Բռնություններ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցների նկատմամբ

Տեղեկությունները ներկայացվում են 2014 թ. հոկտեմբերի 19-ից սկսած, երբ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ռեժիմին հեռացնելու նպատակով ժողովրդին մոբիլիզացնելու համար ձեռնարկեց իրազեկման ավտոերթեր և այլ կոնկրետ գործողություններ:

Սույն տեղեկություներում չեն ներառվում այն բռնությունները, որոնք Նախախորհրդարանի անդամների և աջակիցների նկատմամբ կիրառվել են 2013 թ. ապրիլից սկսած՝ քաղաքական և քաղաքացիական տարաբնույթ գործողությունների ընթացքում: Այդ ընթացքում Նախախորհրդարանի ավելի քան 100 անդամներ և աջակիցներ վարչական կարգով բերման են ենթարկվել, իսկ նրանցից Դմիտրի Հարությունյանը ոստիկանի նկատմամբ բռության կեղծ մեղադրանքով կալանավորվել է, սակայն հետագայում ազատ է արձակվել:

Ստորև ներկայացվող բռնությունների պատճառն այն է, որ Հիմնադիր խորհրդարանը և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը երկրում առկա միակ իրական ընդդիմադիր ուժն են, որ ներկայացրել են ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր  ռեժիմին կարճ ժամկետում հեռացնելու ռեալ օրակարգ և կոնկրետ գործողություններ են կատարում այդ նպատակին հասնելու համար:

Ինչպես արդեն նշվել է, ռեժիմի հեռացումը նախատեսվում է քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, որոնց գումարային ազդեցությունը պետք է բավարար լինի ռեժիմին ընկճելու, ժողովրդի կամքը նրան պարտադրելու և այդպիսով նրան հեռացնելու համար:

Միևնույն ժամանակ՝ եթե հանցավոր ռեժիմը փորձի բռնություն կիրառել իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնող քաղաքացիների նկատմամբ, ապա քաղաքացիներն իրավունք ունեն դիմելու ինքնապաշտպանության և անգամ ապստամբելու բռնակալական ռեժիմի դեմ:

  1. Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպ

2014թ. հոկտեմբերի 19-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կազմակերպած հերթական ավտոերթի ավարտին տուն վերադառնալու ճանապարհին՝ Երևանի Սայաթ-Նովա փողոցի և Ֆրանսիական հրապարակի միացման հատվածում՝ լուսացույցի տակ, ոստիկանության քրեական հետախուզության մի խումբ ծառայողներ Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով իջեցրել են ավտոմեքենայից և թողել փողոցի բանուկ մասում, իսկ ավտոմեքենայի վարորդ Վահրամ Գաբրելյանին ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկել: Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան՝ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին, դիտավորյալ կերպով դրել են կյանքի համար վտանգավոր վիճակում: Ոստիկանների այս արարքը հանցագործություն է և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:

Սկզբնական շրջանում պետությունը մերժում էր այս դեպքի առիթով քրեական գործ հարուցել: Հետագայում հասարակական ճնշման ազդեցությամբ հարուցվեց քրեական գործ, սակայն այն կարճվեց հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ հանցագործություն կատարած ոստիկանները պատասխանատվության չենթարկվեցին:

  1. Ավտոերթերի մասնակիցների ավտոմեքենաների հրկիզումներ

2014թ. նոյեմբերի 26-27-ին 24 ժամվա ընթացքում հրկիզվեցին Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Սուսաննա Մելքոնյանի, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցՍամվելՍարգսյանի ավտոմեքենաները, ինչպեսնաևփորձելենհրկիզելՀիմնադիրխորհրդարանիպատգամավորությանթեկնածուԿարոԵղնուկյանիավտոմեքենան: Այդ բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին:

Սկզբնական շրջանում փորձ արվեց անտեսել այս դեպքերի միջև եղած կապը և դրանցից յուրաքանչյուրի պարագայում հարուցվեց առանձին քրեական գործ: Հետագայում՝ հասարակական ճնշման ազդեցությամբ այդ գործերը միավորվեցին մեկ վարույթի մեջ:

