ԻՆՉՈ՞Ւ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Ապրիլի 24-ը ընտրվել է մի քանի նկատառումներից ելնելով:

Ապրիլի 24-ը զոհերի հիշատակի օր լինելուց բացի պետք է լինի նաև զոհերի առջև պատասխանատվության գիտակցման և ուժեղ պետականության ստեղծման օր, քանի որ 1915 թ. Մեծ Եղեռնի հիմնական պատճառն այն էր, որ մենք կազմակերպված չէինք և չունեինք պետականություն։ Միայն հզոր և ինքնիշխան պետությունը կարող է երաշխավորել հայ ազգի անվտանգությունը և ապագան:

Ամեն ինչից առաջ նախ պետք է հիշենք, որ իրավունքը, այդ թվում՝ ապրելու իրավունքը, ձեռք է բերվում պայքարով: Չմոռանանք, որ այդ օրը համահայկական նշանակություն ձեռք բերեց 1965 թ. ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի 50-ամյակի առթիվ Երևանում խորհրդային հայակործան մեքենայի դեմ փողոց դուրս եկած մեր ժողովրդի ընդվզման շնորհիվ: Բացի այդ՝ համանման միջոցառումներ տեղի ունեցան նաև Սփյուռքի գաղթօջախներում:

Այն ժամանակ մենք խորհրդային կայսրության կազմում գտնվող կիսապետություն էինք: Կայսրությունը տեսնում էր, որ չնայած արգելքներին և ճնշումներին, մեր ժողովուրդը ոչ միայն չի մոռանում իր զոհերին և կորցրած Հայրենիքը, այլև ունի պահանջատեր լինելու և առիթի դեպքում իր իրավունքները վերահաստատելու բավարար ներուժ:

Այդ պատճառով նա այնպես արեց, որ մենք չկարողանանք իրացնել այդ ներուժը և հայտնվենք մի միջանկյալ վիճակում՝ ձեռք բերելով ընդամենը հիշելու և սգալու, ինչպես նաև՝ ընդամենը պահանջատիրության մասին խոսելու իրավունք:

Ըստ այդմ՝ ձևավորվեց ամեն տարի ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համահայկական ավանդույթ: Զուգահեռաբար՝ մենք սկսեցինք խոսել պահանջատիրության մասին: Իսկ քանի որ պետություն չունեինք, սկսեցինք օտար պետություններից ակնկալել մեր իրավունքների ճանաչում և պահանջատիրության իրականացում:

Այդպիսով, մենք հայտնվեցինք օտարի շահերին ծառայելու համար ստեղծված մի կաղապարի մեջ, որը մեզ տալիս է ընդամենը տկար գոյության իրավունք և հնարավորություն, սակայն սահմանափակում է մեր լիարժեք կյանքի իրավունքն ու հնարավորությունը:

Այդ սահմանափակ իրավունքի և հնարավորության դրական արդյունքը եղավ այն, որ հայության շրջանում տեղի ունեցավ արյան կանչի և հողի պահանջի զարթոնք, ինչը նախ Սփյուռքում հանգեցրեց զինյալ ազատագրական պայքարի, իսկ հետագայում ապահովեց նաև Արցախյան ազատագրական շարժման մեկնարկն ու հաղթանակը: Զուգահեռաբար՝ մի շարք պետություններ իրենց շահերից ելնելով՝ ճանաչեցին Ցեղասպանության փաստը: Մեր նման քաղաքականապես չկազմակերպված կիսասուբյեկտ ժողովրդի համար ընդամենը հիշելու, սգալու և փաստի ճանաչման իրավունքն այն առավելագույնն է, ինչ կարող է տալ այսօրվա աշխարհը:

Հարկավոր է իմաստնություն և քաջություն դրսևորել, փաստելով, որ Ցեղասպանության 50-ամյակին տեղի ունեցած համազգային ներքին պայթյունի լիցքն այդքանով ավարտվեց, և այդ ժամանակ ձևավորված կաղապարը ոչ միայն այլևս միանգամայն անպիտան է դարձել, այլև վերածվել է մեր հետագա գոյության ու զարգացման խոչընդոտի:

