Գորիկ Գուրգենիչի գրասենյակը

Վերջերս ընթերցողին ներկայացրինք, թե ինչ միջոցների տեր է հայրենի ոստիկանությունը, ինչ մաս ունի պետական բյուջեից եւ ինչպիսի եկամուտներ՝ արտաբյուջետային աղբյուրներից: Թերթելով ՀՀ պետական բյուջեի պլանային ցուցանիշները, պարզեցինք, որ ոստիկանության 2015 թ. բյուջեն 2011-թվի համեմատ աճել է 50,81%-ով, իսկ վերջին երեք տարիների ընթացքում տարեկան միջին աճը նախորդ տարվա համեմատ մոտ 14% է: Բյուջետային հատկացումից բացի ոստիկանությունը արտաբյուջետային հիմնադրամ ունի, ուր կուտակվում եւ ծախսվում են իր մատուցած վճարովի ծառայություններից ստացված եկամուտները եւ ճանապարհային տուգանքների գումարի 75%-ը: 2013թ. ոստիկանության արտաբյուջետային միջոցները 20 մլրդ դրամի կարգի էին:
Իսկ այս տարվանը պարզ կդառնա հաջորդ տարվա սկզբին եւ կլինի ոչ պակաս, քան 20 մլրդ: Ստորեւ ներկայացնում եմ տեղեկություններ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության՝ ՀՀ պետական բյուջեից արվող պլանային հատկացումների մասին, ինչ չափեր ունեն դրանք, եւ՝ ինչպիսի դինամիկա անցած 4-5 տարիների կտրվածքով:
1

Ամենահատկանշականը, որ աչք է զարնում ԱԱԾ փողերի մասով, այն է, որ բյուջետային հատկացումները վերջին երեք տարում աճում են բավականին աշխույժ տեմպով: 2015-ի բյուջեում, 2014-ի համեմատ, աճի ամենաբարձր ծավալը ունի «Բնապահպանություն» բաժինը՝ 24,93%, ապա՝ «Հանգիստ, մշակույթ եւ կրոն» բաժինը՝ 24,93%, որին անմիջապես հետեւում է ազգային անվտանգության ծառայությունը` 23,14%: Եթե 2014-ին ԱԱԾ-ին պլանավորված էր հատկացնել 16,27 մլրդ դրամ, ապա 2015-ի համար պլանավորված է մոտ քառորդ չափով ավել՝ 20,04 մլրդ դրամ: 2011 թվականի համեմատ ԱԱԾ ֆինանսավորումը աճել է 57,23%-ով: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանի բոլոր համայնքների (Երեւանը ներառյալ) հավաքական ֆինանսավորումը՝ պետական եւ տեղական աղբյուրներից, երկրի ընդհանուր բյուջեում 4 տարում աճել է հազիվ մեկ տոկոսով:

թ

Երկրորդ կարեւոր դիտարկումն այն է, որ ԱԱԾ ֆինանսավորման շարունակական աճի տեմպի ֆոնին հետզհետե ավելի դանդաղ տեմպով է աճում Հայաստանի ընդհանուր բյուջեն: 2013-ին ՀՀ բյուջեն, նախորդ տարվա համեմատ, պլանավորված էր, որ պիտի աճեր 10,27%-ով, 2014-ի բյուջեն՝ նախորդի համեմատ՝ 8,12%-ով, իսկ 2015-ինը 2014-ի համեմատ՝ ընդամենը 4,31%-ով, իսկ դրա փոխարեն՝ ԱԱԾ ֆինանսավորման համանման ցուցանիշը այսպիսի շարժ է արձանագրում. 2013-ին՝ 2012-ի համեմատ՝ աճ՝ 4,64%, 2014-ին՝ 2013-ի համեմատ՝ 15,79%, իսկ մյուս տարվանը այս տարվա համեմատ՝ արդեն 23,14%: Այսպիսով ստացվում է, որ որքան դանդաղ է աճում Հայաստանի պետական բյուջեն, այնքան ավելի թափով է աճում դրանում ԱԱԾ հատկացման չափը: Նույն պատկերն է նաեւ ոստիկանությանը արվող հատկացումների մասով: Տնտեսության թուլացման, արտագաղթի շարունակվող տեմպի, գործազրկության եւ աղքատության աճի ֆոնին ԱԱԾ եւ ոստիկանության ֆինանսավորման այս աճը կարելի է շեշտակի եւ անհասկանալի համարել: Դրանք հիմնականում փակ հիմնարկներ են, եւ ուղղակի անհնար է իմանալ, թե այդ ինչ շատ կարեւոր գործերի համար է աճում դրանց ֆինանսավորումը, այն էլ այդ տեմպով, ինչ են առնում այդ փողերով, քանի աշխատող ունեն, քանի ավտոմեքենա եւ այլն: Այդուհանդերձ ակնհայտ է, որ պետական իշխանությունը Բաղրամյան-26-ի գլխավորությամբ տարեցտարի հետեւողականորեն ամրացնում է հիմնարկները, երեւի զգուշանալով իրենց սահմանած «սահմանադրական կարգի» գլխին կուտակվող ամպերից: Բացառված չէ, որ ուղղակի պարանոյայի հետ գործ ունենք:

3

Բացի այդ, երբ առկա է պետական բյուջեի աճի տեմպին լրջորեն գերազանցող տեմպ՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը եւ էլի մի գանի գերատեսչությունների ֆինանսավորման մեջ, ակնհայտորեն այլ ոլորտների եւ գերատեսչությունների հատկացումները պիտի կրճատվեն: 2015-ի բյուջեի պլանային ծախսերը, նոր տարվա պլանայինների հետ համեմատելիս, տեսնում ենք հետեւյալը. ամենաշատը նվազելու է Էներգետիկայի եւ բնական պաշարների մասով՝ 52,86%, ապա՝ տրանսպորտի եւ կապի՝ 37,27%, հետո՝ քաղաքաշինության մասով՝ 16,14%, 1,67% էլ կրճատվելու է ջրային տնտեսության ֆինանսավորումը:

4

Հատկանշական է, որ համեմատաբար քիչ է աճելու առողջապահության (3,44%), կրթության (4,33%), սոցիալական պաշտպանության (6,48%) եւ գյուղատնտեսության (6,48%) ֆինանսավորումը: Հիշեցնեմ, որ պետական բյուջեի պլանային աճը լինելու է ընդամենը 4,31%: Ոստիկանությանը՝ 14, ԱԱԾ-ին՝ 23% ավել փող, իսկ առողջապահությանն ու կրթությանը՝ մոտ 4-ական տոկոս:

Լեւոն Բարսեղյան

Աղբյուր՝ http://www.asparez.am/news-hy/gorik_gurgenichi_grasenyak-hy/

Share Button