Մավրը ցուցադրեց իր վճռականությունը, մավրը այսուհետ կարող է կրկին սիրահետել

Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է արագացված քաղաքական գործընթացների եւ տարբեր իրադարձությունների մի այնպիսի հորձանուտում, որը շատ դժվար վերլուծության է ենթարկվում: Մեր շուրջը կատարվում են իրադարձություններ, որոնց էությունը` առանձին սուբյեկտների վարքի նպատակը, դեպքերի առիթը, պատճառը, ընթացքը, հետեւանքը եւ այլն դեռ չվերագնահատած կամ չպարզած, բոլորս ականատեսն ենք լինում արդեն մի նոր իրադարձության: Խնդիր է դառնում հասկանալ այդ քաղաքական իրադարձությունների ամբողջ տրամաբանությունը, դրանց փոխկապակցվածությունը, դեպքերի փոխազդեությունը կամ սպասվելիք մարտահրավերներն ու հնարավորությունների հեռանկարը: Սակայն զարգացումների ինտենսիվությունը, առանձին փաստերի լրահոսում չհայտնվելը կամ ստվերում մնալը մեզ հնարավորություն չեն տալիս քաղաքական իրավիճակը գնահատել` փաստարկների նկատմամբ լիարժեք հավասարակշռություն պահպանելով: Երբեմն հարկ է լինում վստահել ինտուիցիային, երբեմն գերապատվություն տալ փաստարկների միայն մի կողմին` առավել նսեմացնելով մյուս փաստարկների ապացուցողական նշանակությունը: Եւ դա կատարել` հիմնվելով մեր սուբյեկտիվ ընկալումների վրա այն հաշվով, որ մերժված փաստարկները օբյեկտիվ իրականությունը բացատրելու փոքր հավանականություն ունեին:Իհարկե, եթե դեպքերի ընթացքը բոլորովին այլ ծանրաբեռնվածություն ունենար, ապա հարկ կլիներ սպասել առանձին զարգացումների մեկնաբանության համար անհրաժեշտ ապացուցողական բազայի լիարժեք ձեռք բերմանը եւ նոր միայն հանդես գալ ավարտուն վերլուծությամբ: Սակայն դեպքերի ինտենսիվության հետ համաքայլ քաղաքական մտքի շարժվելու հրամայականը ստիպում է ներկայում մի կողմ դնել որոշ փաստարկների լրացուցիչ ապացուցման ու քաղաքական առանձին էլեմենտների ներկայացման խնդիրը` դա թողնելով այլ հեղինակների: Միաժամանակ նման մոտեցումը ամենեւին չի նշանակում, որ ստորեւ ներկայացվող վերլուծությունը, հիմնվելով առավելապես նախորդ տարիների աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների ընդհանուր տրամաբանության եւ առկա միտումների, տողերիս հեղինակի նախորդ հրապարակումներում արդեն իսկ կատարված մի շարք վերլուծությունների ու ինտուիցիայի վրա, զերծ է օբյեկտիվությունից: Պարզապես ստորեւ ներկայացվող մեկնաբանության մեջ դեպքերի մեկնաբանման հիմքում դրվում են մի քանի պնդումներ, որոնք ընդունվում են անվերապահորեն տողերիս հեղինակի կողմից, բայց որոնք այլ անձանց կողմից կարող են եւ կասկածի ենթարկվել:Պնդում համար մեկ: Տարածաշրջանը` ընդհանրապես Մերձավոր Արեւելքը եւ մասնավորապես նաեւ Կովկասը, գտնվում են աշխարհաքաղաքական տրասֆորմացիայի մեջ, որտեղ Թուրքիայի կայունությունն ու ապագան այնքան անկանխատեսելի են, որքան անկայուն մեզ ներկայացան Սիրիան ու Իրաքը վերջին տարիներին:Պնդում համար երկու: Ուկրաինական դեպքերի արդյունքում աշխարհակարգի փլուզման եւ ապա Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետեւանքով վերջինս ապրում է շատ ծանր օրեր եւ ստիպված է իր քաղաքական ազդեցության տակ եղած առանձին տարածաշրջանների, այդ թվում` Հարավային Կովկասի վերջին տասնամյակների բնագծերից ետ քաշվել եւ ռազմավարական նոր բնագծեր ընդունել:Պնդում համար երեք: Արեւմտյան տերությունների կողմից ինտենսիվորեն վերաձեւվում է Մերձավոր Արեւելքի ռազմաքաղաքական քարտեզը եւ այդ գործում որոշակի դեր է վերապահված նաեւ Հայաստանին` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը որպես տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերի ու գործընթացների իրացման հիմնական հանգուցակետերից մեկը դիտարկելու պայմաններում:Պնդում համար չորս: Ապրիլի 24-ը առանցքային օր է Թուրքիայի շուրջ կատարվող գործընթացների համար: Այդ օրը Հայաստան եւ Թուրքիա մեկնող աշխարհի շատ պետությունների ղեկավարների ու պատվիրակների հանդիպումների հիմքում ընկած են լինելու տարածաշրջանի ապագայի շուրջ ռազմաքաղաքական կոնկրետ ծրագրերի կամ դրանց ուրվագծերի հաստատումը, այդ քաղաքներում մեկտեղվող կողմերի