«Ամեն կտրուկ քայլ կարող է կայծի դեր խաղալ և պայթյուն առաջացնել»,- Ժիրայր Սէֆիլյան

Օրեր շարունակ մամուլը գրում է այն մասին, որ շուտով պատրաստվում են ձերբակալել Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին և նրա համախոհներին:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ղեկավարների ձերբակալումը հավանական սցենարներից մեկն է: Ռեժիմին չի կարող զսպել այն հանգամանքը, որ Շարժման ղեկավարներին ձերբակալելու որևէ հիմք չկա: Անցնող տարիներին մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են անմեղ մարդկանց ձերբակալել, կալանավորել և դատապարտել: Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ Շարժումը բռնությամբ կասեցնելու ռեժիմի քայլերը հակառակ արդյունք են տալու»: Այս մասին Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ՝ Ժիրայր Սէֆիլյանը:

Նրա խոսքով իրենց կողմից նախատեսվող քաղաքացիական անհնազանդությունն ավելի զանգվածային է դառնալու: Ավելին՝ այն հախուռն ձևով կարող է վերածվել համաժողովրդական ցասման: Հարկավոր է հաշվի նստել իրականության հետ: Երկրում տիրում է ծայրահեղ լարված, պայթյունավտանգ և հանգուցալուծում պահանջող իրավիճակը:

«Ամեն կտրուկ քայլ կարող է կայծի դեր խաղալ և պայթյուն առաջացնել: Դարձյալ ուզում եմ հավաստել, որ ապրիլի 24-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը չի կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են խափանել օրվա ծրագրով նախատեսված միջոցառումները»:

Նշենք, որ վերջին օրերին ռեժիմը շրջանառության մեջ դրեց նաև ապրիլի 24-ին օտարերկրյա հյուրերի անվտանգության ապահովման հարցը: Դրա վերաբերյալ պետք է հատուկ ընդգծել, որ Հայաստանում առկա միակ ահաբեկչական և հանցավոր կազմավորումը ռեժիմն է: Իսկ Շարժման գործողությունները եղել ու այսուհետև ևս լինելու են իրավունքի, Սահմանադրության և ժողովրդավարության շրջանակներում:

Սէֆիլյանի խոսքով դրանց գլխավոր նպատակը ժողովրդի իշխանության հաստատումն է, այդ թվում՝ ազատ ու արդար ընտրությունների ապահովումը, ինչի համար անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքացիական անհնազանդության իրավաչափ քայլերով հեռացնել հանցավոր ռեժիմին:

«Առիթից գտվելով՝ ուզում եմ կոչ անել նաև ռեժիմի ներկայացուցիչներին: Այսպես հնարավոր չէ շարունակել: Փոփոխությունների պահանջը հասունացած է, իսկ ժողովրդի համբերության բաժակը՝ լցված: Հերթական հանցավոր գործողությունը պլանավորելու փոխարեն հարկավոր է վերջապես ականջալուր լինել բանականության ձայնին:

«Հնարավոր չէ պետության ղեկին անվերջ մնալ Մարտի 1, Բերձոր կամ Գյումրի սարքելով: Եթե չհասկանաք և շարունակեք, երկիրը ցնցումների մեջ է հայտնվելու, իսկ դուք անփառունակ ձևով եք ավարտելու ձեր կենսագրությունը: Դրա փոխարեն ուշքի եկեք, սթափվեք և զիջեք ժողովրդի պահանջին: Հակառակ դեպքում ժողովուրդը ստիպված կլինի իր կամքը պարտադրել ձեզ»:

աղբյուր՝ shabat.am

Share Button