը: Պետությունը, երկիրը գոյություն ունեն այն բանի համար, որպեսզի անհատն ազատ կերպով կարողանա ստեղծագործել, արարել: Չի կարելի անհանգստանալ ազատագրված տարածքների ճակատագրի առնչությամբ եւ միաժամանակ հաշտվել այն բանի հետ, որ ոստիկանությունում կարող են սպանել ձերբակալված երիտասարդին: Առաջին հերթին հարկավոր է կարգուկանոն հաստատել ներսում, հակառակ դեպքում անիմաստ են բոլոր ազատագրված տարածքները:

Այսօր բանակում շատ բան կարգին չէ, քանի որ գեներալը զինվորի մեջ չի տեսնում իրեն հավասար մարդու, այլ տեսնում է ստրուկի: Հենց համակարգն է փչացնում մարդկանց, երբ ղեկավարում են նյութական լծակների օգնությամբ՝ միտումնավոր կերպով շվայտացնելով եւ իրենցից կախվածության մեջ դնելով:

Անհատի ազատության եւ արժանապատվության նկատմամբ մեր վերաբերմունքը դրսեւորվում է արդեն այն բանում, որ «Սարդարապատը» հասարակությանը չի պատրադրում պատրաստի գաղափարներ: Մեր գաղափարախոսությունը վերջնականապես կձեւավորվի մի քանի հարյուր մտածող մարդկանց որոշման արդյունքում, որը կամփոփի նրանց հասունացած մտքերը եւ հաղթանակի կամքը:

Մենք՝ հայերս, ապրում ենք փոխադարձ անհանդուրժողականության, փոխադարձ անըմբռնողության ժամանակի չափազանց բարդ շրջանում: Շատերը չեն ցանկանում անդամակցել քաղաքական կազմակերպությունների, որովհետեւ 20 տավա ընթացքում շատ բացասական երեւույթների են ականատես եղել քաղաքականությունում, եւ դա հարկավորր է հաշվի առնել: Այդ պատճառով մեզ համար չափազանց կարեւոր է ստեղծել փոխըմբռնում, ըստ արժանվույն գնահատել միմյանց: «Սարդարապատում» չկա անդամության մեխանիզմ: Կա մասնակցության աստիճան, եւ մարդն ինքն է այդ առնչությամբ որոշում կայացնում:

Լրացել է մեր նախաձեռնության ուղիղ մեկ տարին: Սակայն առաջին իսկ օրերից հայտնի ԶԼՄ-ները՝ ոչ միայն կառավարամետ, այլեւ թե ընդդիմադիր, թե արեւմտյան իբր «ազատ» հայկական ԶԼՄ-ները, ոչ մի խոսք չեն ասել «Սարդարապատի» մասին, թեեւ մենք մեկ տարվա ընթացքում հիսունից ավելի միջոցառում ենք անցկացրել:

Ընդդեմ սպառողական մատերիալիզմի

Մենք միակը չենք, որ կարծում ենք, թե աշխարհը գնում է դեպի քայքայում: Ամենատարբեր երկրների առողջ ուժերը հասկանում են դա եւ փորձում դիմակայել: Ես արդեն ասել եմ, որ համամարդկային արժեքներ կրող ուժերն արդյունքի կարող են հասնել միայն ազգայինի միջոցով: Եվ համամարդկային ճանապարհն ստեղծվում է ազգային ուղիներից: Այլ երկրներում էլ պայքար է գնում ընդդեմ սպառողական մատերիալիզմի, ընդդեմ մարդկության այլասերման: Եվ մեր ապագա հաջողության ալիքը կհասնի մյուս ժողովուրդներին, կօգնի նրանց իրենց պայքարում: Սակայն մեր վիճակն անհամեմատ ավելի սուր է տարբեր պատճառներով՝ մեր շրջապատի, ժողովրդագրական իրավիճակի պատճառով: Բացի այդ, համակարգը, որ կառավարում է մեր երկիրը, բացառիկ է իր շահատենչությամբ: Արեւմուտքում կառավարող դասակարգը ծայրահեղ նյութապաշտների դասին չի պատկանում, այն շատ բանով ծառայում է պետական շահին: Հայաստանում ամենածայրահեղ նյութապաշտներն իշխանության գագաթին են: Սպառողական մատերիալիզմը մեզ մոտ զարգացել է, ամենից առաջ, վերեւում, իսկ ժողովրդի համար, պնդում են ամենայն պատասխանատվությամբ, նյութականը դեռ ամեն ինչ չէ:

Գիտակցել սեփական մեղքը

Ամեն ինչում կարելի է գտնել իր օրինաչափությունը, եւ մենք արժանի ենք այն ամենին, ինչ մեզ հետ կատարվում է: Եթե այսօր տեղի է ունենում ազգի համար ինչ-որ վատ բան, յուրաքանչյուրը պետք է գիտակցի մեղքի  իր մասը, փոխի կենսակերպը եւ մյուսների հետ միասին ձգտի բեկման դեպի ավելի լավը: Ես եւ բոլոր նրանք, ովքեր կիսել են իմ հայացքները, մեղավոր են այն բանում, որ «Սարդարապատի» նման շարժում չենք ստեղծել դեռ վաղուց, երբ սկսեցին կրակել այնպիսիների թիկունքին, ինչպես՝ Աշոտ Բեկորը: Մենք անտարբեր չէինք դրա նկատմամբ, սակայն վստահում  էինք այս կամ այն գործող քաղաքական գործիչներին եւ քաղաքական ուժերին, որոնք, ըստ էության, ազգային չէին: Ինչպես ասում են. ավելի լավ է ուշ, քան՝ երբեք: Հարկավոր է անպայման ուղղել իրադարձությունների այն սխալ ընթացքը, որն սկսվեց 1992 թվականին: Խնդիրն այն է, որ չի կարելի  կենսակերպի միաժամանակյա փոփոխոխություն ակնկալել ողջ ժողովրդից: Սկզբում մարդկանց մի խումբ պետք է ձեւավորի Հայաստանի ապագայի ծրագիրը, որում կարմիր թելով անցնի այն գաղափարը, թե ինչ է նշանակում ապրել մարդավարի, ներդաշնակության մեջ: Այդ մարդիկ պետք է ոչ միայն խոսեն այդ մասին, այլեւ հենց իրենք ապրեն այդպիսի կյանքով, գործեն այդ սկզբունքներով, պայքարեն  հանուն ապագայի:

 

Աղբյուրը՝  ՙՙՙ՚՚Անիվ՚՚՚՚՚ՙՙ ամսագիր N 5, 12.02.2011 թ.