հետաքրքրությունների ու հնարավորությունների հետախուզումը:Պնդում համար հինգ: Ապրիլի 24-ին Հայաստան եկող առանձին տերությունների ղեկավարների կամ պատվիրակների մոտ լինելու են կոնկրետ առաջարկներ, որոնք պետք է համաձայնեցվեն պաշտոնական Երեւանի հետ: Պաշտոնական Երեւանի հետ համաձայնությունները ուրվագծելու են ոչ միայն Արեւմուտք-Հայաստան առաջիկա տարիների փոխհարաբերությունները, այլ նաեւ հաստատելու ու ընդգծելու են պաշտոնական Երեւանը ներկայացնող քաղաքական թիմի սուբյեկտայնությունը:Պնդում համար վեց: Իբրեւ պաշտոնական Երեւան ներկայացող քաղաքական թիմը արտաքին ուժային կենտրոնների հետ ապրիլին պայմանավորվածությունների գնալու գործընթացում առաջնորդվելու է այն տրամաբանությամբ, որ իր հետ կայացված պայմանավորվածությունները երաշխավորելու են նույն այդ թիմի Հայաստանի կառավարության ղեկին գտնվելու առաջիկա տարիների հնարավորությունը եւ այդ իսկ պատճառով հարկ է ապրիլի 24-ին ներկայանալ կառավարման սեփական լծակների ամրությունը ցուցանելով ու Հայաստանի առջեւ ծառացած եւ արտաքին ուժային կենտրոնների կողմից մատնանշվող խնդիրները լուծել ցանկանալու վճռականությամբ:Պնդում համար յոթ: Արտաքին ուժային կենտրոնները (տերություններ, միջազգային խոշոր կազմակերպություններ, վերազգային խոշոր կորպորացիաներ), առանց Հայաստանի էական միակողմանի զիջումների, երբեք թույլ չեն տա պաշտոնական Երեւանին բարձրանալ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտայնության աստիճանի, եթե վերջինս չպարտավորվի նախապես կատարել մի շարք քաղաքական ու տնտեսական առանցքային վերաձեւումներ իր արտաքին ու ներքին քաղաքական համակարգում:Ահա այս պնդումները, շաղկապելով վերջին ամիսներին տեղի ունեցող ներքաղաքական կարեւոր իրադարձությունների հետ, կարելի է խոսել Հայաստանում սպասվող քաղաքական ու տնտեսական համակարգերի տրանսֆորմացիաների մասին: Խոսքը հետեւյալ իրադարձությունների մասին է՝- նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Նախախորհրդարանի», ընդդիմադիր առանձին անհատների, ազատամարտիկների դեմ կիրառված բռնությունների, ինչպես նաեւ ավտոմեքենաների հրկիզման դեպքերը, որոնք առաջին հերթին խնդիր ունեին «Նախախորհրդարանին» գցել իր ծրագրած քայլերի ժամանակացույցից եւ 2015թ. ապրիլ ամիսը ազատել անկանխատեսելի զարգացումների հնարավորությունից[1],- 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը, որը հիմք տվեց խոսել Ռուսաստանի կողմից իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու[2] եւ տարածաշրջանային ու գլոբալ շահերի վերաֆորմատավորման մի գործընթացի մեջ գտնվելու մասին, որտեղ առկա մարտահրավերներին դիմագրավելու Ռուսաստանի հնարավորությունները շատ սահմանափակ են որպեսզի Կրեմլին հնարավորություն ընձեռեն պահպանել նախկին ռազմաքաղաքական բնագծերը Հարավային Կովկասում[3],- 2015թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման փաստը, որտեղ արժեւորվեց 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում,- 2015թ. հունվարի 31-ին ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից դեպի Արցախ «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցներին ծեծելու ու բռնությունների ենթարկելու դեպքը, որը չնայած նրան, որ արտաքին աշխարհին պետք է ցուցադրեր իշխող վարչախմբի ամրության պաշարը եւ նաեւ ապրիլ ամիսը ազատեր «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական ուժի խոստացած գլխացավաքներից, հակառակ արդյունքն ունեցավ` մի կողմից առավել լարեց ՀՀ իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի հանդեպ հանրային դժգոհությունների ալիքը, իսկ մյուս կողմից իջեցրեց ԼՂՀ-ի իբրեւ ռազմաքաղաքական միավորի ու պետական կազմավորման վարկը մեր տարածաշրջանում,- 2015թ. փետրվարի 12-ին ընդդեմ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ՀՀԿ խորհրդում Սերժ Սարգսյանի եւ նրա մյուս կուսակիցների ելույթները եւ հաջորդող օրերին պետական լծակների կիրառմամբ ԲՀԿ-ի դեմ իրականացվող հետապնդումները, որոնք մի կողմից վերջին տասնամյակում Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ պայմանագրի