ՀԽ հայտարարությունը Որոտանի ՀԷԿՀ-ի վաճառքի առթիվ

Օտարի հովանավորությամբ կառավարող ապազգային և հանցավոր ռեժիմը 2015 թ. հունիսի 8-ին ամերիկյան ընկերություններին վաճառեց մեր երկրի էներգահամակարգի վերջին ենթակառույցը՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը:
Մեր պետության արտաքին հարաբերությունների միաբևեռ վիճակի ներկայիս պայմաններում այս գործարքն առաջին հայացքից կարող է գնահատվել որպես հավասարակշռող դրական քայլ:

Սակայն իրականում ռեժիմը նման նպատակ չի հետապնդում:

Եթե մինչ օրս ռեժիմը իր լեգիտիմության բացը լրացնում էր մեր երկրի ինքնիշխանությունը տարբեր ձևերով, այդ թվում՝ նրա ռազմավարական ենթակառույցները և օբյեկտները հիմնականում ռուսական կողմին զիջելու միջոցով, ապա ներկայումս՝ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների միտումների հաշվառմամբ, փորձում է նույն ձեռագրով իր համար պահեստային խարիսխ գցել մեկ ուրիշ ուժային բևեռում:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը համոզված է, որ արտաքին հարաբերությունների ներկայիս միաբևեռ վիճակը անհրաժեշտ է հաղթահարել ոչ թե ռազմավարական ենթակառույցները և օբյեկտները այս կամ այն չափաբաժնով աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև բաշխելու, այլ տարածաշրջանի փոփոխվող անվտանգային ճարտարապետության ու աշխարհատնտեսական հեռանկարային ծրագրերի մեջ բոլոր շահագրգիռ ուժերի, առաջին հերթին՝ Իրանի, Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի, հավասարակշիռ ներգրավման պայմաններում գործուն մասնակցություն ունենալու միջոցով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, հանդես գալով ազգային շահի դիրքերից և հաշվի առնելով, որ գործող ռեժիմը լեգիտիմ չէ, չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը և իրավասու չէ հանդես գալու նրա անունից, մեկ անգամ ևս հայտարարում է, որ նրան հեռացնելուց հետո բաժնեմասերի առնվազն հսկիչ փաթեթի չափով ազգայնացվելու են Հայաստանի Հանրապետության բոլոր ռազմավարական ենթակառույցներն ու օբյեկտները, այդ թվում՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ բաժնեմասերի մնացած չափով հնարավոր համարելով օտար կապիտալի ներգրավումը, ինչը պետք է ծառայի տեխնոլոգիական հագեցման և ներդրումներ ապահովելու նպատակներին:

Share Button