Մինչ օրս հանցագործները չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն ենթարկվել: Մինչդեռ Շահեն Պողոսյանի ավտոմեքենան հրկիզվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի դիմաց՝ բազմաթիվ տեսախցիկների տեսադաշտում, իսկ Սամվել Սարգսյանի ավտոմեքենան՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնին կից տարածքում, որտեղ նույնպես ամենայն հավանականությամբ կան տեսախցիկներ:

  1. Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ

2014թ. նոյեմբերի 27-ին անհայտ անձինք Երևանի Խանջյան փողոցի վրա գտնվող կանգառում՝ մարդկանց ներկայությամբ, հարձակվել են Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը և վայր ընկել: Վայր ընկնելուց հետո հարձակվողները ոտքերով հարվածներ են հասցրել նրա գլխին, այնուհետև դիմել են փախուստի:

Հարվածների հետևանքով Գևորգ Սաֆարյանը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ուղեղի ցնցում:

Գևորգ Սաֆարյանի վրա տեղի ունեցած հարձակման վայրը գտնվում է տեսախցիկների տեսադաշտում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս մեղավորները չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել:

  1. 2015թ. հունվարի 15-ի դեպքերը Գյումրիում և Երևանում

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում և Երևանում տեղի ունեցան քաղաքացիական մի շարք ընդվզումներ: ՀՀ քաղաքացիները պահանջում էինՀայաստանին փոխանցել Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և գործի վարույթը:

Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտակայքում տեղի ունեցավ բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, երբ վերջիններս պատ էին կազմել և ցույցի մասնակիցների թույլ չէին տալիս մոտենալ հյուպատոսության շենքին:

Այդ բախման վայրում են եղել նաև Հիմնադիր խորհրդարանի 13 պատգամավորներ և աջակիցներ (ՎարուժանԱվետիսյան, ՎարդանՀակոբյան, ՎարդանԲալյան, ԻվանՄարգարյան, ԱշոտՊետրոսյան, ՏարոնԱսատրյան, ԱվագՄիրզոյան, ՇահենՊողոսյան, ԱրմենՄիքայելյան, ՏարոնՍարգսյան, ԳարեգինՍարգսյան, ԱրտեմՊողոսյան, ԷդվարդԳրիգորյան): Նրանք կամ առհասարակ չեն մասնակցել բախման գործողություններին կամ էլ փորձել են կանխել դրանք: Ի վերջո, Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը բախման վայր է բերել հզոր բարձրախոս, որի օգնությամբ հաջողվել է դիմել ներկաներին և դադարեցնել բախումը: Սակայն բախումը դադարեցնելուց հետո ոստիկաններն առանց որևէ հիմքի հարձակվել են Հիմնադիր խորհրադարանի վերը նշված պատգամավորների և աջակիցների վրա և նրանց ակնհայտ անօրինական կերպով՝ առանց որևէ իրավական հիմքի և պատճառաբանության, վարչական կարգով բերման են ենթարկել և մոտ 5 ժամ պահելուց հետո ազատ են արձակել:

Այդ նույն ժամանակ Երևանում՝ Ազատության հրապարակում, Հիմնադիր խորհրդարանի կոչով տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք ի զորակցություն Գյումրիում ընդվզած քաղաքացիների, սակայն համազգեստավոր և քաղաքացիական հագուստով ծպտյալ ոստիկաններըխոչընդոտել են հավաքի անցկացմանը և նրա մասնակիցների մեծ մասին ՀՀ ոստիկանության պետի հրահանգով՝ դարձյալ առանց որևէ հիմքի, վարչական կարգով բերման են ենթարկել:

