Հաղթանակի Բանաձևը․ Դավիթ Ս․ Դավթյան

Երկու տասնամյակ Հայաստանի սիստեմատիկ թուլացումը, մարդաթափությունը, վասալացումը եւ ոչնչացման եզրին հայտնվելը իրականացվել է կայսրության լիակատար վերահսկողության տակ գտնվող երկու հիմնական համակարգի օգնությամբ, իշխանական  եւ ընդդիմադիր պայմանական անուններով, որոնք մինչեւ այժմ արդյունավետորեն չեզոքացրել են իրենց եւ կայսրությանը սպառնացող ցանկացած իրական վտանգ:

 

Պայմանական իշխանական համակարգը կուռ բուրգ է հետեւյալ համոզմունքներով եւ տրամաբանությամբ՝

Ա. Բուրգի յուրաքանչյուր ներկայացուցիչ քծնում է իրենից բարձր օղակում գտնվող մեկին եւ ստորացնում իրենից ցածր օղակներում գտնվող բոլորին:

Բ. Բուրգի վերեւի օղակների ներկայացուցիչներն ավելի ընչաքաղց են, քան ներքեւի օղակում գտնվողները:

Գ. Բուրգի վերեւի օղակների անդամները ավելի վճռական են, քան ներքեւում գտնվողները:

Դ. Բուրգի բոլոր անդամներն այսպես թե այնպես հանցագործ են:

Ե. Բուրգի անդամները ազատորեն դիմում են բռնության, ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոչնչացում:

Զ. Բուրգի անդամները համագործակցում են բանակցելու, առեւտրի ու հստակ կանոնակարգի միջոցով:

Է. Բուրգի անդամները չունեն ազգային որեւէ նպատակ:

Ը. Բուրգի անդամները, ընդհուպ մինչեւ բարձրագույն օղակ, ընդունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ կարիք ունեն ավելի հզոր հովանավորների:

Թ. Բուրգի անդամների կարեւորագույն եւ միակ նշանակալի արժեքը փողն է եւ իշխանությունը:

Ժ. Բուրգի անդամները գործունյա են իրենց տրված լիազորությունների սահմաններում եւ հստակ գործում են իրենց առջեւ դրված նպատակները իրագործելու համար:

 

Պայմանական ընդդիմությունը խայտաբղետ է ու փոփոխական, ներկայացուցիչներից շատերը բուրգի նախկին կամ ներկա թաքնված անդամներ են, բազմաթիվ թելերով կապված են իշխանությանը եւ ունեն հետեւյալ պատկերը՝

Ա. Անընդհատ ու կոշտ քննադատում են իշխանությանը, իբր ցույց տալով հանցավոր էությունը, բայց իրականում տարածելով ցինիզմ եւ հուսահատություն:

Բ. Անկարող են միմյանց հետ արդյունավետ համագործակցել:

Գ. Միմյանց մեղադրում են իշխանության հետ կապերի (հաճախ իրավացիորեն) եւ իրենց կրած անհաջողությունների համար:

Դ. Ունակ չեն կամ չեն ցանկանում օգտագործել ժողովրդի հսկայական պոտենցիալը կազմակերպված ու տեւական ձեւով:

Ե. Պոպուլիստ են, ժողովրդին ներգրավում են միայն միտինգային ձեւով եւ շատ կարճաժամկետ:

Զ. Չունեն գաղափարներ եւ իդեալներ, որոնց շուրջ կարողանան տեւականորեն կենտրոնացնել մարդկանց:

Է. Չունեն ազգային նպատակներ, երբեմն ավելի բացահայտ են ծառայում կայսրության շահերին, խոսում են դեմոկրատիայի ու մարդու իրավունքների մասին, բայց թե ով է Հայ ազգը եւ ինչ միսիա ունի աշխարհում նրանցից շատ հեռու է:

Ը. Չունեն վճռականություն զինված պայքարի, որով տարածում են անելանելիություն, վախ եւ մորթապաշտություն:

Թ. Օրինախախտ են եւ թուլակամ:

Ժ. Հույս են փայփայում, որ զանգվածներ հավաքելով կհամոզեն կայսրությանն ու իշխանությանը իրենց եւս հնարավորություն տալ օգտվել բարիքներից:

 

Հաղթանակի տանող պայքարի համար անհրաժեշտ է՝

Ա. Բարձրաձայնել Նպատակը, որ կհամախմբի ազգային սերուցքը մի քանի տասնյակ մարդկանց շուրջ:

Բ. Նպատակը՝ 2000-ամյա սարսափելի անարդարության վերականգնումը Հայ Ազգի ու աշխարհի համար, Հայկական բարձրավանդակի վրա եւ նրա մեծ շրջակայքում Հայաստանի գերակայության վերականգնումը եւ դրա միջոցով հարաբերությունների ու կառավարման խորքային արդար եւ ուժեղ մշակույթի տարածումը, որ կվերականգնի լրջորեն խախտված հավասարակշռությունը:

Գ. Սերուցքը՝ վճռական, արդար եւ գաղափարական մարդիկ, հայկական բայց միաժամանակ համամարդկային նպատակի կրողները:

Դ. Նոր համակարգի մեջ ներդնել խիզախության, նվիրումի, գաղափարականության, ուժի եւ արդարության գաղափարները:

Ե. Տեխնոկրատական լուծումների միջոցով կառուցել ապագա պետության փոքր մոդելը, որը երկու շրջապատող կայսրություններից էլ արդյունավետ է առնվազն 40-50 անգամ, ստեղծելով անհրաժեշտ պաշտպանության, ֆինանսավորման ու զարգացման իրական մեխանիզմները:

Զ. Կայսրություններին ու նրանցից մեկի դուստր երկու համակարգերին հանկարծակիի բերել նրանց համար միակ կարեւոր եւ նրանց սնուցող ոլորտում՝ փող ու իշխանություն եւ դրանք կորցնելու մշտական սարսափ:

 

Նման զարգացումներ Հայաստանում արդեն նկատվում են՝ գաղափարական մարդիկ, որ ունեն երկաթե վճռականություն եւ Հայաստանի միսիայի խորքային պատկերացում: Միաժամանակ, դեպքերի արագ զարգացումը եւ արտաքին գործոններով պայմանավորված էական ճնշումները թուլացնում են թե հարեւան երկու կայսրությունները, թե Հայաստանում գործող երկու համակարգերը: Պայմանական ընդդիմադիր համակարգն արդեն կատարելապես ջախջախվել է՝ առաջին անգամ թողնելով իշխանական համակարգը մերկ ու անպաշտպան:

 

Իսկ իրական գաղափարական խմբերը կարողացել են ցույց տալ անկոտրուն կամք ու վճռականություն: Չգերագնահատելով նրանց եւ չբացառելով նրանց սխալները՝ հույս է առաջանում, որ մեզ սպասում է իրավիճակի կտրուկ ու դրական փոփոխություն, որը վերջապես սկիզբ կդնի Նոր Հայաստանի ստեղծմանը:

Աղբյուր՝ Դավիթ Ս․ Դավթյան

Share Button