«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր խորին ափսոսանքն է հայտնում վերջին օրերին Արցախի տարբեր կազմակերպությունների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնք ուղղված են հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթի դեմ: Անհանգստացնող են Արցախի տարբեր քաղաքներում և մասնավորապես Բերձորում տեղի ունեցող կոլեկտիվների՝ ավտոերթի դեմ ուղղված ժողովները, որոնք խորհրդային վատագույն ավանդույթներն են հիշեցնում: Անընդունելի է, որ այս արշավի մեջ ընդգրկված են պետական կառույցները, որոշ հասարակական կազմակերպություններ, խորհրդարանական կուսակցությունները:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը թեև չի կիսում «Հիմնադիր խորհրդարանի» որոշ գաղափարներ, այնուամենայնիվ, հարկ է համարում հիշեցնել, որ յուրաքանչյուր կազմակերպություն կամ քաղաքացիների խումբ ինքն է ընտրում իր գաղափարների և գործունեության մասին իրազեկման ձևը և դրա դեմ բռնանալը Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների խախտում է:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն այս արշավի հետևում տեսնում է Սերժ Սարգսյանի՝ բոլորին բոլորի դեմ հանելու քաղաքականությունը և կոչ անում արցախյան ուժերին և հատկապես նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ համայն հայության առջև խայտառակվելու և հայության վստահությունը կորցնելու հեռանկարից:

Աղբյուր՝ a1plus.am

Share Button