«2008 թ. մարտի 1-ին ժողովուրդը հաղթել է, սակայն հաղթանակը հանձնվեց հակառակորդին… այս անգամ ռեժիմը կստանա իր պատասխանը». Ժ. Սեֆիլյան

Հայաստանյան քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-իլրագրողի հարցերին պատասխանել է Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Պարոն Սեֆիլյան, նախ կցանկանայինք, որպեսզի համառոտ անդրադառնաք Հայաստանում վերջին շրջանում գրանցվող բռնության, հարձակման դեպքերին: Այդամենը սկսվեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցների անդամների մեքենաների հրկիզումով եւ ապա շարունակվեց քաղաքական գործիչների,քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնության դեպքերով: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

-Հայաստանը կյանքի բոլոր ոլորտներում մոտենում է աղետի շեմին: Մինչդեռ մեր պետական կառավարման համակարգը վերածվել է գաղութային վարչակազմի և ծառայում է օտարին: Այդ համակարգի կորիզը կազմող ռեժիմը, ինչպես նաև նրա վերահսկողության տակ գտնվող գրեթե ամբողջ քաղաքական դաշտի ղեկավար կազմը բաղկացած է նյութապաշտ ու ստրկամիտ մարդկանցից: Նրանց միայն իրենց անձնական ու կլանային շահերն են հետաքրքրում: Բացի դա, այդ մարդկանց մեծ մասը նաև գիտելիքների և ունակությունների առումով չի կարող պետություն կառավարել:

Ներկայումս ռեժիմը և նրա դիրիժորական փայտիկին ենթարկվող կեղծ ընդդիմությունն ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան պետության և ազգի համար պատասխանատվության ամբողջ բեռը հանձնել իրենց օտար տիրոջը, իսկ իրենք շարունակեն Հայաստանը թալանել արդեն օտարին ենթակա մարզի կարգավիճակում:

Այդ ամենի դիմաց նրանց օտար տերը պահանջում է հանձնել ոչ միայն մեր ինքնիշխանությունը, այլև Արցախն ու մեր բանակի կառավարումը: Բնականաբար, դավաճանների այս փունջը համաձայնել է նաև այս տարբերակին: Սակայն նրանց օտար տերը շատ ծանր վիճակում է հայտնվել և անշեղորեն ընթանում է դեպի մեկուսացում, տնտեսական փլուզում և վերջնական աշխարհաքաղաքական պարտություն:

Հասկանալի է, որ նման պարագայում ինչպես օտար գաղութարարը, այնպես էլ նրա շահերը սպասարկող ռեժիմն ու մյուս կամակատարները շտապում են քայլեր ձեռնարկել իրավիճակից դուրս գալու համար: Սակայն փլուզումը և ծավալով, և տեմպերով էականորեն գերազանցում է ռեժիմի և նրա օտար տերերի՝ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ հնարավորություններին:

Մյուս կողմից, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գործունեության, առաջին հերթին՝ իրազեկման ավտոերթերի շնորհիվ ռեժիմի ավանդական միջոցները կորցրեցին արդյունավետությունը: Ռեժիմի մյուս զենքերը՝ պաշտոնական քարոզչություն, կեղծ ընդդիմության միջոցով բեմադրած քաղաքական թատրոն, մեր շարժման նյութական հնարավորությունների խիստ սահմանափակում, այլևս կորցրեցին իրենց ազդեցությունը: Ավելին, տեղի ունեցավ մի շատ ուշագրավ երևույթ՝ պետական կառավարման համակարգի ներսում շեշտակիորեն աճեց մեր համակիրների թիվը, ինչի հետևանքով համակարգը սկսել է ներսից ցնցվել:

Իր համար կործանարար այս գործընթացը կասեցնելու անհրաժեշտությունը ռեժիմին և նրա օտար տիրոջը դրել է ցայտնոտային վիճակում: Ռեժիմը հոգեվարքի մեջ է, ուստի դիմում է վերջին միջոցին՝  բռնությանը: Չի բացառվում, որ նա իր տիրոջից նաև նախկինի համեմատությամբ շատ ավելի ազատ գործելու հրահանգ և աջակցություն է ստացել:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը գիտակցում է իր ստանձնած համազգային պատասխանատվությունը, ընդունում է հակառակորդի մարտահրավերը և պատրաստ է հաղթահարել այն: Մեր ժողովուրդն արդեն բավարար չափով իրազեկված է շարժման ծրագրերի մասին և պատրաստ է 2015 թ . ապրիլի 24-ին, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ նաև ավելի շուտ ոտքի կանգնելու և ի կատար ածելու այդ ծրագիրը:

Հայտարարությամբ հանդես եկավ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Նա, կարելի է ասել, սպառնաց հասարակականքաղաքական գործիչներին, ժողովրդին:

-ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը հանցավոր կազմակերպության վերածված ռեժիմի կարևոր դեմքերից մեկն է: Գաղտնիք չէ, որ ռեժիմը լեգիտիմ չէ, բռնությամբ իշխանություն է յուրացրել և շարունակում է ապօրինաբար կառավարել Հայաստանը: Ուստի այդ անձի և ռեժիմի մյուս բոլոր ներկայացուցիչների ամենօրյա գործունեությունը տևական և չընդհատվող հանցագործությունների շարք է:

