Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը ՀՀ քաղաքացի Արտակ Խաչատրյանին բռնության ենթարկելու առթիվ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է «Շրջանառության
հարկի մասին» օրենքի լրամշակված տարբերակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացի
Արտակ Խաչատրյանին առևանգելու և դաժանաբար ծեծի ենթարկելու երևույթը ու
շուտափույթ ապաքինում է ցանկանում նրան: Մեր առջև ծառացած գոյութենական
մարտահրավերները հաղթահարելու համար ՀՀ քաղաքացիները և արտերկրում ապրող
մեր հայրենակիցներն այլևս պետք է ճանաչեն սպիտակ ցեղասպանություն
իրականացնող ռեժիմի ու նրա հետ գործակցող պաշտոնական ընդդիմության իրական
դեմքը և մերժեն նրանց քաղաքական խաղերն ու միասնության կեղծ
կարգախոսները: Գաղութացված երկրում կարող է լինել միայն
ազգային-ազատագրական պայքար: Բնականաբար՝ նման երկրում հնարավոր չէ վարել
միջկուսակցական բնույթի ներքաղաքական պայքար, առավել ևս՝ չի կարելի առանց
ազգային շահերի դեմ գործելու միասնության ձգտել յուրային ժողովրդին
սպիտակ ցեղասպանության ենթարկող ռեժիմի և նրա ենթակայությամբ գործող
կուսակցապետերի հետ: Ռեժիմի և նրա հետ գործակցող քաղաքական վերնախավի
ներկայացուցիչները գիտակցաբար՝ իրենց կամքով ու ցանկությամբ, հրաժարվել
են ազգային ճակատագրից ու շահերից և գործում են դրանց դեմ, ինչի
հետևանքով վերածվել են հակառակորդի:
Կոչ ենք անում այդ հակառակորդի ու նրա օտար տերերի մշակած՝ Մեծ Եղեռնի
100-ամյակը մեր պետականության թաղման յուրօրինակ ծիսակատարության վերածող
ծրագրին մասնակցելու փոխարեն համախմբվել ազգային-ազատագրական շարժման
դրոշի ներքո, հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին,
երկիրը մաքրել նրա հետ նույն կառքին լծված դեկորատիվ քաղաքական ուժերից
ու ներքին տականքից և ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների միջոցով
ազգային շահերով առաջնորդվող նոր քաղաքական ընտրախավի ձևավորման գործին:

Share Button