Ոստիկանների ներկայացրած այն պատճառաբանությունը, թե իրենց տեղեկութունների համաձայն հավաքի մասնակիցների մոտ զենք կա, բացահայտ կեղծիք է, քանի որ ոստիկանությանը հայտնի է եղել, որ ինքնապաշտպանական բնույթի, ոստիկանության թույլտվույթամբ գրանցված գազային ատրճանակ ունեն միայն հավաքի մասնակիցներից երկուսը միայն, ուստի պահանջ կարող էին ներկայացնել միայն այդ երկու անձին, այլ ոչ թե հավաքի մյուս մասնակիցներին:

Հետագայում ոստիկանության այս ապօրինությունների առիթով հարուցել է քրեական գործ, սակայն մինչ օրս որևէ ոստիկան կամ պաշտոնատար անձ որևէ պատասխանատվության չի ենթարկվել:

  1. Բերձորյան պետական ահաբեկչություն

2015թ. հունվարի 31-ին Արցախի Բերձորի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում՝ Հայաստանի Հանրապետության վարչական տարածքում, Արցախի ոստիկանության ծառայողները և նրանց ուղեկցող քրեական անձինք հարձակվել են Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած խաղաղ ավտոերթի մասնակիցների վրա՝ դաժան ծեծի ենթարկելով և մարմնական վնասվածքներ պատճառելով մասնակիցներին, հարձակվելով կանանց և երեխաների վրա, ջարդելով երթի մասնակիցների 20ավտոմեքենաները, ապօրինաբար խլելով տեսախցիկները և անձնական առարկաները՝ ընդհանուր առմամբ պատճառելով շուրջ 40,000 ԱՄՆ դոլարին համարժեք վնաս: Լուրջ վնասվածքներ են ստացել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Նոյան Տապան» գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը և այլոք:

Հարձակման ընթացքում պլանավորված է եղել ծեծելով մահվան հասցնել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգողի տեղակալ Ալեք Ենիգոմշյանին, որը զրկված է տեսողությունից և ձախ ձեռքի դաստակից: Սակայն պատահաբար նրա փոխարեն բերման են ենթարկել արտաքինով նրան նման մեկ այլ անձի, որին հարվածներ հասցնելով ազատ են արձակել:

Սույն ահաբեկչության հիմնական դրվագին նախորդել է դրանից երկու ժամ առաջ տեղի ունեցած մեկ այլ հանցագործություն: Հիմնադիր խորհրդարանի ավտոերթին դիմավորելու համար Արցախից ընդառաջ եկած չորս անձանցից երկուսին՝ Քերոբ Ղազարյանին և Մխիթար Ավետիսյանին քրեական տարրերը դաժան ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպեսնաև ջարդել են նրանց ավտոմեքենաները:

Բերձորյան ահաբեկչությունը անմիջականորեն ղեկավարել են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (առավելապես հայտնի է «Օգանովսկի Սամո»), ԼՂՀ Ներքին գործերի նախարար Կամո Աղաջանյանը և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը (առավելապես հայտնի է որպես «Հադրութի Վանո»): Հասարակության լայն շրջանակներին հայտնի է նաև, որ Սամվել Կարապետյանը («Օգանովսկի Սամո») և Իվան Ավանեսյանը («Հադրութի Վանո») որպես կազմակերպիչներ ակտիվորեն մասնակցել են Մարտի 1-ի սպանդին:

Բերձորյան ահաբեկչությանը մասնակցել են նաև Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտված Սամվել Աբրահամյանը (հայտնի է «Ցավ» մականունով), սպանության համար դատապարտված այլ անձինք, Միքայել Բաղդասարովի թիկնապահը (որպես կազմակերպիչներից մեկը): Ի դեպ՝ Հիմնադիր խորհրդարանի կողմից մամուլով հրապարակված այս տեղեկությունները պաշտոնական մարմինները չեն հերքել:

