Այսօր «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը նախատեսել էր անց կացնել իրազեկման ավտոերթ դեպի Արցախ: Ավտոերթի նպատակը Արցախցիների իրազեկումն ու նրանց մասնակցության ապահովումն է Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, հայաստանյան ռեժիմի հեռացման և դրանից հետո ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորման ու մեր երկրի ապագաղութացման միջոցով մեր միավորված պետության ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարին:
«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» պաստառի մոտակայքում ԼՂՀ ոստիկանական ուժերը նախապես պլանավորել էին և իրականացրին հետևյալը: Սկզբում ավտոշարասյանը մոտեցան ոստիկաններ, ովքեր ստուգում էին փաստաթղթերը: Մոտակա բլուրի վրա գտնվում էին ինքնաձիգերով զինված դիմակավորված անձինք, ինչպես նաև քաղաքացիական հագուստով նկարահանում իրականացնող անձինք, որոնք նկարահանում էին տեսախցիկներով և կվադրալյոտ կոչվող սարքով վերևից: Ոստիկանները սկզբում թույլատրեցին երթը լուսաբանող օպերատորներին նկարահանել, որպիսի պարզեն, թե քանի օպերատոր կա: Դա պարզելուց հետո համազգեստով ոստիկանները հարձակվեցին երեք օպերատորների վրա (Արմեն Ադամյան, Անուշավան Շահնազարյան, Արսեն Խեչոյան ), բռնությամբ առգրավեցին և ամբողջությամբ ոչնչացրին նրանց տեսախցիկները: Այնուհետև տեղային հարձակում կատարվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ավտոերթին միացած քաղաքագետ Իգոր Մուրադյանի, Հիմնադիր խորհրդարանի Նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի և ազատամարտիկ Պավել Մանուկյանի վրա:
Այս ամենից հետո ոստիկանները անցան լայնածավալ հարձակման, սկսեցին մարդկանց դուրս հանել մեքենաներից և ծեծի ենթարկել նրանց, մեքենաներից պոկել եռագույն և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դրոշները և մահակներով ջարդել մեքենաները: Այս ամենն իրականացրել են ԼՂՀ ոստիկանության համազգեստով և քաղաքացիական հագուստով աշխատակիցները, և ոչ թե արցախցիները: Առաջիկայում տեսանյութերով կհրապարակվեն ոստիկանների ապօրինի գործողությունները:
Տեսնել նաև .