Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը 2015 թ. հունվարի 15-ին Ազատության հրապարակի ինքնաբուխ հավաքի մասնակիցները զենք և զինամթերք չեն կրել

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը
2015 թ. հունվարի 15-ին Ազատության հրապարակի ինքնաբուխ հավաքի
մասնակիցները զենք և զինամթերք չեն կրել

2015 թ. հունվարի 15-ի երեկոյան Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ
Ազատության հրապարակում սկսված ինքնաբուխ հավաքը խափանելու նպատակով
ոստիկանությունը, կոպտորեն ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների
ազատության մասին օրենքը, զանգվածաբար բերման է ենթարկել նրա
մասնակիցներին:
Կատարվող բացահայտ ապօրինությունը որևէ կերպ կոծկելու նպատակով
ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կեղծ և անհեթեթ հիմնավորում,
ըստ որի իբրև թե կասկածներ են եղել, որ հավաքի մասնակիցները կրում են
զենք և զինամթերք:

Բնականաբար, նման տեղեկություն լսողը կարող է այնպիսի տպավորություն
ստանալ, որ խոսքը մարտական զենքի մասին է:

Իրականում հավաքի մասնակիցներից երկուսը՝ Կարո Եղնուկյանը և Գագիկ
Սարուխանյանը, օրենքով սահմանված կարգով ոստիկանության թույլտվությամբ
կրել են գազային ատրճանակներ, որոնք մարտական զենք չեն համարվում և ունեն
զուտ ինքնապաշտպական գործառույթ:

Ընդ որում՝ նրանց բերման ենթարկելիս ոստիկանները, հաստատապես իմանալով,
որ նրանք այդպիսի զենք ունեն, որևէ կերպ չեն փորձել նրանց մոտ եղած
գազային ատրճանակները նախապես առգրավել: Նրանք Գագիկ Սարուխանյանի մասով
այդ հանգամանքին անդրադարձել են պատահաբար՝ նրան բերման ենթարկելուց
քաշքշելու ժամանակ, իսկ Կարո Եղնուկյանի մասով՝ միայն ոստիկանության
բաժնում, երբ նա անձամբ մի քանի անգամ կրկնել է, որ իր մոտ գազային
ատրճանակ կա, իսկ այնուհետև իր կամքով այն հանձնել է ոստիկաններին:
Ինքնաբուխ հավաքի մյուս մասնակիցները որևէ զենք կամ զինամթերք չեն կրել:

16 հունվար 2015, Երևան

Share Button