Ուստի մեր ազգի հետագա գոյության ու զարգացման ընթացքն ապահովելու համար, հիշելուց ու սգալուց զատ և խոսելու ու օտարներին խնդրելու փոխարեն, պետք է կարողանանք հնարավորություններ ստեղծել մեր պահանջատիրական իրավունքներն իրացնելու և Ցեղասպանության հետևանքները հաղթահարելու համար: Դրա համար հարկավոր է դառնալ քաղաքականապես կազմակերպված ազգ, վերածվել լիարժեք սուբյեկտի, ունենալ ինքնիշխան ու հզոր ազգային պետություն: Այդ նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է մեր ազգային գիտակցության մեջ փշրել մեզ կաշկանդող այդ կաղապարը և ազատագրվել ու դուրս գալ դրանից:

Ապրելու համար պարտավոր ենք հասկանալ, որ Ցեղասպանության ցավը և դրա հիշողությունը կյանքի ազդակ դառնալու փոխարեն մեզանում վերածվում են սգո ինքնանպատակ պաշտամունքի և ծեսի: Այսպես շարունակվելու դեպքում, կարճ ժամանակ անց, մենք կդառնանք մահապաշտ ու աննպատակ ժողովուրդ, և վերջնականապես կուլ կգնանք ավելի կենսունակ ազգերին:

Խնդրո առարկա կաղապարը խորտակելու և մեր ազգային ոգին ու գիտակցությունն ազատագրելու լավագույն պահը և առիթը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրն է: Այդ օրը մի կիզակետ է, որի մեջ միավորված և կուտակված համայն հայության հոգևոր, կամային և գիտակցական էներգիան բազմապատկված զորությամբ ձգտում է հասկանալ Մեծ Եղեռնի պատճառները և ապահովել դրա կրկնության բացառումը: Ուստի այդ օրվա էներգիան պարտադիր կերպով պետք է օգտագործվի նշված կաղապարը փշրելու, ազգային ոգին ու գիտակցությունն ազատագրելու և առաջիկա հարյուրամյակի համար հայությանը լիարժեք կյանքի լիցք հաղորդելու նպատակով: Դա մեր վերապրելու միգուցե վերջին հնարավորությունն է, ուստի նման առիթը բաց թողնելը կլիներ ոչ միայն ապիկարություն, այլև դավաճանություն:

Ուստի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ին, մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, հեռացնի մեր ազատագրմանը խոչընդոտող ապազգային և հանցավոր ռեժիմին և սկսի կառուցել հզոր և ինքիշխան ազգային պետություն, որպեսզի դրա միջոցով կարողանա հաղթահարել Ցեղասպանության հետևանքները և վերատիրանալ իր պատմական իրավունքներին:

Ի վերջո՝ ոչ թե սուգը, այլ վերածնունդն ու հաղթանակն է զոհերի հիշատակը հարգելու և նրանց տառապանքն ամոքելու բնական ու լավագույն ձևը:

Բացի այդ, պետք է հասկանանք, որ ազգի գաղութացված վիճակը այս կամ այն չափի ցեղասպանություն է: Առհասարակ՝ ցեղասպանությունը գաղութացման ծայրահեղ դրսևորումն է: Իհարկե, ձևերն ու մեթոդները տարբեր են, բայց հետևանքը նույնն է: Այսօր էլ շարունակվող սպիտակ ցեղասպանությունը սպառնում է կարճ ժամանակ անց հայաթափել Հայաստանի այս վերջին հողակտորն ու հայրենազրկել համայն հայությանը:

Եվ դարձյալ վերը նշված նույն պատճառներով՝ մերօրյա սպիտակ ցեղասպանությունը կասեցնելու և օտարի հետ միասին այն իրականացնող ռեժիմին հեռացնելու գործընթացն սկսելու ամենահարմար օրը Մեծ Եղեռնի 100-ամյակի օրն է՝ ապրիլի 24-ը:

Այս ամենից զատ՝ ապրիլի 24-ն ընտրվել է նաև մարտավարական նպատակներով: Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայության և ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա, հայ ազգը առավելագույնս միասնական է, իսկ նրա կամքը, գիտակցությունն ու ինքնապաշտպանական բնազդը՝ առավելագույնս ուղղորդված ու սրված: Բնականաբար՝ նման պայմաններում էապես նվազում է հավանականությունը, որ ապազգային ու հանցավոր ռեժիմը կհամարձակվի բռնություն կիրառել ժողովրդի նկատմամբ: Դրա շնորհիվ մեզ կհաջողվի հնարավորինս առանց ցնցումների և արյան ազատագրել մեր երկիրը:

Share Button