Պետական այս ահաբեկչության ակտիվ մասին նախորդել և հաջորդել է Հիմնադիր խորհրդարանի ու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման և հատկապես նրանց ղեկավարների հրեշացման զանգվածային ապատեղեկատվության տարածմամբ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Այդ նպատակով գործի են դրվել ինչպես հեռուսատեսությունը և մամուլը, այնպես էլ ռեժիմի վերահսկողության տակ գտնվող կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները: Բացի այդ՝ Արցախի տարածքում այդ նպատակով օգտագործվել է ամբողջ վարչական ռեսուրսը, բոլոր կազմակերպություններում և բնակավայրերում կազմակերպվել են հավաքներ և ժողովներ՝ նշված ապատեղեկատվությունը տարածելու նպատակով:

Բերձորյան ջարդից հետո, տեղի տալով զանգվածային հասարակական ճնշման հավանական վտանգի առաջ, Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բակո Սահակյանի հրամանագրով ծառայողական քննություն է կատարվել և մի շարք ոստիկաններ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Իրականում այդ հրամանագիրը և ծառայողական քննությունը հանցագործության հատկանիշների ակնհայտ առկայության պարագայում ոչ այլ ինչ են, եթե ոչ այդ հանցագործությանշարունակություն և կոծկում: Բացի այդ՝ հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչական տարածքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ ռեժիմը ոչ մի քայլ չի ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ՝ ձեռնպահ մնալով անգամ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելուց:

Ավելին՝ ռեժիմը ներկայացնող ՀՀԿ ներկայացուցիչները շարունակում էին տուժածների կերպարի հրեշացման քարոզն ու նրանց պատժելու կոչերը, ինչի համար նրանցից մեկի (Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի) նկատմամբ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության կանչելու նպատակով:

Պետական այս ահաբեկչության դեպքով քրեական գործ է հարուցվել միայն Արցախի իրավապահպան համակարգի կողմից՝ ընդամենը Հիմնադիր խորհրդարանի ավտոերթին դիմավորող երկու անձանց ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ հասցնելու դրվագով:

Սակայն մինչ օրս ոչ մի մեղավոր չի բացահայտվել և պատասխանատվության չի կանչվել:

  1. Ջարդված մեքենաների մասնակցությամբ բացօթյա ասուլիսի արգելում

2015թ. փետրվարի 5-ին Հիմնադիր խորհրդարանը նախատեսում էր անցկացնել բացօթյա ասուլիս Հանրապետության հրապարակում՝ Բերձորյան ահաբեկչությունից տուժած ավտոմեքենաների ցուցադրությամբ: Սակայն ՀՀ ոստիկանությունը արգելեց այդ միջոցառումը՝ առանց որևէ հիմնավորման տուգանային հրապարակ տանելով  Բերձորումջարդուփշուրարվածավտոմեքենաները, ինչպես նաև վարչական կարգով բերման ենթարկելով Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ ԳևորգՍաֆարյանին: Ընդ որում՝ Հայկ Գրիգորյանի մասով նյութեր են նախապատրաստվել սառը զենք կրելու (նրա ավտոմեքենայի մեջ եղել է մահակի տեսք ունեցող փայտի կտոր) անհեթեթ կասկածանքով քրեական գործ հարուցելու համար, սակայն գործի հարուցումը հետագայում մերժվել է:

Մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել ոստիկանության ապօրինի գործողությունների, քաղաքական միջոցառումը արգելելու, քաղաքացիներին անհիմն կերպով բերման ենթարկելու և ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու համար:

  1. Դեպի Գյումրի ավտոեթրի ընթացքում սադրանքների հրահրում

2015 թ. մարտի 7-ին Հիմնադիր խորհրդարանը նախատեսում էր իրականացնել ավտոերթ դեպի Գյումրի: Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ էր հարուցել ավտոերթի ավարտինտեղի Թատերական հրապարակում քաղաքացիների հետ նախատեսվող հանդիպումը խափանելու նպատակով:Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր իրազեկումը մեժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը Ժառանգություն կուսակցությունն արդեն իրազեկել է նույն տեղում հավաք անցկացնելու մասին: Այնուհետև, երբ Ժառանգությունը մեր խնդրանքով պաշտոնապես հրաժարվել է իր հավաքն անցկացնելուց, քաղաքապետարանը մերժել է մեր իրազեկումը վերանայելու դիմումը, պատճառաբանելով, որ նույն տեղում եւ նույն ժամին կազմակերպվում է մանկապատանեկան միջոցառում, ինչի համար քաղաքապետարանը համապատասխան խնդրանքով նախապես դիմել էր Ժառանգություն կուսակցությանը:

