Ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետևանքով. ՀԽ հայտարարությունը

Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը.

Մայիսի 28-ը վերստին բացահայտեց ապրելու բանաձևը՝ ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետևանքով, եթե իրենց մեջ են փնտրում փրկության բանալին

100 տարի առաջ ցեղասպանության ենթարկվելուց հետո հայությունն իր սարդարապատյան մաքառումով ապացուցեց, որ ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետևանքով, եթե իրենց մեջ են փնտրում փրկության բանալին:

1918 թ. մայիսյան օրերին, երբ թվում էր, թե ամեն ինչ արդեն վերջացած է, մեր ժողովուրդը ներքին բնազդով համախմբվեց և Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական զինված ընդվզմամբ ոչ միայն կասեցրեց օտար ցեղասպանի ընթացքը, այլև վերականգնեց իր գոյության և ապագայի իրավունքի միակ երաշխիքը՝ ազգային պետականությունը:

Ցավոք՝ Ցեղասպանությունը և հայրենազրկումը, ինչպես նաև արտաքին անբարենպաստ պայմանները չափից շատ էին թուլացրել մեր ազգային ներուժը, այդ պատճառով մեր նորաստեղծ պետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ և մենք որպես գաղութ հայտնվեցինք խորհրդառուսական կայսրության՝ ԽՍՀՄ-ի կազմում:

70-ամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք:

Սակայն՝ դարձյալ մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով մեր պետությունը ոչ միայն չկայացավ, այլև վերածվեց կեղեքման ու արտագաղթի միջոցով մեր ժողովրդին սպիտակ ցեղասպանության ենթարկող գործիքի:

Միևնույն ժամանակ՝ 100 տարի առաջվա համեմատությամբ մեր վրա ազդեցություն ունեցող ներքին և արտաքին գործոնները շատ ավելի բարենպաստ են, ինչը մեզ հնարավորություն է տալիս 100 տարի առաջ տեղի ունեցածի դասերը քաղելով այնպես անել, որ կարողանանք հետ շրջել պատմության անիվը:

Նախ՝ այսօրվա հիմնական հակառակորդը ոչ թե արյունարբու ոսոխն է, այլ ապազգային ու հանցավոր ռեժիմը, որը մեր վրա ազդելու շատ ավելի քիչ հնարավորություն ունի: Բացի այդ, այսօրվա կյանքի որակը, սոցիալ-տնտեսական վիճակը, անկախության սերնդի առկայությունը և մի շարք այլ ներքին գործոններ դրական իմաստով էապես տարբեր են մեկ դար առաջվա համեմատությամբ: Ճիշտ է, ԵՏՄ անդամակցությամբ ռեժիմը ստալինյան մեթոդներով մարդու իրավունքները խախտելու ինդուլգենցիա ստացավ, սակայն նրա ռեսուրսները բավարար չեն բռնության համակարգ հաստատելու համար, ինչի մասին է վկայում նրա ճոճանակային տատանումը Արևմուտքի և Հյուսիսի միջև: Ռեժիմը թույլ է նաև ներքուստ, որովհետև պետական կառավարման համակարգը մտնում է իշխանության փոխանցման, ուրեմն՝ նաև ներքին պայքարի սրացման փուլ, ինչպես նաև ի վիճակի չէ դիմագրավելու ֆինանսատնտեսական ճգնաժամի, արտաքին ֆինանսավորման ընդհատման և արտաքին ու ներքին փոփոխվող իրավիճակով պայմանավորված նորանոր մարտահրավերներին:

Մյուս կողմից՝ այսօր տարածաշրջանում ուժերի և դերակատարների զգալիորեն տարբեր խճանկար է ձևավորվել: Գլխավոր տարբերությունը 20-ամյա միջազգային շրջափակումից դուրս եկող և հետզհետե հզորացող Իրանի առկայությունն է, որի հետ մեր հիմնական շահերը համընկնում են: Անշուշտ, մեզ համար զգալի խոչնդոտ է ԵՏՄ անդամակցությամբ մեր պետության կարգավիճակի անկումը, սակայն բավարար դիմադրության պարագայում մենք կարող ենք վերահաստատել մեր ինքնիշխանությունը և իրական սուբյեկտի վերածվելով՝ մեր ուրույն տեղն ու դերը զբաղեցնել տարածաշրջանում:

Սակայն այս ամենը կարող է իրականություն դառնալ միայն այն պարագայում, եթե մենք ականջալուր լինենք մայիսի 28-ին խորհրդին: Հակառակ դեպքում՝ Ցեղասպանությունից 100 տարի անց նորից կանգնելու ենք լինել-չլինելու խնդրի առաջ:

Մայիսի 28-ի խորհուրդը և Առաջին հանրապետության փորձը նաև հուշում են, որ դիմադրությունը պետք է լինի ժամանակին: Սա այն դեպքն է, երբ հապաղելը մահվան է հավասար: Եթե մենք սպասենք, ժամանակ վատնենք և հետաձգենք ընդվզումը, ապա պատմությունը կարող է 100-ամյա շրջափուլով չար կատակի նման կրկնվել: Այդ դեպքում, եթե նույնիսկ մեզ հաջողվի հեռացնել ցեղասպան ռեժիմին, օրեցօր նվազող մեր ներուժը կարող է բավարար չլիներ պետականությունը և Հայրենիքի այս վերջին կտորը պահպանելու համար:

Հիմնադիր խորհրդարանը, իրավիճակը գնահատելով որպես սարդարապատային և առաջնորդվելով պատմական պահի ճակատագրականության գիտակցությամբ, բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում սկսել ազգային համախմբումը և քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններով ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին, այնուհետև կազմակերպել արտահերթ ընտրություններ: