ԱՅՍՕՐՎԱ ԿԱՐՍԸ ԱՐՑԱԽՆ Է: ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՄԲ ԿԱՆԽԵՆՔ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ

Աշխարհաքաղաքական զարգացումների և բարոյահոգեբանական անկման գործընթացների այսօրվա պատկերը շատ նման է Կարսի հանձնման նախօրյակի պատկերին: Պարզապես Կարսի դերում Արցախն է: Պատմությունը սիրում է կրկնվել, եթե նրա դասերն անտեսում են: Կարսի խայտառակ հանձումից մեկ ամիս անց ընկավ Հայաստանի Հանրապետությունը: Մենք շատ ուշ սթափվեցինք: Շատ ուշ զգացինք, որ դանակը ոսկորին է հասել: Եվ ապստամբեցինք միայն այն ժամանակ, երբ տեսանք բոլշևիկյան ցեղասպանական ակտերն ու անասելի կեղեքումը: Սակայն ուշացած լինելու պատճառով մեր ապստամբությունը ճնշվեց և Խորհրդային Ռուսաստանը զավթեց ու գաղութացրեց մեր երկիրը: Միևնույն ժամանակ՝ այն օրերի համեմատությամբ մենք ներկայումս մի շարք առավելություններ ունենք: Դրանցից առաջինն այն է, որ ծանոթ ենք պատմությանը: Բացի այդ՝ հանձինս Հիմնադիր խորհրդարանի ունենք մի ուժ, որը կանխատեսում է աղետը և քայլեր է ձեռնարկում այն կանխելու ուղղությամբ: Հարկ է նաև նկատի ունենալ, որ այն ժամանակ անկումային բարոյահոգեբանական վիճակը կլանել էր ոչ միայն վերնախավին, այլև ժողովրդի ու բանակի մեծ մասին: Մինչդեռ ներկայումս բանակն ու ժողովուրդը վճռական են Հայրենիքը պաշտպանելու հարցում: Եվ միայն կառավարող վերնախավն է, որ պատրաստ է Արցախն ու պետականությունը հանձնելու գնով հաճոյանալ Մոսկվային: Ակնհայտ է, որ պատմության անիվը շուռ տալու և համազգային աղետը կանխելու միակ տարբերակը իրադարձությունների հերթականությունը փոխելն է: Մենք պետք է ապստամբենք մինչ Արցախի հանձնումը, եթե ուզում ենք այսօրվա 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա պահպանել հայկական պետականությունը և հերթական անգամ ցեղասպանության ենթարկվելու փոխարեն վերածվել տարածաշրջանային գործոնի: