ՀՌՉԱԿԱԳԻՐ. ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմնադիր խորհրդարանը՝ որպես ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող պետական կառավարման այլընտրանքային մարմին,

փաստելով, որ ըստ էության չեն իրագործվել Հայաստանի անկախության հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական նպատակները՝ Արցախը Հայաստանի Հանրապետությանը միավորման գործընթացը մտել է փակուղի, երաշխավորված չեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ժողովուրդը զրկված է պետականության կրող լինելու և իշխանություն իրականացնելու հնարավորությունից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մնացել է որպես օտար պետությունների շահերի իրացման գործիք և չի նպաստում պատմական արդարության վերականգնմանը, Հայաստանի Հանրապետությունը չի կայացել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն,

ահազանգելով, որ պետության կյանքի բոլոր ոլորտներում հաստատվել և հետզհետե խորանում է ազգի և պետականության գոյությանն սպառնացող համակարգային ճգնաժամ, որը դրսևորվում է.

  • ժողովրդի իշխանության և երկրի տնտեսության քրեաօլիգարխիական մենաշնորհացմամբ,
  • արդարության և իրավունքի ոտնահարմամբ, համատարած կոռուպցիայով, կառավարիչների բացասական ընտրազատմամբ,
  • պետական կառույցների նենգափոխմամբ, ինչպես նաև դրանց և քաղաքական վերնախավի ապազգայնացմամբ ու կամազրկմամբ,
  • իր պետությունից քաղաքացու օտարմամբ,
  • ընտրական մեխանիզմի՝ որպես կառավարող ռեժիմի լիակատար վերահսկողության տակ գտնվող ու նրա վերարտադրությունն ապահովող գործիքի վերածմամբ,
  • տնտեսության փլուզման գործընթացով, դրա կառուցվածքի ձևախեղմամբ, գյուղի քայքայմամբ, գործազրկության բարձր մակարդակով, վարձու աշխատողների մեծամասնության շահագործմամբ, սոցիալական ծայրահեղ բևեռացմամբ,
  • կրթության, գիտության և մշակույթի հետընթացով,
  • բնական պաշարների գիշատչական շահագործմամբ և բնության անապատացմամբ, նրա և կենսոլորտի թունավորմամբ,
  • մարդաթափության չափերի հասնող արտագաղթով, որն ուղեկցվում է առաջին հերթին տղամարդկանց, որակյալ աշխատուժի և «ուղեղների» արտահոսքով ու բնակչության վերարտադրության տեմպերի աղետալի դանդաղեցմամբ,
  • վերագաղութացմամբ և հայկական պետականության ու Արցախի կորստի վտանգով,
  • պատերազմի վերսկսման հավանականությամբ և դրանով պայմանավորված՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման վտանգով,

գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի առաջ, նախաձեռնում է նրան ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով կառավարող ապազգային ռեժիմին հեռացնելու ու Նոր որակի՝ քաղաքացուն որպես հիմնական արժեք ընդունող և նրա վրա հիմնված ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական, սոցիալական և մրցունակ հայկական պետության ձևավորման ու զարգացման գործընթացի մեկնարկը:

Նոր որակի հայկական պետությունը, հիմնվելով ազգային մշակույթի վրա և ստեղծագործաբար  ներառելով միջազգային անհրաժեշտ փորձը.