վրա հիմնված քաղաքական համակարգի ճգնաժամի արտահայտությունը դարձան, իսկ մյուս կողմից արտաքին աշխարհին ցուցադրեցին Սերժ Սարգսյանի հնարավորությունները քրեաօլիգարխիկ վարչակարգը հարկ եղած դեպքում վերափոխելու հնարավորության մասին,- 2015թ. փետրվարի 13-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, որ «պետությունը… փորձել է վերահսկել ֆինանսական միջոցների գոյացման օրինականությունը, ինչ-որ չափով արձագանքել է կասկածելի ֆինանսական ռեսուրսները քաղաքական նպատակներով օգտագործելու երեւույթի, պարբերաբար հակազդել է մասնավոր շահերի պաշտպանության համար տեխնիկական եւ կազմակերպական հնարավորությունների անհամաչափ գործածումը: …Սակայն երբ նման բացասական երեւույթները միավորվում եւ ծառայեցվում են երկրի ազգային անվտագությանը հակադրվող շահերի սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ», որով հիմք տվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ այդ կուսակցության այլ օլիգարխ պատգամավորների նկատմամբ տեղ գտնող հետապնդումները դիտարկել նաեւ որպես արտաքին ուժերի հանդեպ ստանձնած պարտավորությունների` երկրի քաղաքական համակարգում քաղաքական ու տնտեսական առանցքային վերաձեւումների գնալու պատրաստակամություն,- 2015թ. փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանի` նամակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դիմելու եւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշումը նրան հայտնելու փաստը, որը արտաքին քաղաքականության նոր փուլի սկիզբ ազդարարեց Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներում մեր երկրի ներգրավման հարցում:Այս իրադարձությունների ընդհանուր համատեքստում Հայաստանում սպասվող քաղաքական ու տնտեսական համակարգերի տրանսֆորմացիաների մասին խոսելիս ամենեւին էլ պետք չէ իշխող վարչախմբի ցուցաբերած կամ ենթադրվող վարքագիծը դիտարկել իբրեւ ժողովրդավարության արժեքների կիրառում, կամ առաքինության, արժանապատվության ցուցադրություն: Պարզապես Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի` քրեաօլիգարխիայի, տիրապետության ողջ ընթացքում վերջինս առավել ադեկվատ է եղել առկա իրավիճակին` լինեն դրանք երկրի ներսում, թե արտաքին աշխարհում տեղ գտնող քաղաքական գործընթացներ:Այսօր էլ, պայմանավորված ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարիլիցի շուրջ աշխարհում ծավալվող զարգացումներով, Հայաստանի իշխող վարչախումբը առավել հաշվենկատ քայլեր է ձեռնարկում` պահպանելու համար կառավարման լծակները, պայմանավորվելու արտաքին խաղացողների հետ եւ երաշխավորելու իր իշխանության ապագան առաջիկա տարիների համար: Այս ընթացքում, գործարկելով ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի անզորությունը ամեն քայլափոխի ցուցանելով, իշխող վարչախումբը մշտապես ապացուցել է իր առավել արժանիությունը արտաքին խաղացողների հետ գործընկեր մնալու կամ դառնալու գործում:Միաժամանակ ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերի անսկզբունքայնությունը, յուրաքանչյուր առիթով վազքը դեպի Մոսկվա եւ հպատակության ցուցադրությունը, ռադիկալ քայլերի դիմելու անկարողությունը, քաղաքական տեխնոլոգիաներ բանեցնելու անճարությունը, իշխող վարչախմբի հետ պայմանավորվելու հակվածությունը եւ այլ պարամետրեր արտաքին ուժային կենտրոններին համոզել են, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտում գործընկեր գտնելը գրեթե անհնար է` վերջիններիս անադեկվատ եւ անզոր լինելու պատճառով: Իշխող վարչախմբի միակ սայթաքումը առայժմ եղել է «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի դեմ գործողությունների տապալումը: Այսօր հանրային վստահության որոշակի պաշար ու զորություն պահպանում է միայն այդ ուժը: ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության սառեցումից հետո անշուշտ կարելի է սպասել այս ճակատում կրկին սրացումների:Իսկ մինչ այդ, հանրային օրակարգն առայժմ լցվելու է քրեա-օլիգարխիայի կրկնակի սիրավեպով: Մավրը ցուցադրեց իր վճռականությունը, մավրը այսուհետ կարող է կրկին սիրահետել:

աղբյուր՝ lragir.am

Share Button