«Բանակն այսօր միակ ոչ դեկորատիվ կառույցն է». Ժիրայր Սէֆիլյան

PressIdent.am-ը զրուցել է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի հետ:

– Պարոն Սէֆիլյան, վաղը լրանում է Հայոց բանակի 23-ամյակը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և կորուստներ մենք ունենք: Որպես ազատամարտիկ, Շուշիի գումարտակի հրամանատար՝ ինչպե՞ս կբնութագրեք մեր բանակն այսօր:

– Հայկական բանակը շահեկանորեն տարբերվում է պետական կառավարման համակարգի մյուս կառույցներից: Ըստ էության՝ բանակն այսօր միակ ոչ դեկորատիվ կառույցն է, որ պայքարում է հանուն Արցախի և մեր ինքնիշխանության: Անշուշտ, բանակում կան նաև թերություններ, որոնք պայմանավորված են բանակի վրա ներկայիս պետական կառավարման համակարգի և ապազգային ու նյութապաշտ վերնախավի ազդեցությամբ: Դրանցից ձերբազատվելուց հետո բանակի առողջացումը շատ հեշտ է լինելու:

– Հայ-ադրբեջանական սահմանի և հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման փաստերը շատերին հիմք են տալիս պնդելու, որ մենք այսօր ոչ թե կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, այլ հե՛նց պատերազմական: Դո՞ւք ինչպես կմեկնաբանեք իրավիճակը:

– «Կիսապատերազմական» կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը հենց այդպիսին է: Այն տատանվում է խախուտ խաղաղության և պատերազմամերձ վիճակների միջև: Քանի դեռ մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարն այնպիսի մարդ է, որ սարսափում է պատերազմից, վախենում է հակառակորդին ռազմական ճանապարհով ծնկի բերելու քայլեր ձեռնարկելուց, հակառակորդն իրեն այդպես է պահելու: Միևնույն ժամանակ՝ Արցախը պետք է ազատել պատանդի կարգավիճակից: Օտար հզորները չէ, որ պետք է լուծեն Արցախի հարցը: Այդ հարցի լուծման բանալին հայության ձեռքում է: Մենք նախատեսում ենք ռեժիմին հեռացնելուց հետո կազմակերպել միավորման հանրաքվե և Արցախը դե-յուրե միացնել ՀՀ-ին: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է որպես դիտորդ մասնակցել հանրաքվեին և վկայել դրա արդյունքները:

– Անդրադառնանք անցած տարեվերջին տեղի ունեցած կարևոր դեպքերից մեկին՝ ազատամարտիկների ծեծին: Ըստ Ձեզ՝ հաղթանակած երկրի բանակում ծառայող զինվորի համար ի՞նչ «դաս» կարող է դա լինել:

-Դա ևս մի ապացույց էր, որ կառավարող ռեժիմն ապազգային է և անմարդկային: Հենց սա պետք է դաս լինի մեզ, այդ թվում՝ բանակում ծառայող երիտասարդների համար: Ինչու ոչ՝ նաև ազատամարտիկների համար: Մենք պետք է հասկանանք, որ այս ռեժիմն ու վերնախավը հակահայկական ու հակամարդային են, ուստի ոչ մի կուսակցություն, առավել ևս՝ կուսակցության ղեկավար, չի կարող ժողովրդի և պետության կողմից լինել: Եթե այս պարզ ճշմարտությունը հասկանանք, ռեժիմին հեռացնելն ու ազգային պետություն կառուցելը կվերածվի առօրյա աշխատանքի:

-Գրեթե ամեն օր թշնամու կողմից դիվերսիոն հարձակում է լինում, հայկական պետական սահմանը հատելու փորձ: Ձեր կարծիքով, մի՞թե հայկական սահմանն անցնելն այդքան դյուրին է:

-Դիվերսիաներից ոչ մեկը երաշխավորված չէ: Սակայն կարելի է այնպես կազմակերպել պաշտպանությունը, որ դիվերսիաների խափանումը շատ ավելի արդյունավետ լինի: Այս հարցն ունի երեք հիմնական առում՝ քաղաքական, կազմակերպչական և նյութական: Քաղաքականը գլխավորն է և պայմանավորում է մյուսներին: Մեզանում քաղաքական առումը կամ բացակայում է կամ մեր դեմ է աշխատում: Այդ պատճառով կազմակերպչականն ու նյութականը բավականին կաղում են: -ՀՀ պաշտպանության Սեյրան Օհանյանը լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն ասել է հետևյալը. «Եթե հակառակորդը կարծում է, որ մենք հանուն հրադադարի չենք անցնի կարմիր գիծը, սխալվում է: Մենք պատրաստ ենք այսօր ցանկացած գործողությունների: Հակառակորդի տարածքը ցանկացած պահի կարող ենք վերածել այնպիսի թեժ գծի, որ ինքն էլ գլուխ չի հանի»: Սրան ոչնչով չզիջող նմանատիպ հայտարարություններ հնչեցին նաև անցած տարի զորավարժանքների ժամանակ թշնամու կողմից խոցված ուղղաթիռի դեպքից հետո:

Ի՞նչ եք կարծում, սրանք միայն արտաքին՝ թշնամու մեջ վախ սերմանելու համար են արվում և, ընդհանրապես, ի՞նչ արձագանք կարող են դրանք ստանալ միջազգային հանրության կողմից:

-Ինչպես բանակն է միակ ոչ դեկորատիվ կառույցն այս համակարգում, այնպես էլ Սեյրան Օհանյանն է շահեկանորեն տարբերվում կառավարող վերնախավի շրջանում: Ես համաձայն եմ Սեյրան Օհանյանի այն մտքին, որ հայկական բանակը մարտունակ է: Համապատասխան քաղաքական կամքի պարագայում նա կարող է լուծել իր առջև դրվող խնդիրները: Սակայն, ինչպես արդեն նշեցի, քաղաքականը մեզանում կամ բացակայում է, կամ էլ մեր դեմ է աշխատում:

– Ինչ-որ անորոշ կերպով, բայց շատ համառորեն շրջանառության մեջ են դնում Սեյրան Օհանյանին որպես ՀՀ հաջորդ նախագահի թեկնածու ներկայացնելու «փորձերը»: Ի՞նչ եք կարծում, Սեյրան Օհանյանը կառաջադրվի՞, ի՞նչ հնարավորություններ նա ունի:

– Կարծում եմ՝ այս հարցը պետք է ուղղել Սեյրան Օհանյանին: Մենք առաջիկա քաղաքական գործընթացները պատկերացում և ծրագրում ենք ռեժիմին հեռացնելու և նոր պետական կառավարման համակարգ ձևավորելու տրամաբանությամբ:

Աղնյուր՝ www.pressident.am/

Share Button