Ամեն պահի կարող է ֆորս-մաժորային իրավիճակ առաջանալ

Մեր զրուցակիցն է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը

Պարոն Սեֆիլյան, նախ շնորհավորում ենք Ձեզ՝ հաղթանակի կապակցությամբ:

Շնորհակալ եմ: Շուշիի ազատագրումը ոչ միայն Արցախյան ազատամարտի, այլև մեր նոր պատմության բեկումնային իրադարձությունն է: Ուստի շնորհավորում եմ ազատամարտիկներին, բանակին և մեր ամբողջ ժողովրդին այդ համազգային հաղթանակի առթիվ: Սակայն Շուշին պետք է դառնար մեր վերելքի մեկնարկը: Ինչպես տեսնում ենք, այդ առումով մենք նույնիսկ հետընթաց ենք ապրում: Եթե շատ կարճ ժամանակահատվածում չկարողանանք կասեցնել անկումը, ամեն ինչ կկորցնենք և կլքենք պատմության թատերաբեմը:

Վերջին տարիներին տարանջատում կատարվեց՝ ներքին եւ արտաքին թշնամի: Արտաքին թշնամու դեմ պայքարը ժամանակին պսակվեց հաջողությամբ: Ե՞րբ էր ավելի դժվար կռվել՝ պատերազմի դաշտում՝ արտաքին թշնամու դեմ, թե՞ երկրի ներսում՝ ներքին:

Մինչև ներքին թշնամուն ճանաչելն ավելի դժվար է նրա դեմ կռվելը: Իսկ երբ ճանաչում ես ներքին թշնամուն, նա այլևս անզոր է դառնում: Հիմա մեր ժողովուրդը ներքին թշնամուն ճանաչելու ընթացքի ավարտական փուլում է: Ուստի հարկավոր է արագացնել այդ ընթացքը:

Ինչն է պատճառը, որ հաղթանակած ժողովուրդը չի կարողանում կարգուկանոն հաստատել երկրի ներսում: Ինչումն է խնդիրը, գուցե չկա գաղափար, որի հետեւից կգնա ժողովուրդը: Ազատամարտիկներն անգամ համախմբված չեն, կան տարակարծություններ, ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:

Պատճառները բազմաթիվ են՝ մշակութային, քաղաքական, տնտեսական: Անցյալից եկած մեր բեռը շատ ծանր է: Բայց մենք արդեն անկախության սերունդ ունենք, որը տեր է կանգնելու իր երկրին ու ճակատագրին: Փառք Աստծո, գաղափար նույնպես կա: Մեզ հաջողվել է մշակել առաջիկա տասնամյակների ընթացքում հայությանը համախմբելու և Նոր Հայաստան կառուցելու ծրագիր:Սակայն դժվարություն կա ապագայի այդ տեսլականը մեր հայրենակիցներին հասանելի դարձնելու գործում: Անհրաժեշտի համեմատությամբ շատ նվազ են տեղեկատվական հնարավորությունները: Գաղտնիք չէ, որ ապազգային ռեժիմն իր կառավարումը երկարաձգելու նպատակով ամբողջութամբ վերահսկում է տեղեկատվության հիմնական միջոցը՝ հեռուստատեսությունը: Անշուշտ, կան նաև շատ այլ խանգարող հանգամանքներ, բայց այս է հիմնականը: Այս հանգամանքն է նաև պատճառ դառնում, որ ռեժիմին դեռևս հաջողվում է մասնատել ժողովրդին և վախի մթնոլորտ սերմանել:Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, պետք է նկատի ունենանք, որ նրանք էլ մեր ժողովրդի մի մասն են:Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ որոշիչ են ոչ թե նյութական հնարավորությունները, այլ ոգին, գաղափարը և կամքը: Եվ մեզ շուտով հաջողվելու է գրավել մեր ժողովրդի սիրտը: Այդ ժամանակ զարմանալու ենք, թե ինչպիսի համախմբված և կարգապահ ժողովուրդ ունենք:

Այս ընթացքում ի՞նչ հետեւություններ եք արել՝ ի՞նչն է շարունակական պարտությունների եւ հիասթափությունների պատճառ դառնում:

Մինչ օրս ժողովրդական ընդվզումների ձախողման հիմնական պատճառը եղել է տվյալ պահի ընդդիմադիր ղեկավարությունը: Ամեն անգամ ոտքի ելած ժողովրդի առաջնորդները վճռական չեն եղել և, որպես կանոն, քաղաքական առևտրի մեջ են մտել ռեժիմի հետ կամ պարզապես նահանջել են:

Ինչ գնահատական կտաք հասարակական արձագանքին ներքաղաքական անցուդարձին: Ապրիլի 24-ին Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքին քիչ մարդ մասնակցեց: Կարծես չստացվեց այն, ինչ ծրագրվել էր: Ի՞նչն է պատճառը, կա՞ն նոր ուղիներ ու եղանակներ, որ հասարակությանը հնարավոր լինի հանել թմբիրից, որ հերթական անգամ հիասթափության առաջ չկանգնեն քաղաքացիները:

