ՀԽ քարտուղարության հաղորդագրությունը Գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը  Գազպրոմ-ին օտարելու կապակցությամբ

Հայաստանում գործող վարչախումբը շարունակում է մեր երկրի քաղաքական և տնտեսական ինքնիշխանության մաս-մաս վաճառքը: Տնտեսական ինքնիշխանության վաճառքի վերջին գործարքը  Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 40 քմ-ոց հատվածի վաճառքն է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որը փաստացի ամբողջությամբ ռուսական ընկերություն է: Այս գործարքի հետևանքով գազի տեղափոխման և բախշման ամբողջ համակարգը կդառնա ռուսական ընկերության սեփականությունը: Այս գործարքի իրականացման համար որևէ տնտեսական հիմնավորում գոյություն չունի, քանի որ գազատարի նշված հատվածը վարձակալության էր տրված նույն  «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը և թեկուզ չնչին շահույթ էր բերում, իսկ քաղաքական տեսակետից ապահովում էր գոնե խորհրդանշական ինչ որ էներգետիկ անկախություն Հայաստանի համար: Սա նաև հերթական ապացույցն է այն բանի, որ ներկա վարչախումբն անհուսալի է Իրանի հետ ռազմավարական ծրագրեր մշակելու և իրականացնելու առումով:

Գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքը, ինչպես նաև նախկինում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմների օրոք կնքված Հայաստանի Հանրապետության էներգոհամակարգի վաճառքին վերաբերվող բոլոր գործարքները այլ բան չեն կարող համարվել, քան պետական դավաճանություն: Այդ գործարքների հետևանքով Հայաստանը կորցրել է էներգետիկ անկախությունը և անվտանգությունը, մեր երկրի էներգոհամակարգը գտնվում է օտար պետության տիրապետման տակ և այդ պետության` Ռուսաստանի վերնախավը, Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանությունների հետ համագործակցելով անխնա շահագործում և թալանում է մեր էներգոհամակարգը և մեր ժողովուրդը. դրա վերջին ապացույցը հոսանքի գնի անհիմն թանկացման հայտն է, որը ներկայացրել է ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի պատկանող ՀԷՑ ընկերությունը: Մեր հանրությանը և նունիսկ մասնագետներին մինչև այսօր հայտնի չեն ոչ հոսանքի ոչ էլ գազի գնագոյացման մեխանիզմները և բաղադրիչները, այս ոլորտը ամբողջությամբ կորումպացված է և անհասանելի է հանրային վերահսկողության:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ ներկա ռեժիմի հեռացումից հետո երկրի ռազմավարական կառույցները, որոնց թվում առաջին հերթին էներգոհամակարգը,  ազգայնացվելու են: Ինքնիշխան Հայաստանում այդ կառույցների հսկիչ փաթեթը պատկանելու է պետության իսկ մասնակի մասնավորեցումը կատարվելու է տեխնոլոգիական հագեցում և ներդրումներ ապահովելու նպատակով:

Share Button