Անհրաժեշտ է ձևավորել ազգային ազատագրական ճակատ

ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադիր խորհրդարանը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու, որ մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում հաստատվել և հետզհետե խորանում է համակարգային ճգնաժամ, որը, մասնավորապես, բնութագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով.

  • ժողովրդի իշխանության և երկրի տնտեսության մենաշնորհացում, արդարության և իրավունքի ոտնահարում, համատարած կոռուպցիա, կառավարիչների բացասական ընտրազատում,
  • պետական կառույցների (բացի բանակից) նենգափոխում, ինչպես նաև դրանց և քաղաքական վերնախավի ապազգայնացում ու կամազրկում,
  • վերագաղութացում (օտար ուժից քաղաքական և տնտեսական որոշումների կախվածության աստիճանի աճում) և Արցախի ու հայկական պետականության կորստի վտանգ,
  • պատերազմի հավանականություն և դրանով պայմանավորված՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման վտանգ:

Վարչախմբի նախաձեռնությամբ երկրի ներքին իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ նա ի վիճակի չէ դիմագրավել նշված համակարգային ճգնաժամը և փորձում է ավարտին հասցնել ժողովրդի իշխանության ու երկրի տնտեսության մենաշնորհացումը և հաստատել քաղաքական բռնատիրություն ու այսպես կոչված «մեկ օլիգարխի տնտեսություն»:

Իր հերթին՝ վարչախմբի թիրախ դարձած ուժը նույնպես ի վիճակի չէ մտածել ու գործել ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ և նույն կերպ հակված է Արցախն ու մեր պետականությունը և երկրի բնական ու մարդկային ռեսուրսները օտարին հանձնելու դիմաց մասնաբաժին ստանալու գնով գաղութային վարչախմբի դերը ստանձնելուն:

Նման պայմաններում վարչախումբ – եռյակ հակամարտությունն էլ ավելի է սրելու այդ ճգնաժամը:

Մինչդեռ Հիմնադիր խորհրդարանի նպատակն է քաղաքական նոր խավի ձևավորման, Հայաստանին Արցախի դե յուրե միավորման, ԵՏՄ-ից դուրս գալով և արտաքին հարաբերությունների հավասարակշռմամբ պետության սուբյեկտայնացման, տնտեսական ռեսուրսների և ստեղծվող հարստության ներդաշնակ բաշխման, դրանց՝ ընդհանուր բնակչության կենսամակարդակի բարձրացման և ազգի ու պետության բազմակողմանի անվտանգության համար օգտագործման,  հայրենադարձության և այլ համակարգային փոփոխությունների ճանապարհով նախադրյալներ ստեղծել նոր որակի ազգային պետության կառուցման համար:

Այդ պատճառով մենք մեր ժողովրդին կոչ ենք անում նման պայթյունավտանգ իրավիճակը քաոսի վերաճելու վտանգը կանխելու համար ցուցաբերել իրեն բնորոշ խոհեմություն ու զսպվածություն:

Միևնույն ժամանակ՝ անկախ վարչախմբի թիրախ դարձած գործիչների և քաղաքացիների որդեգրած պայքարի նպատակների ու մեթոդների նկատմամբ մեր վերաբերմունքից, դատապարտում ենք նրանց դեմ կիրառվող հակասահմանադրական ու հակաիրավական գործողությունները:

Մեր ազգի և պետականության համար գոյութենական մարտահրավերներ առաջ բերած համակարգային ճգնաժամի հաղթահարումը մնում է որպես քաղաքական օրակարգի գլխավոր հարց:

Այդ հարցը հնարավոր է լուծել պետական կառավարման նորգաղութային համակարգի ապամոնտաժման և ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգ ձևավորելու միջոցով, ինչը պետք է ամրագրվի ժողովրդի կամքն ու իշխանությունը հաստատող արտահերթ ընտրություններով: Մինչ այդ՝ հարկ կլինի հեռացնել ռեժիմին և նախապես սահմանված կարճաժամկետ անցումային փուլի ընթացքում ապահովել երկրի ապագաղութացումն ու  քաղաքական սերնդափոխությունը:

Ուստի Հիմնադիր խորհրդարանը բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում նշված քայլերի իրականացման նպատակով օր առաջ ձեռնամուխ լինել ազգային-ազատագրական ճակատի ձևավորման գործին:

 

Share Button