Ժիրայր Սէֆիլյանի պատասխանը Շանթ Հարությունյանին

Սիրելի Շանթ:
Մեծ հարգանքով եմ վերաբերում քեզ՝ որպես հայի, քաղաքացու և գործչի:
Հարգում եմ նաև քո տեսակետը՝ ռեժիմի հեռացման գործընթացը ապրիլի 24-ի փոխարեն մեկ այլ օր սկսելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել քեզ, որ ապրիլի 24-ին ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու որոշումն իմ անձնական կամքի և միանձնյա հաշվարկների արդյունք չէ: Այն ծնվել է սկզբում Նախախորհրդարանի, այնուհետև՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների շրջանակում ամիսներ տևած կոլեգիալ քննարկումների շնորհիվ և հաստատվել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների ջախջախիչ մեծամասնության կողմից:
Անկեղծ ասած՝ ապրիլի 24-ը վերանայելու քո կոչն անակնկալ էր շատերի, այդ թվում՝ ինձ համար: Դրա վերաբերյալ զրուցել եմ նաև ընկերներիս հետ: Միգուցե քեզ համար տարօրինակ թվա, սակայն տպավորությունն այնպիսին է, որ եթե դու ազատության մեջ լինեիր և հնարավորություն ունենայիր անմիջականորեն հետևելու մեր քննարկումներին ու պայքարի քայլերին, ապա դեմ չէիր լինի ապրիլի 24-ին:

 

Շանթ Հարությունյանի նամակը Ժիրայր Սէֆիլյանին

Ժիրո ջան ուզում եմ իմ տեսակետը հայտնել քո նախաձեռնության վերաբերյալ: Իշխանափոխությանը միանշանակ կողմ եմ, բայց չեմ ընդունում իշխանափոխություն սկսել ապրիլի 24-ի երեկոյան: Չեմ ուզում քո նախաձեռնության աշխարհաքաղաքական բացասական հետևանքների մասին խոսել, քանի որ դու քաղաքական գործիչ չես և կարող ես շատ բան այլ կերպ պատկերացնել: Հիմա ավելի շատ ցանկանում եմ կարծիքս հայտնել նախաձեռնության բարոյական կողմի մասին:

Մեկ տարի անընդմեջ դու հայտարարում էիր «100-ամյակն առանց ռեժիմի»: Ինձ թվում էր, որ դու պետք է իշխանափոխության պրոցեսը սկսեիր ամենաուշը փետրվարի վերջին, որպեսզի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանը նշեր նոր իշխանություններով և նոր նախագահով: Բայց եթե դու ինչ-ինչ պատճառներով պատրաստ չես եղել իրականացնել իշխանափոխությունը նշված ժամկետներում, դա, իհարկե, դատապարտելի չէ, բայց դատապարտելի է դրա իրականացումը սկսել ապրիլի 24-ի երեկոյան:

Եթե դու հաշվել ես, որ քո հնարավորությունները թույլ կտան իշխանափոխությունը սկսել ապրիլի 24-ի երեկոյան, ուրեմն դու կարող ես այդ պրոցեսը սկսել ապրիլի 28-ին, մայիսի 4-ին կամ հունիսի 15-ին, այսինքն` ապրիլի 24-ից հետո եկած ցանկացած օր:

Այդ դեպքում անհասկանալի է ապրիլի 24-ը ընտրել որպես իշխանափոխության սկիզբ, երբ Պուտինն ու Էրդողանը դեկտեմբերին համատեղ որոշում են կայացրել, տապալել ապրիլի 24-ին Հայաստանում սպասվելիք ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:

Ապրիլի 24-ին նման քայլ նախաձեռնելը պայքարից հեռու կպահի իշխանափոխության կողմնակից լայն շերտերին, նաև զգալի հիասթափություն կառաջացնի նրանց մեջ:

Ժիրո ջան քո նախաձեռնությունը մոտավորապես նման է այսպիսի իրավիճակի. երբ մեկը գալիս և ասում է. «Տղերք, բժիշկները ասել են, որ մեր ընգեր Գագոյի պապը ծանր հիվանդա, 5 ամիս հետո մեռնելուա ու թաղմանն էլ լիքը մարդա գալու, կարելիա էտ օրը գնալ, թաղման ժողովուրդը հուզված կլինի, արժե բորբոքել ժողովրդին ու տանել իշխանափոխության» :

Կներես Ժիրո ջան, բայց քո նախաձեռնությունը մոտավորապես նման է այս իրավիճակին:

Հ.Գ. Ճիշտ է արաբական աշխարհում, մասնավորապես Պաղեստինում, Սիրիայում, Եգիպտոսում ընդունված է քաղաքական պայքար իրականացնել նույնիսկ զոհվածների թաղման օրերին և դագաղները ուսերին, բայց կարծում եմ հայ ժողովուրդը նման իրավիճակներում այլ վերաբերմունք է ցուցաբերում:

Դարձյալ կներես կարծիքս բարձրաձայնելու համար, բայց խնդրում եմ իշխանափոխության ժամկետները վերանայես:

Share Button