ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2015 թ. մարտի 14-ի «Օտարերկրյա ծառայություններն անհանգիստ են` ապրիլի 24-ին Երևանում կապահովվի՞ անվտանգությունը» հրապարակման առթիվ

«Հայկական ժամանակ» օրաթերթը և armtimes.com լրատվական կայքը իրենց 2015 թ. մարտի 14-ի թողարկումներում, հղում կատարելով «լավատեղյակ աղբյուրների» հայտնել են, որ մի շարք օտարերկրյա պետությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Վատիկանի, հատուկ ծառայությունները ՀՀ կառավարությունից լրացուցիչ տեղեկություններ և երաշխիքներ են պահանջել 2015 թ. ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանելու դեպքում իրենց պատվիրակությունների անվտանգության համար, քանի որ ըստ ՀՀ-ում գտնվող իրենց դեսպանություններից ստացված զեկույցների՝ «ապրիլի 24-ին Հիմնադիր խորհրդարանը նախատեսում է խժդժություններ իրականացնել Երևանում»:

Ըստ այդ թողարկումների՝ օտարերկրյա հատուկ ծառայություններին այս տեղեկությունը տագնապալի է թվացել, որովհետև «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը «ղեկավարում է լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը, իսկ նրա մերձավոր զինակիցներից է Ալեք Ենիգոմշյանը, ով նախկինում առնչություն է ունեցել ահաբեկչության հետ»:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը համոզված է, որ օտարերկրյա պետությունների դեսպանություններին և հատուկ ծառայություններին վերագրվող այս տեղեկությունները սուտ և շինծու են, որովհետև «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ոչ մի հիմք չի տվել նման մտահոգությունների համար և մշտապես հավաստիացրել է, որ 2015 թ. ապրիլի 24-ին ոչ միայն խժդժություններ չի հրահրելու, այլև որևէ կերպով չի խոչընդոտելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները և ինքն էլ մասնակցելու է դրանց:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը նաև բազմիցս հայտարարել է, որ ապրիլի 24-ին ընդամենը սկիզբ է դրվելու ռեժիմի հեռացման նպատակ հետապնդող քաղաքացիական անհնազանդության բնույթի ժողովրդական շարժում և իր կողմից երաշխավորում է բռնության և անկարգությունների բացառումը:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը վստահ է, որ ռեժիմն է իր հատուկ ծառայությունների միջոցով մոգոնել և տարածել վերոնշյալ ապատեղեկատվությունը, որպեսզի կարողանա վերսկսել Շարժումը հրեշացնելու նպատակով Բերձորից երկու շաբաթ առաջ մեկնարկած քարոզչական արշավը և հասարակական ընկալումների մեջ հող նախապատրաստել Շարժման մասնակիցների նկատմամբ լայնածավալ բռնությունների համար:

Միևնույն ժամանակ՝ չնայած ակնհայտին, Հիմնադիր խորհրդարանը, նրա քարտուղարությունը և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը պատրաստ են այսուհետև ևս հետաքրքրվող բոլոր կողմերին բացատրել Շարժման դրդապատճառները, բնույթը և հետապնդած նպատակները:

Share Button