«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՇԱՐԺՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ս.թ. փետրվարի 3-ի <<ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԲԵՐՁՈՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ>> մեր մամլո հաղորդագրությունից անցել է երկու շաբաթ, բայց ՀՀ իշխանական ռեժիմը ու Արցախի մարզի նրա մասնաճյուղը ոչ միայն ինքնադատապարտող քաղաքական մոտեցում չեն ցուցաբերել, այլ այդ ընթացքում փորձ են արել տարբեր ատյաններից վարկաբեկել հունվարի 31-ի <<100-ամյակը առանց ռեժիմի>> շարժման մասնակիցների իրազեկման երթը դեպի Արցախ և ահաբեկիչ արտահայտություններով սպառնացել դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին: Բերձորի ոճրագործության չբացահայտելը և չդատապարտելը նշանակում է բացահայտ մարտահրավեր ուղղել քաղաքացիական հասարակությանը, դուռը լայն բացել գալիք քաղաքական հանցագործությունների առջև և ոտնատակ տալ սահմանադրական տարրական նորմերը: Այսինքն`ՀՀ ռեժիմը մեր հայրենիքը սրնթաց տանում է դեպի ոստիկանական բռնապետություն, որն անհարիր է մեր ժողովրդի ազատախոհ ոգուն: «Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը հետևողական են և միասնաբար հայտարարում են, որ Հիմնադիր խորհրդարանի, նրա մերձակա շրջանակների և առհասարակ որևէ քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ՀՀ իշխանությունների ու դրա արցախյան մասնաճյուղի կողմից կիռարվող բռնության փաստերին մենք հետևում ենք ուշի-ուշով, դրանք մանրակրկիտ հավաքում, արխիվավորում և աստիճանաբար թարգմանում ամենատարբեր լեզուներով: Շատ շուտով դրանք կներկայացվեն միջազգային դատարաններին, մարդու իրավունքների պաշտպան բազմաթիվ ատյաններին ու գործիչներին: Մենք բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք հայրենի ազատության բարիկադների վրա մարտնչող մեր նվիրյալներին և չենք հանդուրժի, որ որևէ իշխանավոր լռեցնի 21-րդ դարի ազատատենչ հային ու վաճառի նրա հայրենիքն ու պատիվը: Պարոնայք իշխանավորներ, այսուհետև որևէ քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ բերձորյան մոտեցում, հայկականից զատ նաև միջազգային խարան է դառնալու ձեր ճակատին, ձեր առաջ փակելու է ոչ միայն Փարիզի, Բեռլինի, Տորոնտոյին կամ Բարսելոնայի հայկական համայնքների դռները, այլև ուրվականի պես հետապնդելու է ձեզ Եվրոպառլամետում, ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՈ-ում և այլուր: Հայոց հայրենիքում կատարած ձեր վայրագություններից յուրաքանչյուրը Ստրազբուրգի, Բրյուսելի, Վաշինգտոնի, Ժնևի կամ Վիեննայի միջազգային ատյաններում նույնչափ ցավ ու ապտակ է դառնալու ձեր դեմքին:

18 փետրվարի 2015թ. Հարգանքներով` «Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-ԱՄՆ մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

Share Button