Մարդիկ անտարբեր են դարձել, որովհետև շատ են հուսադրվել և հուսախաբվել: Իսկ հիասթափված ու անտարբեր մարդն ի վիճակի չէ իրատեսորեն գնահատելու իրավիճակը: Նա այլևս լիարժեք կերպով չի կարողանում հասկանալ և զգալ, որ պահն օրհասական է: Եթե զգա և հասկանա, ոտքի կկանգնի:Ապրիլի 24-ին Հիմնադիր խորհրդարանի հավաքը սակավամարդ էր, որովհետև Շարժման ղեկավարներին բանտարկելուն զուգահեռաբար ռեժիմը լայնածավալ բռնություններ և հալածանքներ էր իրականացրել Շարժման աջակիցների նկատմամբ: Հազարավոր մարդկանց են անհատապես զանգել, հանդիպել, բերման ենթարկել և սպառնալիքներով փորձել են հետ պահել քաղաքական ակտիվությունից: Պետք է ընդունել, որ ռեժիմին հաջողվեց այդ բռնությունների և հալածանքների միջոցով արդյունքի հասնել:Մյուս կողմից՝ իրավիճակի օրհասականությունն օրեցօր սրվում է, մենք էլ ամեն ինչ անում ենք դրա մասին ահազանգը տեղ հասցնելու համար: Ժողովրդի ինքնապահպանման բնազդը չի կարող կորչել: Նշածս երկու գործոնների ազդեցությամբ այդ բնազդն արդեն արթնանում է: Իսկ վախը ժամանակավոր և հաղթահարելի երևույթ է: Մեր հետագա աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի նաև չեզոքացնել վախի գործոնը:Մենք կարող ենք ժողովրդին հանել թմբիրից, շահել նրա վստահությունը և հուսադրել ու համախմբել նրան միայն այն դեպքում, երբ ժողուվրդը տեսնի ու համոզվի, որ մենք մինչ օրս եղածների նման չենք, որ մենք հաստատակամ ենք, վճռական և ոչ մի պարագայում առևտրի մեջ չենք մտնի ռեժիմի հետ և չենք նահանջի: Կարճ ասած՝ ժողովուրդը պետք է տեսնի, որ մենք հանուն ազգային շահերի ասպարեզ մտած մահապարտներ ենք և պատրաստ ենք ամեն ինչի գնով հաղթելու տեսակների այս պայքարում:Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, սակայն այս հարցում մեզ անուղղակիորեն, բայց շատ լուրջ մասնաբաժնով աջակցում է նաև ռեժիմը, երբ հալածում է մեզ և բռնություններ է գործադրում մեր նկատմամբ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանությունների գործողությունները, ինչը՞ վախեցրեց նրանց, որ գնացին կտրուկ գործողությունների:

Անշուշտ, դժվար է ասել, թե Շարժման ղեկավարների ազատության մեջ լինելու դեպքում ապրիլի 24-ին որքան մարդ կմիանար մեզ: Ակնհայտ է, որ զգալի չափով ավելի շատ: Ակնհայտ է նաև, որ բազմահազարանոց հավաք չէր լինելու: Սակայն կարևորը քանակը չէ, այլ արդյունավետությունը: Եթե ապրիլի 24-ին Շարժման ղեկավարներն ազատության մեջ լինեին, կարող էր սկսվել մի գործընթաց, որը կարճ ժամանակում ավարտվելու էր ժողովրդի լայնածավալ մոբիլիզացիայով և ռեժիմի պարտությամբ:Նման իրավիճակում ռեժիմը հայտնվել էր երկընտրանքի առաջ՝ բանտարկել Շարժման ղեկավարներին և, դրանով իսկ նրանց հեղինակությունը մեծացնելու գնով հետաձգել իր վերահաս կործանումը կամ հաշտվել ճակատագրի հետ և քաղել պարտության դառը պտուղները: Բնականաբար՝ ռեժիմը նախընտրեց թեկուզ Շարժման ղեկավարների հեղինակությունը մեծացնելու գնով, բայց իր վերահաս կործանումը հետաձգելու տարբերակը և ապավինեց իր կարծիքով ապագայում հնարավոր անորոշ հույսից:Մինչդեռ իրականությունը և դրանով պայմանավորված զարգացման միտումները շատ որոշակի են և անողոք: Ռեժիմին հաջողվեց ընդամենը մի քանի ամսով երկարաձգել իր կյանքը: Լավագույն դեպքում մի քանի ամսով, որովհետև ամեն պահի կարող է ֆորս-մաժորային իրավիճակ առաջանալ:

Որոնք են լինելու Ձեր հաջորդ քայլերը:

Շարունակելու ենք աշխատել մեր ծրագիրը ժողովրդին ներկայացնելու, առողջ ուժերին ու անհատներին համախմբելու և մեր կազմակերպական կարողությունները հզորացնելու ուղղությամբ:

Նյութի աղբյուրը՝  http://www.lragir.am/index/arm/0/interview/view/114230#sthash.MrjHLP0U.dpuf

Share Button