«Մենք հայի հոգեբանության մեջ փոփոխություն ենք մտցնելու»

Տապալված ավտոերթից հետո Հիմնադիր խորհրդարանը հանրահավաք է կազմակերպելու Գյումրիում: Առաջիկա անելիքների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության եւ Հարյուրամյակն առանց ռեժիմի շարժման անդամ Սյուզան Սիմոնյանի հետ:

Տիկին Սիմոնյան, մարտի 28-ին հանրահավաք է նախատեսված Գյումրիում: Ավտոերթը Գյումրիում ձախողվեց, կապված այն հանգամանքի հետ, որ քրեական տարրերը սպառնալիքներ էին հնչեցրել, եւ եղավ մտավախություն, որ կլինեն սադրանքներ: Առաջիկա հանրահավաքի հետ կապված եղե՞լ են արդեն արձագանքներ: Գյումրիի քաղաքապետարան իրազեկում ներկայացվե՞լ է, թե ոչ, եւ ի՞նչ արձագանք եք ստացել:

Այո, հանրահավաքը տեղի է ունենալու Գյումրիում մարտի 28–ին, այն արտոնվել է քաղաքապետարանի կողմից, հուսանք վերջապես կկարողանանք հանդիպել մեր սիրելի գյումրեցիների հետ, և խոչընդոտներ չեն ծագի։ Գյումրին Ազգային ազատագրական շարժման և Հիմնադիր խորհրդարանի համար հարազատ քաղաք է և հատուկ նշանակություն ունի։ Կարելի է ասել, որ Նախախորհրդարանը որպես պայքարի ելած ուժ իր մկրտությունը ստացավ հենց Գյումրիում, քանի որ մեր առաջին նիստերից մեկն անցկացրեցինք հենց Գյումրիում, մեր առաջին հանրահավաքը ու դրա իրազեկման քայլերթերը տեղի են ունեցել հենց Գյումրիում։ Այնպես որ, մեզ համար  Գյումրին կարևոր քաղաք է և հարգանքի արժանի քաղաք,  խոնարհման արժանի իր քաղաքացիներով։ Հազար ցավ ու դավ տեսած Գյումրին անպարտ է իր արժանապատիվ քաղաքացու շնորհիվ միայն։ Այն, ինչ կատարվեց Գյումրիում օրեր առաջ, ամենևին հարկավոր չէ կապել գյումրեցու հետ։ Կատարվածը միանշանակ հրահանգված էր իշխանությունների կողմից և այն մեզ  սադրանքի մեջ ներքաշելու նպատակ էր հետապնդում։ Իզուր չէ, որ մամուլը վերջերս հաճախակի է գրում շարժման առաջնորդների ձերբակալման իշխանության ծրագրի մասին։ Նրանք հավանաբար մտածում են, որ նման ազգադավ գործողությունը կարող են մարսել և արդարացնել նրանով, որ Ապրիլ 24–ը հայտարարված է շարժման սկիզբ։ Մինչդեռ նրանց կողմից մեր հայտարարությունը շահարկելը չի կարող որևէ կերպ արդարացվել, քանի որ շարժման առաջնորդները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ որևէ խժդժություն այդ օրը տեղի չի ունենալու, և մենք չենք իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք կխաթարեն Ապրիլ 24–ի խորհուրդն ու իմաստը։ Հակառակը, մենք ինքներս մասնակցելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ երթին։ Հանցագործությունների մեջ թաղված ռեժիմը, եթե գնա նման քայլերի, ապա այն կարող է դառնալ այն վերջին գործողությունը, որով կավարտվի նրա անփառունակ կյանքը, և տեղի կունենա նրա նույնքան անփառունակ վախճանը։ Սա ամենևին սպառնալիք չէ, այլ հստակ գիտակցում այն իրադրության, որն այսօր գոյություն ունի Հայաստանում և հայաստանցու սրտում։ Ժողովրդի ցասումն արթնացնելը հնարավոր է հանգեցնի նման անկանխատեսելի արդյունքի, և շաբաթն ուրբաթից շուտ վրա հասնի։ Այնպես որ, կրակի հետ խաղալը չեմ կարծում ռեժիմի շահերից է բխում այսօր։

Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ հանրահավաքը չեղյալ հայտարարվի՝ «անվտանգության» նկատառումներից ելնելով: Ենթադրելի է, որ դարձյալ ոտքի կհանվեն քրեական տարրեր, ինչպես նախորդ անգամ:

