Արցախը պաշտոնապես միավորվեց Հայաստանին

Հայաստանի հանրությունը շարունակում է շոկի մեջ լինել Արցախ մուտքի մոտ հունվարի 31 ին տեղի ունեցած իրադարձությունից, որը ծանր հարված է Հայաստանին ու Արցախին. դաժան հաշվեհարդարի, բռնության ենթարկվեց դեպի Արցախ Հիմնադիր խորհրդարանի խաղաղ ավտոերթը, որի մասնակիցներ էին նաեւ կանայք ու երեխաներ, ինչպես նաեւ Ստեփանակերտից նրանց ընդառաջ գնացած քաղաքացիները։ Ընդ որում, տեղի ունեցածը հաշվեհարդար էր այսպես ասած պաշտոնական մակարդակով, ինչը հաստատեց նաեւ Արցախի ոստիկանության հայտարարությունը։
Դրանով, փաստացի տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի միավորման պաշտոնական ակտ, թեեւ բռնությունը փորձ է արվում արդարացնել նրանով, թե Արցախն անկախ պետություն է եւ չի կարելի Հայաստանի քաղաքական անցուդարձը տեղափոխել այստեղ։
Իրականում, տեղի ունեցածը վկայում է, որ Արցախը իր ներկայիս իշխանական համակարգով հանդիսանում է բռնության մշակույթի, մտածողության եւ արժեքների վրա հիմնված հայաստանյան համակարգի հայելային արտացոլումը։
Այնպես չէ, որ Հայաստանում նոր են տեղեկանում այդ մասին։ Հայաստանում հասարակության դեմ կիրառված բռնության աղմկոտ նախադեպերի վերաբերյալ եղել են կարծիքներ եւ մամուլի հրապարակումներ, թեայդ իրադարձությունների ժամանակ ուժ է բերվել նաեւ Արցախից։
Փաստացի, Արցախի իշխանությունն իր ուժային գործողությամբ հաստատել է հանրության այդ մտայնությունը, մտահոգությունը, կասկածը կամ համոզվածությունը, եւ ըստ այդմ՝ հաստատել է նաեւ իրականում Հայաստանի համակարգի հետ միատարությունը։ Այդպիսով, հռչակագրային մակարդակով Արցախի անկախ պետականությունը դրսեւորելու կարգախոսի ներքո տեղի է ունեցել Արցախի եւ Հայաստանի համակարգերի միաձուլման պաշտոնական ակտ։
Տեղի է ունեցել մի հրեշավոր իրողություն, որը հարված է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, որն իրականացրել է Արցախի իշխանությունը եւ որը չի կանխել Հայաստանի իշխանությունը։
Ընդ որում, տեղի ունեցածը կապված չէ Արցախի միջազգային վարկի հետ, կապված չէ այն բանի հետ, թե «Ադրբեջանը կամ Թուրքիան կոգեւորվեն»։ Դա ոչինչ է այն առանցքային խնդրի համեմատ, որ առաջ է գալիս տեղի ունեցածի հետեւանքով։ Խոսքն այն մասին է, որ կատարելով բռնության համակարգային միավորման պաշտոնական ակտ, Հայաստանի ու Արցախի իշխանությունը խորացնում են այն անջրպետը, որ եղել է մի շարք օբյեկտիվ ու հսկայական սուբյեկտիվ պատճառների հետեւանք՝ «արցախցի-հայաստանցի» արհեստական բաժանումը, ինչը անկախ Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար երբեւէ քաղաքական պատասխանատվություն ունեցած ուժերի՝ պետության ու հասարակության հանդեպ թույլ տված ամենամեծ հանցանքներից մեկն է։
Հունվարի 31-ին տեղի ունեցածի ամենամեծ վտանգը հենց դա է՝ այդ անջրպետի վտանգը, որ փորեց Հայաստանի ու Արցախի միավորված համակարգը։

Աղբյուր՝ www.lragir.am