Ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանի հայտարարությունը պետական պարգևները հանձնելու վերաբերյալ

 

Մեր պապերը որպես պատգամ մեզ փոխանցել են, որ հայը պետք է ունենա պատվի եւ արժանապատվության բարձր զգացում, պատրաստ լինի կյանքը նվիրել հայրենիքի եւ ընտանիքի պաշտպանությանը: Ես ծնվել եմ Ապարանում, որտեղ մարդիկ գիտեն՝ ինչ է պատիվն ու արժանապատվությունը: Այս պատգամով ու զգացումով ես եւ շատ հայորդիներ կամավոր գնացինք մեր սահմանները պաշտպանելու թշնամուց: Այնտեղ՝ պատերազմի դաշտում, բոլոր կռվող տղաների մոտ ես տեսա պատվի, արժանապատվության եւ հանուն ընկերոջ եւ ազգի իրեն զոհաբերելու զգացումը։ Կորցրինք շատ հերոսներ, որոնց երբեք չենք մոռանա, բայց ունեցանք նաեւ հերոսներ, ովքեր անցան պատերազմը եւ դարձան կենդանի լեգենդներ։ Մենք պարտավոր էինք նրանց պատվելու, հարգելու եւ գնահատելու։ Մենք հաղթեցինք պատերազմում, բայց այդպես էլ առ այսօր չգնահատեցինք մեր հերոսներին։

Գտնվեցին մարդիկ, ում պետք չէին պատերազմի հերոսներ: Դրա ապացույցը եղավ հունվարի 31-ի Բերձորի իրադարձությունը, երբ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կազմակերպած պետական ահաբեկչական գործողության ենթարկվեցին Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթի անդամները, ծեծի ենթարկվեցին Արցախի ազատագրման եւ բանակաշինության մեջ մեծ ավանդ ունեցած հայտնի հրամանատար, ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանը, բոլորիս հայտնի ազատամարտիկներ՝ Պավլիկ Մանուկյանը, Քերոբ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, երթի մասնակից Վարուժան Ավետիսյանը և այլոք:

Այն հարվածները, որ հասցրել են իմ մարտական ընկերներին՝ հասցրել են նաեւ իմ եւ մեր մյուս մարտական ընկերների պատվին ու արժանապատվությանը: Եթե այսօր Արցախն ազատագրողն իրավունք չունի Արցախ մտնելու՝ նշանակում է, որ մենք կորցնում ենք այն, կորցնում ենք ապաշնորհ, հակապետական, հակազգային, նյութապաշտ կառավարության վարած սխալ քաղաքականության պատճառով:

Ազատամարտիկների նկատմամբ այս ճնշումները սկսվել են ավելի վաղ՝ դեռևս 1995 թվականից սկսած, երբ համակարգը սկսեց կուլ տալ կամ փորձել կոտրել բոլոր նրանց, ովքեր համաձայն չէին իրենց թելադրած պայմանին: Պայմանը մեկն էր՝ կամ մեզ հետ ես, կամ մեր թշնամին ես: Այսօր էլ ոչինչ չի փոխվել, նույն գործելաոճն է․փոխվել են միայն անուններ: Քանի դեռ հանրությունը տեղյակ չի շատ տղաների առեղծվածային սպանություններից, քանի դեռ չեն բացահայտվել հոկտեմբեր 27-ի ոճրագործները, քանի դեռ չեն բացահայտվել մարտի 1-ի կազմակերպիչներն ու իրականացնողները, քանի դեռ չեն բացահայտվել Գյումրիի ընտանիքի սպանդի մեղավորները, չեն բացահայտվի նաեւ Բերձորի կազմակերպիչներն ու իրականացնողները:

Այս եւ շատ այլ պատճառներով համարում եմ, որ այս համակարգը արժանի չէ մեզ պարգեւատրելու։ Այս պատճառով ինձ տրված պարգևներն ու մեդալները հանձնում եմ իմ հրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի տնօրինությանը:

Ամենաբարձր  պարգեւը իմ ժողովրդի  կողմից տրված  վստահությունն ու հարգանքն է: Չկա  ավելի  բարձր պարգեւ քան  մեր երիտասարդների կողմից հարգված լինելը:

Որպես ազատամարտիկ՝ կոչ եմ անում բոլոր այն ազատամարտիկներին, ովքեր պատերազմ մտան ֆիդայական ոգով, ովքեր դեռ կրում են իրենց մեջ այդ ոգին, ովքեր չեն ուզում կորցնել մեր արյան ու քրտինքի գնով ձեռք բերածը, միացե՛ք Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծվող եւ առաջնորդվող քաղաքացիական բանակին:

Կոչս  ուղղում եմ  նաեւ մեր նոր սերնդին՝ երիտասարդությանը, անմասն մի՛ մնացեք,  համախմբվե՛ք,  միացե՛ք  Ժիրայր  Սէֆիլյանին,  մասնակից դարձեք նոր Հայաստանի կառուցման գործին:

 

Գարիկ Խաչատրյան

11 մարտ 2015, Բելգիա

 

 

DSC_0131

DSC_0134

DSC_0129

DSC_0128

DSC_0130