Մինչդեռ Ժառանգության հավաքի իրազեկումը ներկայացրած Արմեն Մարտիրոսյանը մեզ պաշտոնապես հավաստիացրեց, որ այդպիսի դիմում չի ստացել:

Ավտոերթի օրը իշխանությունները մի շարք սադրանքներ էին նախապատրաստել: Մինչև ավտոերթի մուտքը Գյումրի ռեժիմը ՌԴ հյուպատոսարանը ոստիկանական հսկողության տակ (օղակի մեջ) էր վերցրել՝ դրանով իսկ փորձելով ներկայացնել «Հիմնադիր խորհրդարանը» որպես այս կամ այն աշխարհաքաղաքական ուժին ենթակա կառույց և ցույց տալով Ռուսաստանին, որ այն հակառուսական ուղղվածություն ունի։ Միաժամանակ, ռեժիմի ցուցումով մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Գյումրիի մուտքի մոտ՝ նպատակ ունենալով խոչընդոտել ավտոերթի մասնակիցների մուտքը։ Մի քանի տասնյակ երիտասարդները նաև ամեն կերպ փորձում էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ սպառնալիքներ և հայհոյախառն արտահայտություններ հնչեցնելով նրանց հասցեին: Հիմնադիր խորհրդարանի անդամները փորձել էին ոստիկանությունից երաշխիքներ ստանալ, որ Գյումրիում ավտոերթի ժամանակ սադրանքներ կամ հարձակումներ չեն լինի, սակայն չստանալով որևէ երաշխիք՝ որոշեցին ռիսկի չդիմել և չմտնել Գյումրի:

Ավտոերթի շրջանակներում սադրանքներ հրահրած, լրագրողական գործունեությանը միջամտած, քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները սպառնալիքի միջոցով կոպտորեն խախտած քրեածին տարրերից և իրենց պարտականությունների կատարումից խուսափող ոստիկաններից ոչ մեկը որևէ պատասխանատվության չի ենթարկվել:

  1. 2015թ. մարտի 28-ին Գյումրում հանրահավաքի խոչընդոտում և Հիմնադիր խորհրդարանի պատգամավորի դանակահարություն

Առանց միջադեպերի չանցավ նաև 2015թ. մարտի 28-ին Գյումրիում հրավիրած հանրահավաքը, որի ընթացքում նույնիսկ դանակահարվեց հավաքի մասնակիցներից մեկը:Մի խումբ երիտասարդներ անընդմեջ փորձում էին սուլոցներով խանգարել հավաքի բնականոն ընթացքը, պարբերաբար տեղաշարժվում ու վեճի էին բռնվում հավաքի մասնակիցների հետ:Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները, սակայն, որևէ կերպ չէին արձագանքում: Ավելին՝ ոստիկանները մի պահ լքեցին հրապարակը՝ ազզատորեն գործելու հնարավորություն տալով սադրիչներին: Ոստիկանները միջամտեցին միայն այն ժամանակ, երբ այդ երիտասարդները սկսեցին ձվեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ:Հանրահավաքի մասնակիցներից ոմանք փորձեցին հետապնդել ձվեր նետողներին: Հենց այդ ժամանակ էլ դանակահարվեց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչյա Միրզոյանը, որինտեղափոխեցին Գյումրու բժշկական կենտրոն: Նա ծանր մարմնական վնասվածք էր ստեցել՝ վնասվել էր փայծաղը, որը բժիշկները հեռացրեցին:

