«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ բռնությունները կարող են ցասում առաջացնել ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Որքան մոտենում է սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու գործընթացի մեկնարկի ժամկետը՝ 2015 թ. ապրիլի 24-ը, այնքան նրա հանցավոր գործողություններն ավելի վայրագ ու զանգվածային են դառնում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման նկատմամբ:

2014 թ. նոյեմբերի վերջին ռեժիմն առաջին անգամ անցավ կոշտ քայլերի՝ հրկիզելով Շարժման մասնակիցների ավտոմեքենաները, ինչպես նաև ֆիզիկական բռնություն կիրառեց այդ մասնակիցներից Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Այնուհետև՝ 2015 թ. հունվարի 31-ին, ռեժիմը փորձեց Բերձորում բախումների պատկեր ստանալ, որպեսզի կարողանա սպանել ու ազատազրկել Շարժման ղեկավարներին, սակայն ձախողեց Շարժման մասնակիցների կազմակերպվածության շնորհիվ: Ավելի վատթար ծրագիր էր մշակվել 2015 թ. մարտի 7-ին Գյումրիում իրականացնելու նպատակով, սակայն դարձյալ Շարժման ղեկավարության շրջահայացության շնորհիվ հաջողվեց խուսափել զոհերից և այլ աղետալի հետևանքներից:

Տեսնելով, որ իր լարած ծուղակներում ինքն է հայտնվում, մինչդեռ Շարժման հեղինակությունն օրեցօր աճում է, իսկ ապրիլի 24-ին շատ քիչ ժամանակ է մնացել, ռեժիմը մշակել է նաև մեկ ուրիշ հանցավոր ծրագիր:

Մամուլում լուրեր են հայտնվել, որ օտարերկրյա պետությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Վատիկանի, հատուկ ծառայությունները լրացուցիչ տեղեկություններ և երաշխիքներ են պահանջել Երևան ժամանելու դեպքում իրենց պատվիրակությունների անվտանգության համար, քանի որ ըստ իրենց դեսպանություններից ստացված զեկույցների՝ Հիմնադիր խորհրդարանը նախատեսում է ապրիլի 24-ին «խժդժություններ իրականացնել Երևանում»:

Նման լուրերի տարածումը վկայում են այն մասին, որ ռեժիմը Բերձորի պետական ահաբեկչությանը նախորդած նույն ձեռագրով Շարժման նպատակների խեղաթյուրված ներկայացման, նրա ղեկավարների նկատմամբ ատելության քարոզի և այլ ստոր միջոցներով փորձում է սկզբում հրեշացնել նրան, որպեսզի մինչև ապրիլի 24-ն ընկած առաջիկա օրերին կարողանա Շարժման ղեկավարների նկատմամբ լայնածավալ բռնությունների միջոցով կանխել նրա հետագա ընթացքը:

Փաստորեն՝ ռեժիմը, անտեսելով մեր առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, ընտրել է ամեն գնով` անգամ երկիրը ցնցումների տանելու միջոցով, իր հանցավոր ու մահաբեր կառավարումը երկարաձգելու ճանապարհը: Ռեժիմն այլ ելք չի տեսնում, քանի որ Շարժման ծրագիրը և դրա իրականացման համար նախատեսվող քաղաքացիական անհնազանդության գործողությունները միանգամայն իրավաչափ են:

Մյուս կողմից՝ Շարժման ղեկավարների նկատմամբ բռնությունները, այդ թվում՝ նրանց ազատությունից զրկելը, երկրից արտաքսելը և, առավել ևս՝ նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը, չեն կարող կասեցնել Շարժումը, որովհետև այն արդեն բավականաչափ ծավալված է և ունի կառավարման ցանցային համակարգ:

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով երկրում տիրող ծայրահեղ լարված, պայթյունավտանգ և հանգուցալուծում պահանջող իրավիճակը, կարելի է վստահաբար կանխատեսել, որ Շարժումը բռնությամբ կասեցնելու ռեժիմի քայլերը հակառակ արդյունք են տալու, ինչի հետևանքով քաղաքացիական անհնազանդությունը ոչ միայն ավելի զանգվածային է դառնալու, այլև կարող է վերածվել համաժողովրդական ցասման:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ապրիլի 24-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը չի կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են խափանել օրվա ծրագրով նախատեսված միջոցառումները և, առավել ևս՝ սպառնալ օտարերկրյա հյուրերի անվտանգությունը: Շարժման գործողությունները եղել ու այսուհետև ևս լինելու են իրավունքի, Սահմանադրության և ժողովրդավարության շրջանակներում: Դրանց գլխավոր նպատակը ժողովրդի իշխանության հաստատումն է, այդ թվում՝ ազատ ու արդար ընտրությունների ապահովումը, ինչի համար անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքացիական անհնազանդության իրավաչափ քայլերով հեռացնել հանցավոր ռեժիմին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ռեժիմին կոչ է անում վերջապես ականջալուր լինել բանականության ձայնին, հրաժարվել մարտիմեկերի, բերձորերի և գյումրիների միջոցով պետությունը կառավարելուց ու երկիրը ցնցումների տանելու փոխարեն այսօրվանից պատրաստվել հեռանալուն և իշխանությունը ժողովրդին հանձնելուն:

Share Button