«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության վարչության հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ

2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկելի ոճրագործությունը ցնցեց ամբողջ հայությանը և առաջադեմ մարդկությանը:

Բայց, ցավոք սրտի, դրան անհաղորդ մնացին ՀՀ «Նախագահը», նրա գլխավորած ռեժիմը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ «Նախագահը» նույնիսկ հարկ չհամարեց դիմել ժողովրդին, կիսել նրա ցավը, դատապարտել կատարված ոճրագործությունը և երկրում սուգ հայտարարել:

Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա այնպիսի տպավորություն է առաջանում, որ միգուցե նրա սիրտը այս ամենին չի դիմացել և նա թողել է մեր մեղավոր աշխարհը: Եթե այդպես է, Աստված հոգին լուսավորի: Հակառակ դեպքում՝ մենք  Կաթողիկոս չունենք:

Չխորանալով ոճրագործություն կատարած մարդակերպ արարածին ՀՀ իրավապահներին հանձնել-չհանձնելու խաղերի մեջ, մենք գտնում ենք, որ ոճրագործը  միանշանակ պետք է հանձնվի հայկական կողմին և պատիժը կրի ՀՀ-ում:

Միևնույն ժամանակ չենք կարող չբարձրաձայնել, որ մեր իշխանությունները, իրենք  իրենց զրկած լինելով ազգային և մարդկային տարրական արժանապատվությունից, ցանկանում են մեզ էլ իրենց նման դարձնելով՝ վերածել մարդկային արժանիքներից զուրկ հոտի:

Դրա վառ ապացույցը նրանց վարած ապազգային, հակահայկական և հակամարդկային ներքին և արտաքին քաղաքականությունն է, ինչը հերթական անգամ դրսևորվեց օրերս Գյումրիում և Երևանի ազատության հրապարակում իրենց ազգային և մարդկային արժանապատվության համար ոտքի ելած ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված հակաօրինական և անմարդկային գործողություններով:

Նրանք առանց միջոցների մեջ խտրություն դնելու ամեն ինչ անում են օտարին ծառայելու ու նրան հաճոյանալու համար և, հանուն դրա, պատրաստ են ցանկացած բնույթի բռնություն գործադրելու մեր ժողովրդի ու քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամների, կանանց, երեխաների, մտավորականների ու ազատամարտիկների նկատմամբ:

Հայաստանն ուղղորդված կերպով տանում են գաղութացման և ստրկացման:

Սա այլևս չի կարելի հանդուրժել:

Share Button