Հանրահավաքը խոչընդոտողների խմբում նույն երիտասարդներն էին, ովքեր երեք շաբաթ առաջ խոչընդոտեցին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մուտքը Գյումրի:

Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հանրահավաքի մասնակիցների և հարթակում ելույթ ունեցողների ուղղությամբ ձվեր նետած 5 քաղաքացիների նկատմամբ սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ մասով (Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը):

Սույն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Դանակահարության մեջ կասկածվող անձը, որին տուժողը դեպքից րոպեներ անց լուսանկարով ճանաչել և մատնացույց է արել, ոստիկանությունը չորս օր շարունակ չի ձերբակալել որպես կասկածյալ, այլ թույլ է տվել, որ նա ազատորեն շրջի քաղաքում: Ի վերջո՝ տեսնելով, որ մամուլի և հասարակության զգալի ճնշում կա, բեմադրվել է կասկածյալի մեղայականով ներկայանալու տարբերակը:

Մինչդեռ Գյումրիի մարտի 7-ի և 28-ի դեպքերը նույն անձանց կողմից կազմակերպված և ոստիկանության հովանավորությամբ, համագործակցությամբ և աջակցությամբ կազմակերպված և նրա հանցավոր թողտվությամբ իրականացված մեկ հանցագործություն է, որն արտահայտվել է տարբեր դրվագներով, որոնցից մեկն էլ դանակահարությունն է:

Բնականաբար՝ այս դեպքով նույնպես որևէ ոստիկան, այդ թվում՝ հանրահավաքի վայրում ներկա ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի տեղակալը, որևէ պատասխանատվություն չի կրել:

  1. Հիմնադիր խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդների ապօրինի կալանավորումը

2015 թ. ապրիլի 7-ին՝ առավոտյան ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ քննչական կոմիտեն իրականացրեցին խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի» քաղաքական շարժման անդամների բնակարաններում և գրասենյակներում (Երևան, Գյումրի, Վանաձոր), ինչպես նաև, Սարդարապատ շարժման և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միության» գրասենյակներում:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս) ձերբակալվեցին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, ազատամարտիկ Պավել Մանուկյանը և Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը: Խուզարկությունների և ձերբակալությունների ժամանակ ոտհարվել են Հիմնադիր Խորհրդարանի անդամների սահմանադրական տարրական իրավունքները:

Քննչական մարմինն ըստ էության որպես զանգվածային անկարգության կազմակերպում է դիտարկել օրենքով սահմանված կարգով իրազեկված ու Երևանի քաղաքապետարանի կողմից թույլատրված խաղաղ հանրահավաքի անցկացումը ապրիլի 24-ին Երևանում և հատկապես այն դեպքում, երբ շարժման առաջնորդները բազմիցս հայտարարել էին, որ ապրիլի 24-ին չեն իրականացնելու որևէ գործողություն, որը կարող է խանգարել այդ օրվա միջոցառումներին:

Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումը ամիսներ առաջ սկսված քաղաքական հալածանենրի շղթայի (2014թ-ի ավտոերթերի մասնակից ավտոմեքենաների հրկիզում, Գևորգ Սաֆարյանի մահափորձ, Բերձորի և Գյումրիի դեպքերը) տրամաբանական շարունակությունն էր: Ինչ վերաբերվում է գրասենյակներում հայտնաբերված և քննչական մարմնի կողմից ցուցադրված փայտյա մահակներին և այլ առարկաներին, ապա հարկ է նշել, որ դրանցից որևէ մեկի կրումը օրենքով արգելված առարկա չէ և դրանց հայտնաբերելը գրասենյակում ապացույց չէ, որ այն ունեցող անձը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրություն ունի: Հակառակ դեպքում, ազգաբնակչության մի զգալի հատված կարող է մեղադրվել զանգվածային անկարգություն կազմակերպելը նախապատրաստելու մեջ:

 

 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

 

12 ապրիլ 2015

Share Button