Հաջորդ քայլը ինտերնետ տիրույթից օգտվելու սահմանափակումը կլինի

Ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և սպասվելիք հետևանքների վերաբերյալ:

«Չի թույլատրվում նաև տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են»,-ԵՏՄ տարածք մուտք-ելք չթույլատրվող ապրանքների ցանկում հայտարարվել է երեկվա կառավարության նիստում: Հիմա պատկերացրեք, որ մաքսավորը պիտի ստուգի մեր համակարգիչների, ֆլեշների և այլ կրիչների պարունակությունը սահմանն անցնելիս: Ինչպես նաև ճամպրուկում գտնվող գիրքը-գրքերը: Տեղեկատվության մեր իրավունքի ծավալը, որակը, բնույթը և ձևը որոշելու է մաքսավորը: Հաջորդ քայլն ինտերնետ տիրույթից օգտվելու սահմանափակումը կլինի: Թե ինչ գիտական գրականությունից կարող ենք օգտվել՝ նույնպես կորոշի ՄՄ մաքսավորը: Առհասարակ ինչ և ինչպես պիտի մտածենք՝ կորոշի ՄՄ մաքսավորը: Այս ոլորտում հաջորդ քայլն, անշուշտ, գրաքննությունն է, իմ սերնդին լավ հայտնի Գլավլիտը՝ Սուսլովը, Ժդանովը… ԽՍՀՄ քառասնական թթ., օրինակ, նրանք էին որոշում, թե ինչ ֆիլմ կարող է նայել ԽՍՀՄ քաղաքացին, ինչ գիրք կարող է կարդալ կամ թարգմանվել ԽՍՀՄ լեզունելով… Ադրբեջանի ԿԿ առաջին քարտուղար Բաղիրովի պահանջով, օրինակ, որոշեցին, որ Ղարաբաղին վերաբերող Մարիետա Շահինյանի գիրքն «ազգայնական է» և հանեցին շրջանառությունից: Նույն հետևողականությամբ վերանայեցին ՀՀ ԳԱ պատմության և լեզվի հարցերին վերաբերող գիտական թեմաները՝ հանելով «բուրժուա-ազգայնական» որակվածները: Իսկ դրանք վերաբերում էին նաև միջնադարի թեմաներին: Այդպիսին է որակվել, օրինակ, Ա.Հովհաննիսյանի՝ Հովսեփ Էմինի մասին աշխատությունը: Երեսնականներին էլ դատապարտել էին մի գրողի, ով գիրք էր գրել Վարդան Մամիկոնյանի մասին, որով «իր ազգին ու իր ազգային լեզուն» դասել էր «մյուսներից բարձր»: Վարդան Մամիկոնյանի մասին գրելու սոսկական փաստով: Իսկ Վահան Թոթովենցին դատապարտեցին ազգայնականության և ռասիզմի համար, որովհետև իր հայրենի Խարբերդի մասին գրել էր կարոտով (իմպերիալիստ է, հավակնում է թուրքական տերիտորիային), և ակնարկել էր, որ իր սիրելի ծնողները (ովքեր, սոսկալի բան, ունևոր էին) զոհ են գնացել թուրքական կոտորածներին (ռասիսիտ է, չի հասկացել, որ հայ-թուրքական «անհամաձայնությունները» բացառապես դասակարգային էին և իր ունևոր հոր-հարազատների սպանությունները հարստահարվող թուրք ունեզուրկ զանգվածի դասակարգային պայքարի հետևանք էին)…: Առաջին դատապարտողներն էլ նույն Ցեղասպանության զոհերն էին՝ Հրաչյա Քոչարը, Նաիրի Զարյանը… Անցյալից և ներկայիս վախեցած մարդիկ, ում գերխնդիրը ինքնապաշտպանությունն էր: Իսկ Ցեղասպանության մասին չէ թե գրելը, նույնիսկ տանը խոսելը պատժվում էր աքսորով: Խեղջ Չարենցը երեկ կրկին դատապարտվեց իր «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» կոչի համար: Ինչպե՜ս կարելի է այդպիսի բան գրել, երբ հայ ժողովրդի փրկությունը ԵՏՄ հավաքական ուժի մեջ է: Հիմա, երբ ես և իմ կոլեգաները բավական բան ենք գրել Հայաստանում աղքատության և աղքատների մասին, պիտի դատապարտման պատրաստվենք, քանի որ ճիշտ չենք հասկացել «կապիտալի նախնական կուտակման» տրամաբանությունը, որն անհրաժեշտ է «դեմոկրատական հասարակարգի կառուցման համար», և այդ մեծագույն գործի իրականացման ընթացքում «ծույլերին ու անկարողներին» կարեկցելով՝ նպաստել ենք հասարակարգի նկատմամբ թշնամական տրամադրություններին և այդպիսով խանգարել հասարակարգի կառուցման ճարտարապետությանը… Է՜՜՜հ, հարկավոր է առհասարակ դադարեցնել գրելը… և լծվել ԵՏՄ կայացման սուրբ գործին…

Նյութի աղբյուրը՝ Հրանուշ Խառատյանի ֆեսբուքյան էջ:

Դիտեք ավելին՝
100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Հիմնադիր խորհրդարան / Founding Parliament

Armenian Preparliament

Share Button