Չեմ կարող ասել, դեռ նման տեղեկությունների չենք տիրապետում և նոր սպառնալիքներ կարծես չկան։ Հավանաբար, ռեժիմը հասկացավ, որ հենց ինքը հայտնվեց իր պատրաստած  ծուղակում և մեկ անգամ ևս բացահայտվեց, որ նա ընդունակ է  ամենաճղճիմ ու ստոր դավարդությունների գնալ, միայն թե երկարաձգի իր հոգեվարքը։

Չկայացած ավտոերթից հետո Հիմնադիր խորհրդարանի անդամները հայտարարեցին, որ կճշտեն, թե ովքե՞ր են եղել այդ «հեղինակությունները»: Հետեւողական եղե՞լ եք այդ հարցում, կամ ոստիկանությունը ձեր ահազանգերին արձագանքե՞լ է արդյոք, որեւէ քայլ արվե՞լ է, որ բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն այդ անձինք: Չէ՞ որ այդ հայտարարությունները կարելի է համարել հանցագործության մասին հաղորդումներ:

Դե իհարկե, մենք տեղյակ ենք, թե ովքեր են եղել նրանք, և թե ինչ հանցավոր թելերով են կապված ռեժիմի հետ։ Դրա մասին հրապարակումներ եղան։ Իսկ պատասխանատվության ենթարկելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ինչպե՞ս կարող է ռեժիմը պատասխանատվության ենթարկել նրանց, ում հրահանգել է հանցավոր գործողություն իրականացնել։ Չէ՞ որ ռեժիմը հենվում է հենց այդ տարրերի վրա և ինքն է հանդիսանում տանիք նրանց համար։ Եթե Բերձորի ջարդի պատասխանատուները չպատժվեցին, ինչ իրավունք կամ իրավապաշտպանություն կարելի է ակնկալել հանցագործություների մեջ թաղված այս ռեժիմից։ Մեր հույսը մեր ժողովուրդն է և նաև մամուլը, որն օգնում է մեզ նման պահերին, և ռեժիմը չի կարողանում առավել սանձարձակ լինել, քան կա։  Օրինակ, Գյումրիում լրատվամիջոցների միջամտությունը բավական օգնեց։ Չնայած` պետք է նաև մի փոքր բողոք հայտնեմ լրատվամիջոցների հասցեին, քանի որ բազմիցս կոչ եմ հնչեցրել անկախ լրագրողների խումբ ստեղծել և ուսումնասիրել Բերձորի ջարդի մանրամասները, որով վստահ եմ բացահայտումներ կլինեն, կապված Մարտի մեկի կազմակերպիչների հետ։ Սակայն, մինչ օրս դեռ ակտիվություն այդ հարցում չի երևում։

Տիկին Սիմոնյան, իսկ ի՞նչ է սպասվում ապրիլի 24-ին:

Ապրիլ 24ին մենք, ինչպես ասացի, կբարձրանանք Ծիծեռնակաբերդ և մեր գլուխը կխոնարհենք մեր զոհերի հիշատակին և նաև կերդվենք, որ այդ օրվանից սկսյալ անդուլ պայքար ենք սկսելու մեր պետականության պահպանման համար, մեր երկիրը ներքին և արտաքին գաղութարարներից ազատագրելու համար։  Շարժման մասնակիցների ճնշող մեծամասնությունը Մեծ Եղեռնի զոհերի սերունդներ են: Ուստի մենք չենք կարող անհարգալից լինել այդ օրվա նկատմամբ։ Մենք լի ենք հարգանքով և մեր գլուխն ենք խոնարհելու այդ օրը մեր զոհված նախնիների հիշատակի առջև։ Այնուհանդերձ, մենք հավատում ենք նաև, որ այդ օրն ընտրելով խորհրդանշական իմաստով, մենք հայի հոգեբանության մեջ փոփոխություն ենք մտցնելու։ Այն է` ողբի օրը դարձնել հաղթանակի, ազգային վերածննդի, վերածնվելու, արարելու և ապրելու, այլ ոչ մեռնելու ու սգի օր։ Սա շատ կարևոր իմաստ ունի իր մեջ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այսօր էլ՝ 1915 թվականից 100 տարի անց, տեղի է ունենում արդեն սպիտակ Հայոց ցեղասպանություն, քանի որ Հայաստանն այսօր արնաքամ է լինում՝ կորցնելով իր ամենաթանկ արժեքը` հայ մարդուն։ Ինչպես վերջերս Ժիրայր Սեֆիլյանն առաջարկեց՝ Ապրիլ 24–ը զոհերի ոգեկոչման օր լինելու հետ մեկտեղ, լինի նաև պետականության պահպանման օր։

Աղբյուր՝ lragir.am