Ինչպես արդեն ասացի, ժողովուրդը հիմա էլ պատրաստ է, սակայն շարժման համար թանկ է մեր ամեն քաղաքացու և հայրենակցի կյանք ու առողջությունը, ինչպես նաև մեր երկրի կայունությունը, ուստի մենք պետք է լավ պատրաստվենք, նոր միայն ժողովրդին հանենք փողոց: Առայժմ ամեն ինչ ընթանում է մեր նախատեսածի համաձայն: Իսկ եթե ֆորսմաժորային վիճակ առաջանա, մենք պատրաստ ենք նաև դրան:

 -«Նախախորհրդարան»-ի քարտուղարության կողմից տարածված հերթականհաղորդագրությամբ շեշտվում է, որ Դուք պատրաստ եք առաջնորդելու շարժումը: Ի՞նչծրագրեր ունեք:

-Մենք այն ուժն ենք, որ ի սկզբանե առաջ քաշեցինք առաջնորդներից հրաժարվելու և առաջնորդող խմբով հանդես գալու քաղաքական մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունը: Մենք այժմ էլ որպես կառույց այդ ձևաչափով ենք աշխատում: Սակայն մեր իրականությունը մեզ ստիպեց հրապարակային գործունեության ասպարեզում ժամանակավորապես վերանայել այս սկզբունքը: Մենք տեսանք, որ քաղաքական նոր մշակույթի ձևավորման համար շատ ավելի մեծ ժամանակ է պետք, քան մենք ունենք ռեժիմին հեռացնելու համար, ուստի որոշեցինք այս փուլում ներկայանալ մեկ դեմքով: Որոշվեց, որ այդ պարտականությունը ես պետք է ստանձնեմ, ինչի մասին հայտարարեցի 2014 թ․ մայիս 16-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած մեր հանրահավաքի ժամանակ:

Անշուշտ, ունենք ծրագիր։ Մենք ունենք առաջիկա տասնամյակների համար Հայաստանի տեսլականը, որն արդեն հրապարակել ենք ռազմավարական հայեցակարգի տեսքով, ինչպես նաև մշակել ենք ռեժիմի հեռացումից հետո սահմանվող անցումային փուլի ծրագիր։

Անցումային փուլի ծրագիրը մասնավորապես նախատեսում է ժողովրդի իշխանությունը և պետության ինքնիշխանությունը հաստատելու, երկիրը քաղաքական, տնտեսական ու այլ առումներով մաքրելու և այն նոր որակով զարգացնելու նախադրյալներ ձևավորելու քայլեր։

Այդ քայլերից առաջնայիններն են լինելու գործակալական և տնտեսական լյուստրացիաները (գաղտնազերծումները), ռեժիմի՝ հանցագործություններ կատարած ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկումը, կուսակցությունների վերագրանցումը, ապօրինաբար ձեռք բերված հարստության պետականացումը, բանկերի վաշխառուական գործառույթների վերացումը, ինչպես նաև օտարին հանձնված ռազմավարական օբյեկտների ազգայնացումը և մեր ազգային շահերին հակասող միջազգային պայմանագրերի վերանայումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև չեղյալ հայտարարումը։

Անցումային փուլը տևելու է կարճ ժամանակ, որի ընթացքում երկիրը կառավարելու են Հիմնադիր խորհրդարանն ու նրա ստեղծած ժամանակավոր կառավարությունը։ Անցումային փուլի ավարտին անցկացվելու են արտահերթ ընտրություններ, և երկիրն ամբողջությամբ վերադառնալու է բնականոն ժողովրդավարական կյանքի հուն։

Այս պահին ի՞նչ փուլում են ռեժիմի հեռացմանն ուղղված «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման քայլերը:

-Մենք շարունակում ենք մեր ժողովրդին իրազեկել ավտոերթերի միջոցով, ինչպես նաև այլ ձևերով։ Զուգահեռաբար ավարտին ենք հասցնում Հիմնադիր խորհրդարանի ձևավորումը: Հունվարի 10-ին կձևավորվի Հիմնադիր խորհրդարանը, իսկ հունվարի վերջին ավտոերթով գնալու ենք Արցախ: Բնականաբար, այս ամենի հետ մեկտեղ կատարվում է մեծածավալ կազմակերպչական աշխատանք:

Ի՞նչ երաշխիքներ կան, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման այս նախաձեռնությունը հաջող ընթացք կունենա, եթե հաշվի առնենք, թե ինչ մեթոդներ են սովորաբար կիրառում իշխանությունները, երբ երկրում ժողովրդական ընդվզման ալիքէ բարձրանում:

-Մենք պետք է պատրաստ լինենք և ըստ էության պատրաստ ենք բոլոր տարբերակներին: Եթե ռեժիմը բռնություն կիրառի ժողովրդի նկատմամբ, պետք է ստանա պատասխան և համարժեք բռնություն: Դա ժողովրդի սրբազան իրավունքն է: 2008 թ․ մարտի 1-ին ժողովուրդը դիմադրել և հաղթել է, սակայն ընդդիմադիր ղեկավարությունը լքել է նրան և ժողովրդի հաղթանակը հանձնել է հակառակորդին:

Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք հայաստանյան սոցիալտնտեսական համակարգում էլ ավելի ահագնացած խնդիրները վերջնական կհամախմբեն ու փողոց դուրս կբերեն ժողովրդին:

-Այո, կհաջողվի: Մենք համոզված ենք: Այդ է ապացուցում նաև մեր ամենօրյա շփումը ժողովրդի հետ: Հատկապես ավտոերթերի ժամանակ միանգամայն ակնհայտ է դառնում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և ի դեմս մեր շարժման նա տեսնում է այն ուժին, որին հավատում և վստահում է:

Աղբյուրը.  www.galatv.am

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button