«Զորավոր ռումբ պետք է պայթի ռեժիմի գլխին». Սփյուռքահայ գործչին հետ են վերադարձրել

Մեր զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր, ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ Շանթ Ոսկերչյանը, ում ամբողջ գիշեր ԱԱԾ աշխատակիցները պահել են օդանավակայանում և խոչնդոտել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Այս պահին նրան նստեցնում են օդանավ և հետ ուղարկում Փարիզ։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել։
Պարոն Ոսկերչյան, կանխատեսո՞ւմ էիք, որ Ձեզ թույլ չեն տա դուրս գալ օդանավակայանից։ Քանի՞ օրով էիք եկել և ի՞նչ պատճառաբանությամբ են հետ ուղարկում Ձեզ։
Մայիսի 21-ին եկա, 31-ին հետ էի վերադառնալու։ Մտածում էի, որ խնդիրներ կլինեն, քանի որ անցյալ անգամ՝ 6-7 ամիս առաջ երբ հետ եկա, մասնակցեցի Հիմնադիր Խորհրդարանի ցույցերին։ Այդ ժամանակ ինձ նկարել էին։ Անցյալ անգամ օդանավակայանում ճամպրուկս մանրամասն ստուգեցին։ Եվ դատելով անցյալ անգամ այդքան մանրամասն ստուգումներից, զգում էի, որ մի բան կանեն, բայց որ թույլ չեն տա դուրս գալ օդանավակայանից, պատկերացնել անգամ չէի կարող։ Մինչև այս էլ, մենք Փարիզում ՀԽ քաղբանտարկյալների համար ակցիաներ կազմակերպեցինք, բայց սա նոր չէ, մենք միշտ էլ Փարիզում ցույցեր արել ենք դեսպանատան առջև, այսինքն՝ այդտեղ կեղտոտ ռեժիմի ներկայացուցչական տան առջև, և շարունակելու ենք իրականացնել։
Սա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում Ձեր նկատմամբ։
Սա քաղաքական հալածանք է իմ նկատմամբ։ Սփյուռքահայի նկատմամբ այսպիսի բան անել, փորձել ճնշում գործադրել… այսինքն՝ դեռևս Հայաստանի ժողովրդին ճնշում են, որ նրանք մեկ տեսակի մտածեն, բայց մենք ժողովրդավար երկրում ապրելով, այդպես չենք կարող մտածել։ Զանազան կարծիքներ պետք է լինեն։ Ես հետ եմ վերադառնում ինձ ավելի զորացած զգալով, և էլ ավելի ուժգնությամբ պետք է պայքարեմ ռեժիմի դեմ։ Հավատացնում եմ, որ հենց վերադառնամ, փաստաբաններիս հետ պետք է քննարկենք հարցը և Եվրադատարան դիմենք և ոչ միայն Եվրադատարան, էլ ավելի բարձր տեղեր էլ։ Ես պայքարելու եմ մինչև վերջ։ Իմ կյանքը նվիրել եմ, որ Հայաստանի ժողովուրդը այլևս չհանդուրժի այդ վիճակը, երկիրը դատարկվում է, այստեղ մարդ չի մնում, 1 միլիոն 700 հազար մարդ կլինի թե ոչ Հայաստանում, դա էլ հստակ չէ։ Բայց պատկերացնում եք՝ ինձ վտարում են իմ հայացքների համար։ Սա անձնագրի խնդիր չէ, անձնագիրս վավեր է, միայն բացատրություն տվեցին, որ վերևից հրահանգ կա՝ ձեր մուտքը Հայաստան արգելված է։ Ես աշխարհը պետք է ոտքի հանեմ։ Հետո ասում են Արի տուն, բայց իրականում տուն չեն կանչում, փող են ուզում, այսուհետ որևէ կոպեկ չի տրվելու։ Ես, հավատացեք, էլ ավելի ամրապնդված եմ և էլ ավելի զորավոր պայքար պետք է տանեմ հետայսու։ Եթե կարծում են, որ ինձ պայքարից պետք է հետ պահեն, չարաչար սխալվում են, ես պայքարը պետք է շարունակեմ էլ ավելի լայն մասշտաբով, քանի որ ազգականներ ունեմ աշխարհի ամբողջ կողմերում։ Այնպես որ, զորավոր ռումբ պետք է պայթի ռեժիմի գլխին։
Share Button