Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը (տեքստ)

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հորդորում է երիտասարդներին միանալ իր ստեղծած քաղաքացիական բանակին: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ինքը՝ Ժիրայր Սեֆիլյանը: «Պահը եկել է քաղաքացիական բանակը համալրելուն, հորդորում եմ այն երիտասարդներին, որոնք տոգորված են այս կարգախոսներով եւ սկզբունքներով` «Մենք ենք տերը մեր երկրի», «Չենք արտագաղթելու», «Չենք հանդուրժելու այս կեղեքող համակարգը», այսօրվանից գտնել մեզ եւ ցուցակագրվել ինձ մոտ` որպես քաղաքացիական բանակի շարքային զինվոր: Արցախյան պատերազմի իսկական մասնակիցներին էլ եմ հորդորում միանալ մեզ»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե եռյակն էլ է ցանկանում իշխանափոխություն անել, դուք էլ, հնարավո՞ր է համագործակցութուն լինի, Ժ.Սեֆիլյանը նշեց, թե եռյակը գործում է իշխանության վերահսկողության շրջանակում, իսկ իրենք կեղծ ընդդիմության պրոցեսից դուրս են: «Խառնակչություն չենք անելու, չենք խոչընդոտելու զոհերի ոգեկոչման արարողությանը ո՛չ Երևանում, ո՛չ Հայաստանի որևէ այլ քաղաքում: Խաղաղ գործընթաց է լինելու: Ովքեր չեն հասկանում, որ այդ օրը վերածննդի, ոչ թե սգի օր է, թող մեզ միանան հաջորդ օրը»,- ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ հրաժարականներ պահանջելն անիմաստ գործ է. գլխավոր նպատակին պետք է հասնեն:

Ժիրայր Սեֆիլյանը երաշխավորում է՝ 2016 թվականին ռեժիմը չի լինելու: Ռեժիմը, որին նա մի քանի անգամ անվանեց հակառակորդ, այս տարվա ընթացքում կզիջի իշխանությունը: Ըստ նրա՝ «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսը վերաբերում է ամբողջ տարվան, ոչ թե միայն ապրիլի 24-ին: Ըստ Սեֆիլյանի՝ եթե մինչև ապրիլի 24-ը չհասնեն իշխանափոխության, ապա այդ օրը բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արցախցիներին, կոչ արեց դուրս գալ փողոց պայքարելու՝ այլևս տուն չվերադառնալու նպատակով՝ մինչև հասնեն արդյունքի:
Անդրադառնալով քաղաքագետ Իգոր Մուրադյանի այն հայտարարությանը, թե իրենք գնում էին Արցախ հակառուսական տրամադրություններ ստեղծելու, Սեֆիլյանը նշեց, թե դա Իգոր Մուրադյանի անձնական կարծիքն է: «Նա պատահական մարդ չէ: Դա իր անձնական կարծիքն է: Իսկ թե ինչու էինք գնում Արցախ, արդեն ասել ենք»,- նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, թե «մուտիլովշիկների» մուտքը Արցախ արգելված է, Սեֆիլյանը իմաստ չտեսավ մեկնաբանել: «Հորդորում եմ նույնանման հարցեր ինձ չտալ»,- նշեց նա:

Սեֆիլյանը նաեւ հայտարարեց, որ ապրիլի 24-ին կատարվելիք իրենց գործողությունների փակագծերը հիմա չեն կարող բացել: «Այդքան միամի՞տ եք համարում մեզ: Միայն կարող եմ ասել, որ մենք այդ օրը չենք անելու այնպիսի բաներ, որոնք խաթարելու են միջոցառումները»,-նշեց նա: Նա նաև հավելեց, որ առաջիկայում պատրաստվում են Շիրակի մարզում ավտոերթ իրականացնել:

աղբյուր՝ Գալլա հեռուստաընկերություն
Share Button