Բանտապետության պերճանքն ու թշվառությունը

Յուրային ժողովրդի կեղեքման վրա հիմնված բանտապետությունը վախենում է, որ մի օր թալանելու հնարավորությունը կկորցնի: Ուստի թալանը հավերժացնելու նպատակով փորձում է ճոխության կղզյակների և զվարճանքի գայթակղություններով բթացնել մեր միտքը և ընկճել մեր կամքն ու ոգին: Պետք է ընդունել, որ նա դեռևս հաճախ է արդյունքի հասնում: Այդ նպատակով, օրինակ, Հայրենիքում իրականացվող սպիտակ ցեղասպանության, սիրիահայության շրջանում ամենօրյա զոհերի ու մնացածի բնաջնջման սպառնալիքի և ամբողջ աշխարհում ահագնացող տեմպերով ընթացքող ձուլման ձևերով շարունակվող ազգասպառման պայմաններում Մեծ Եղեռնի 100-ամյակի միջոցառումները վերածվեցին համընդհանուր ցուցանքի: Ցավոք՝ մեծամասնությունը կուլ տվեց ազգուրաց վերնախավի մատուցած խայծը և ժանտախտի օրոք մասնակցեց նրա նախաձեռնած խրախճանքին: Մարդիկ ամենապարզունակ կռապաշտի նման ինչ որ մեկի հետևից ինքնամոռաց կերպով ջուրն էին նետվում, ըստ բանտապետի ու նրա հսկիչների թելադրանքի՝ հարկավոր տեղերում ու պահերին իբրև թե հիշում և պահանջում էին, իսկ հետո արևածաղկի սերմ էին չրթում կամ երգում էին ու թռչկոտում: Մի պահ կարող էր անգամ թվալ, թե այս համատարած խելահեղ խրախճանքը մեր հոգեվարքային ակտիվության դրսևորումն է, որից հետո իսկապես արձանագրվելու է մեր ցեղի վախճանը: Սակայն, փառք Արարչին, կյանքն ավելի բարդ է և հարուստ: Հերթական զանգվածային միջոցառման ժամանակ զանգվածից պոկվեց մի հայկազուն պատանի և զանգվածի, ընդհանուրի, համատարածի, կեղծ պերճանքի ու զվարճանքի գայթակղության դեմ իր ընդվզումով բոլորիս նշան արեց, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք: Այդ պատանին բանտապետության ճիրաններում հայտնված ազատության ասպետ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին է՝ Շահեն Հարությունյանը: Նա իր մտքի, ոգու, կամքի և անգամ մարմնի գերազանցությամբ ակնառու կերպով ցույց տվեց բանտապետության թշվառությունը: Շանթը, հիրավի, շատ արժանիքներ ունի, սակայն նրա ամենամեծ գործն ու արժանիքը Շահենն է՝ մեր Հայրենիքի ազատության ծիլը:

Share Button