«Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպության հայտարարությունը եվրապարտատմոսերի թողարկման մասին

«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն Հայաստանի կառավարության կողմից վերջերս 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եվրապարտատմոսերի թողարկումը դիտարկում է որպես անպատասխանատու և երկրի համար վնասակար:

Հայաստանն իրեն նետել է լրջագույն վճարային հաշվեկշռի ճգնաժամի մեջ: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից գերկախվածության, փոխարժեքի բավարար արժեզրկում թույլ չտալու և արտարժույթի շուկայում շարունակաբար իրականացվող ինտերվենցիաների հետևանքով դրամը էականորեն արժևորվել է, հանգեցնելով մրցունակության լուրջ կորստի, իսկ Կենտրոնական Բանկի արտաքին պահուստները զգալիորեն նվազել են: Ընդհանուր տնտեսական ակտիվությունը, այդ թվում՝ արտահանումը, վերջին ամիսների ընթացքում զգալիորեն դանդաղել է, արդյուքնում՝ արագորեն վատթարանում են ֆիսկալ պայմանները:

Հայաստանի տնտեսությանը սպառնացող փլուզումից փրկելու համար անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ: Թանկ արտաքին վարկային միջոցները ծախսելով ճգնաժամից դուրս գալու մարտավարությունը ընդամենը կհետաձգի անխուսափելին՝ հանգեցնելով սպառողների, բանկերի և պետական հաշվեկշռի ավելի խոշոր կորուստների: Ռեժիմի ձգտումը՝ մինչև Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը՝ 2015թ․ ապրիլի 24-ը, խուսափել տնտեսական քաղաքականության որևե փոփոխություններից, լրջագույն հետևանքներ կունենա պետության և նրա բնակչության համար, որի մի զգալի մասն արդեն իսկ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կապիտալի շուկայի մասնակիցներին դադարեցնել ֆինանսավորել Հայաստանը կառավարող ռեժիմը՝ հաշվի առնելով միջոցների յուրացման ակնհայտ ապացույցները և աղետալի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը, որ իրականացնում է Հովիկ Աբրահամյանի ոչ կոմպետենտ և կոռումպացված կառավարությունը: Հայաստանի ապագա ժողովրդավար կառավարությունները բոլոր հիմքերը կունենան՝ կուտակվող այս պարտքերը համարելու ոչ լեգիտիմ և հրաժարվելու դրանց վճարումից:

«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ի գործադիր խորհուրդ