  1. Որպես արժեհամակարգային ուղենիշ է ընդունում համամարդկային առաքինությունները, հարգում է այդ առաքինություններից բխող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և ապահովում դրանց գերակայությունն ու արդյունավետ պաշտպանությունը:
  2. Պայմաններ է ստեղծում ազգային ինքնության դրսևորման և մարդու ստեղծագործ կարողության շարունակական հզորացման միջոցով նոր որակի կենսակերպի ձևավորման համար, նպատակ ունենալով՝
  • ապահովել հայության, Հայաստանի քաղաքացիների ու բնակիչների, ընտանիքի, համայնքների և էթնիկական խմբերի ազատ, ներդաշնակ ու արժանապատիվ գոյությունն ու ստեղծագործ զարգացումը,
  • նպաստել համերաշխ և համագործակցային հասարակության, այդ թվում՝ նրա հանրային համակեցության և քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարաբերությունների համակարգերի ձևավորմանը,
  • ստեղծել նախադրյալներ հոգևոր ու ֆիզիկական առումներով ներդաշնակորեն զարգացած մարդու, ինչպես նաև իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող և, համապատասխանաբար՝ դրանք պաշտպանելու ունակ ու կատարելուն պատրաստ քաղաքացու կայացման համար:
  1. Օժտված է լիարժեք ինքնիշխանությամբ, առաջնորդվում է ազգային և պետական շահերով՝ ձգտելով Հայաստանը վերածել միջազգային հարաբերությունների ստեղծագործ սուբյեկտի և վերաստանձնել Հայաստանի և նրա միջոցով համայն հայության` որպես միջազգային հարաբերությունների դերակատարներին կամրջող խաչմերուկի դերը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և համաշխարհային զարգացմանն ու համագործակցությանը:
  2. Ձևավորում է ազգային շահերն արտահայտող նպատակներ առաջադրելու և իրագործելու ունակ պետական կառավարման համակարգ, որն ապահովում է պետական կառավարմանը քաղաքացիների գործուն ու արդյունավետ մասնակցություն և հասարակության հետ հետադարձ կապ և հաշվետու է նրա առջև, ինչպես նաև բոլոր ռազմավարական հարցերը լուծում է բացառապես ժողովրդի կամքի արտահայտման միջոցով՝ անմիջական ժողովրդավարության ձևերով:
  3. Զարգացնում է բավարար պաշտպանական հզորություն՝ Հայաստանի պաշտպանական անվտանգությունը ինքնուրույն կերպով ապահովելու և պաշտպանական բաղադրիչի մասով Հայաստանի ու հայության ռազմավարական շահերն իրացնելու համար:
  4. Ապահովում է տնտեսական պաշարների և ստեղծվող հարստության արդար ու օրինական բաշխումը, դրանց՝ բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման և ազգի ու պետության անվտանգության համար օգտագործումը, տնտեսական զարգացման ստեղծագործ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև պաշտպանում է սեփականության իրավունքը:
  5. Ապահովում է տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայութան սկզբունքի հիման վրա էկոհամակարգերի վերականգնումը և մարդ-հասարակություն-բնություն կապի ներդաշնակությունը:
  6. Ապահովում է գիտության, տեխնոլոգիաների և կրթության վերածումը ազգի և պետության շահերի իրացման գլխավոր գործիքի, ինչպես նաև կրթության հիմնական` մարդու և մարդկային սերունդների ուսուցման ու դաստիարակության դերի վերականգնումը՝ կլաստերային զարգացման մոդելների կիրառման և հումանիտար կրթության վերարժեվորման միջոցով:
  7. Համայն հայության Հայրենիքն է, իր շուրջը համախմբում և արդյունավետ կերպով գործադրում է հայության կարողությունները՝ ի նպաստ նրա պահանջատիրական իրավունքների վերականգնման, Ցեղասպանության հետևանքների հաղթահարման, հայապահպանության, հայրենադարձության, ծնելիության աճման և արդի ցանցային ու տեխնոլոգիական հնարավորությունների միջոցով Հայաստան-Սփյուռք միասնական կյանքով (որպես ամբողջական Հայկական աշխարհ) ապրելու ու գործելու պայմանների ստեղծման:

Նոր որակի հայկական պետությունը գործում է հայակենտրոնության ու  հայաստանակենտրոնության, համահայկականության, հասարակական համերաշխության, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, միջազգային համագործակցության, ռազմավարականության, արժեքահենքության ու գիտահենքության և ստեղծագործականության սկզբունքների ներդաշնակության հիման վրա:

Հիմնադիր խորհրդարանը պարտավորվում է ոչ ուշ, քան կառավարող ռեժիմին հեռացնելու օրվանից երկամսյա ժամկետում ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն մեկ քառորդի հետ կնքել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Հիմնադիր խորհրդարանի միջև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին» պայմանագիր (այսուհետև՝ Պայմանագիր) և դառնալ պետական կառավարման լեգիտիմ ներկայացուցչական մարմին*:

Հիմնադիր խորհրդարանը և նրա ընտրած Անցումային կառավարությունը Պայմանագրով սահմանված երկամյա Անցումային փուլում գործելու են անցումային ժողովրդավարության սկզբունքով և իրականացնելու են Անցումային փուլի ծրագիր, որը միտված է լինելու կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցող անկումը կասեցնելուն, հնարավոր նենգադուլը (սաբոտաժը) կանխելուն և կայուն ժողովրդավարության վրա հիմնված Նոր որակի հայկական պետության ձևավորման համար մեկնարկային պայմաններ ստեղծելուն:

Անցումային փուլի ընթացքում Հիմնադիր խորհրդարանը  պարտավորվում է սույն Հռչակագրին և Պայմանագրին համապատասխան ապահովել համաժողովրդական մասնակցության ձևաչափով նոր Սահմանադրության նախագծի մշակումը, համաժողովրդական քննարկումը, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի կազմակերպումը, ինչպես նաև նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով անցկացնել համապետական և տեղական ընտրություններ **:
_____________________________

* Հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացման սույն չափանիշի համար որպես հիմք է ընդունվել գործող Սահմանադրության 113-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն «Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»: Երկամսյա ժամկետում ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն մեկ քառորդի հետ պայմանագիր չկնքելու դեպքում Հիմնադիր խորհրդարանը պարտավորվում է գործող Սահմանադրությամբ սահմանված կարգով այդ ժամկետի ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել համապետական և տեղական արտահերթ ընտրություններ:

** Նոր Սահմանադրություն չընդունվելու դեպքում ընտրություններն անցկացվելու են գործող Սահմանադրությամբ սահմանված կարգով:

Հռչակագրի էլ. տարբերակ

 

 

Share Button